Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից։
Այս խնդրին 2024 թ. հունվարին հրապարակված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում իրականացված մշտադիտարկման զեկույցում անդրադարձել էին նաև «Աջակցություն Հայաստանին ՀԸԳՀ-ի իրականացման, մշտադիտարկման և հաղորդակցման» ծրագրի փորձագետները:
Որպես հանրային գնումների համակարգի հիմնական թերություններ՝ վերջիններս մատնանշել էին «վերահսկողական ոչ այնքան արդյունավետ մեխանիզմները, շահերի բախման իրավիճակներից խուսափելու թույլ կարողությունները, հակակոռուպցիոն թույլ մեխանիզմները, բաց աղբյուրների (open source) և բաց կոդերի (open code) թույլ կիրառումը»: Փորձագետները ոլորտային վեց առաջարկներից առաջինը նշել էին մեկ անձից կատարվող գնումների ծավալների նվազեցումը։
Պետական մարմինների կողմից մեկ անձից գնումների ցուցանիշը կրճատվել է
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պետական մարմինների կողմից մեկ անձից գնումների վերջին տարիների զարգացումներն ու արձանագրել, որ 2016-2024 թվականների համեմատականով մրցութային պայմանագրերի ընդհանուր ծավալում մեկ անձից գնումների տոկոսային բաղադրիչն էականորեն նվազել է միայն վերջին՝ 2024 թվականի ընթացքում (16.2%):
Հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը 2018 թ․-ից հետո աճել է
Ինչ վերաբերում է հրատապ մեկ անձից գնումներին, ապա հարկ է նշել, որ մրցութային պայմանագրերի ընդհանուր ծավալում ամենացածր ցուցանիշները գրանցվել են մինչ 2019 թվականը. 2017 թ․-ին պետական մարմինների կողմից իրականացված գնումների բաղադրիչում այն կազմել է 1.6, 2018 թ․-ին՝ 0.6 %:
2019 թ․-ին այս ցուցանիշը շեշտակի աճել է՝ դառնալով 6.9%: Պատերազմական ու կորոնավիրուսի ակտիվ շրջանում՝ 2020 թ․-ին, հրատապ մեկ անձից գնումների տոկոսը նվազել է մինչև 4.07%: 2021 թ․-ին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 7.8%: 2022 թ․-ից սկսած ցուցանիշն սկսել է աստիճանաբար իջնել՝ 2022 թ․-ին գրանցելով 5.8, 2023 թ․-ին՝ 3.5 %:
2024 թ․-ի տարեկան տվյալներով այն կազմել 3.1 %, որը թեև ցածր է վերջին 5 տարիների ցուցանիշից, սակայն 2-5 անգամ ավելի է 2017-2018 թթ.-ին գրանցված տվյալներից:
Որքա՞ն գումար է ծախսվել մրցակցային, մեկ անձից և հրատապ մեկ անձից գնումների համար
2016-2024 թթ. պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գումարը շարունակական աճ է գրանցել: 2016 թ.-ի համեմատ 2023 թ․-ին այդ գումարը գրեթե քառապատկվել է՝ 81․6 մլրդ դրամից հասնելով 307․4 մլրդ դրամի: 2024 թ․-ին պետական գնումների համար նախատեսված գումարի չափը կրճատվել է (257․3 մլրդ):
2017 թ․-ից սկսած աճել է նաև մեկ անձից գնումների համար ծախսված գումարի չափը՝ 2023 թ․-ին հասնելով իր առավելագույն կետին՝ 135․1 մլրդ դրամ: 2024 թ.-ին այս գումարի չափը կտրուկ կրճատվել է՝ տարեկան տվյալներով կազմելով 41․7 մլրդ դրամ:
Հրատապ մեկ անձից գնումների մասով տարբեր տարիներին գումարային ծախսի տատանումներ են գրանցվել. ամենամեծ ծախսն այս տողով արձանագրվել է 2021 թ․-ին՝ 18․9 մլրդ դրամ:
Ո՞ր պետական մարմիններն են հրատապ մեկ անձից գնումների առաջատար
Թեև 2019-2024 թթ. պետական մարմինների կողմից կազմակերպված ընթացակարգերի արդյունքում հրատապ մեկ անձից գնումներով կնքված պայմանագրերի տոկոսային բաղադրիչն ընդհանուր ծավալում նվազել է, սակայն որոշ պետական մարմինների մասով արձանագրվել է ցուցանիշի տրուկ բարձրացում:
Մասնավորապես, վերջին 6 տարիների ընթացքում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը կտրուկ ավելացել է հատկապես 2024 թ․-ին (22.4%): 2023 թ․-ին այն կազմել էր 13.4 , 2022-2021 թթ.-ին՝ 0, 2019-ին՝ 3.06, 2020-ին՝ 9.1%:
