«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը փետրվարի 11-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթ ունենալիս հայտարարել է, որ ըստ եվրոպական մամուլի՝ հնարավոր է ապագայում առաջարկվեն Արցախում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակության տարբերակներ:
Մասնավորապես, անդրադառնալով հունվարի 29-ին և 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, պատգամավորը նշել է, որ բանակցությունների այս փուլն առաջացրեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:
«Խոսքը գնում է մի դրույթի մասին, որը հաճախակի արդեն հնչեցվում է: Ես բնավ չեմ պնդում, որ այդ դրույթի շուրջ ընթանում են բանակցություններ, քանզի ես չունեմ տեղեկություն: Եվրոպական մամուլից եմ հիմնականում տեղեկացել, որ քննարկվել են…։ Հնարավոր է, որ հետագայում առաջարկվեն որոշակի դրույթներ, որոնք վերաբերում են համատեղ բնակվելու մասին որոշակի մի պրոյեկտի: Խոսքը գնում է, որ, օրինակ, Արցախում ստեղծվեն գոտիներ, որտեղ համատեղ կբնակվեն հայեր և ադրբեջանցիներ: Ես կտրուկ դեմ եմ այդ մեթոդաբանությանը»,- ասել է Աբովյանը։
Աբովյանի ելույթը տարածել են Politik.am, Factor.am, 1in.am, auroranews.am և մի շարք այլ լրատվականներ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե եվրոպական ինչ վերլուծաբանների կամ մամուլի մասին է խոսքը:
Կապ հաստատեցինք Արման Աբովյանի հետ, որը հայտնեց, որ ելույթում վրիպակ է թույլ տվել և իրականում նկատի է ունեցել տեղական մամուլը:
Նշենք, որ այս «տեղեկությունը» տարածել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հունվարի 30-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
168.am-ի հետ զրույցում Շահնազարյանը պնդել էր, թե բանակցային սեղանին քննարկվում է «Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը»:
Այս հայտարարությունը հերքել էր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նման տեղեկություններ փետրվարի 6-ին տարածել էր նաև Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա հայտնել էր, որ Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը:
ԱԳՆ-ն հերքել էր նաև Բալասանյանին՝ նշելով,. որ տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություն է:
Հավանաբար, հենց այս երկու հայտարարություններն է նկատել ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ դրանք ներկայացնելով որպես եվրոպական մամուլում հրապարակված տեղեկատվություն։
Լուսինե Ոսկանյան