«Իրավունք» թերթը մարտի 11-ի համարում ««Ryanair»-ից քաշվածները» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, թե ավիաընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Հայաստանից Իտալիա ուղղությամբ չեղարկված թռիչքների տոմսերի գումարները:
Հիշեցնենք, որ Իտալիայում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աննախադեպ աճի պատճառով համաճարակի կանխարգելման միջոցառումներ են իրականացվում։ Իտալիայի կառավարության որոշմամբ երկրի ողջ տարածքում օդային և ցամաքային տեղաշարժերը սահմանափակված են:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը ներկայացնելուց հետո նյութի հեղինակը գրում է. «Բայց, արի ու տես, որ Ryanair ընկերությունը, որը 35 եվրոյով մատչելի տոմսեր է վաճառել Հայաստանից Հռոմ և Միլան մեկնողներին, չի վերադարձնում նրանց գումարը: Վերջիններս պատճառաբանում են, որ իրենց մեղքով չէ նման իրավիճակ ստեղծվել»:
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Ryanair-ը մարտի 10-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով Իտալիայի կառավարության որոշումը՝ երկրի ամբողջ տարածքում կարանտին հայտարարելու վերաբերյալ, որոշում է կայացրել չեղարկել մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը դեպի Իտալիա միջազգային բոլոր չվերթները։ Ավելի վաղ ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը դադարեցվում են Իտալիայում բոլոր ներքին չվերթները։
«Իրավիճակը փոխվում է ամեն օր, և բոլոր ուղևորներին, որոնց թռիչքների վրա ազդել են տեղաշարժի արգելքները և չեղարկումները, ուղարկվում են էլեկտրոնային նամակներ, որոնցում առաջարկվում է փոխել թռիչքների օրը, ամբողջական փոխհատուցումներ կամ ճանապարհորդական միավորներ ստանալ»,- գրված է ընկերություն հաղորդագրությունում:
Այսպիսով, Ryanair-ը չի հրաժարվում փոխհատուցել այն ուղևորներին, որոնց թռիչքները դեպի Իտալիա չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով:
Լուսինե Ոսկանյան