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի պարագայում հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը 2024 թ․-ին կազմել է 11.4 %՝ 2023 թ․-ի և 2019 թ․-ի՝ 0, 2022 թ․-ի` 1.3%-ի դիմաց: Հարկ է նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020 թ․-ին՝ կազմելով 55.2%:
2024 թ.-ին մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված հրատապ մեկ անձից գնումների ամենաբարձր բաղադրիչը գրանցվել է Լոռու մարզում՝ 49.5%: Նշենք, որ վերջին 6 տարիների համեմատականում մարզի առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2023 թ․-ին՝ 54.09%: Նախորդող 4 տարիներին այդ ցուցանիշը տատանվել է 0-16 %-ի սահմաններում:
Ի դեպ, մարզպետարանների ցանկում հրատապ մեկ անձից գնումների նախորդ տարվա ցուցանիշով երկրորդ տեղում Տավուշի մարզպետի աշխատակազմն է․ 2024 թ.-ին ընդհանուր գնումների բաղադրիչում այն կազմել է 19.03%: Թեև այն ցածր է 2023 թ․-ին գրանցված ցուցանիշից (36.2%), սակայն շեշտակիորեն բարձր է 2019-2022 թթ.-ին արձանագրված տվյալներից (0-6%):
Երրորդ հորիզոնականում Արագածոտնի մարզն է՝ 14% ցուցանիշով: 2023 թ․-ին այն եղել է 44.4, 2019-2022 թթ.-ին՝ 0-5%-ի սահմաններում:
Ինչ վերաբերում է մյուս մարզպետարաններին, ապա 2024 թ․-ին հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը տատանվել է 0-3%-ի սահմաններում:
Որոշ պետական կառույցների մասով վերջին տարիներին հրատապ մեկ անձից գնումների տոկոսային բաղադրիչն էականորեն կրճատվել է: ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից կատարված հրատապ մեկ անձից գնումները, օրինակ, 2019 թ․-ին կազմել են ընդհանուր գնումների 19.9%-ը, 2020 թ․-ին՝ 39.5%-ը, 2024 թ․-ին՝ 1.3%-ը: Զգալիորեն նվազել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի հրատապ մեկ անձից գնումների տոկոսը՝ ընդհանուր գնումների բաղադրիչում 2024 թ․-ին կազմելով 0.2% (2023` 4.9, 2022` 12.8, 2021` 14.4, 2020` 1.3, 2019` 15.7%):
Պետական մարմինների քանի՞ տոկոսն է օգտվել հրատապ մեկ անձից գնման հնարավորությունից
2019-2024 թվականներին պետական մարմինների կողմից կազմակերպված ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի ամփոփ տվյալներով հրատապ մեկ անձից գնումներ է կատարել պետական մարմինների 35-53%-ը: Ընդ որում, 2019 և 2021 թվականներին այդ հնարավորությունից օգտվող պետական մարմինների տոկոսն ընդհանուրի ցանկում եղել է ավելի փոքր, քան վերջին 3 տարիների ընթացքում:
Տարեթիվ | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | 2024 |
%
|
35.1 | 49.2 | 34 | 43.6 | 52.7 | 44.1 |
Հրատապ մեկ անձից գնում կատարած պետական մարմինների %-ը՝ ընդհանուրի ցանկում
Այսպիսով, 2017-2024 թվականներին պետական մարմինների կողմից իրականացվող հրատապ մեկ անձից գնումների տոկոսային բաղադրիչն աճել է՝ մինչհեղափոխական 2017 թվականի համեմատ: Վերջին վեց տարիների համեմատականով ավելացել է նաև հրատապ մեկ անձից գնման հնարավորությունից օգտվող պետական մարմինների թիվը: Սա այն դեպքում, երբ դեռևս 2022 թ.-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեկ անձից գնումների մասին, նշել էր․ «Շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել… Ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»։
Հ.Գ. «Փաստերի ստուգման հարթակն» ավելի ուշ կանդրադառանա նաև հրատապ մեկ անձից գնման ցուցանիշի կտրուկ աճ գրանցած պետական կառույցներին՝ պարզելու համար այդ տենդենցի պատճառներն ու հնարավոր ռիսկերը:
Գայանե Մարկոսյան