Վերջին տարիներին կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում աշխուժություն մտցնելու, գյուղմթերքի ծավալները մեծացնելու և որակը բարելավելու նպատակով։
Սակայն վիճակագրությունը փաստում է, որ ի հեճուկս այս միջոցառումների՝ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը չի աճում։ Դրա հիմնական պատճառներից են, ի թիվս այլ խնդիրների, արոտավայրերի կրճատումն ու անասնակերի գնաճը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 8․8%-ով, խոզերի գլխաքանակը՝ 17%-ով, ոչխարներինը՝ 0․2%-ով։ Աճել է միայն ընտանի թռչունների քանակը՝ 14․8%-ով։
Խոշոր եղջերավոր կենդանիներ
Այս կենդանատեսակների գլխաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 54 հազարով՝ կազմելով մոտ 560 հազար գլուխ։ Նախորդ 5 տարիների ընթացքում Հայաստանից արտահանվել է 74,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ միայն վերջին տարում՝ ավելի քան 34 հազար գլուխ։
Ի տարբերություն արտահանման՝ վերջին 5 տարիներին Հայաստան է ներմուծվել ընդամենը մոտ 10,000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Հանրագումարում, խոշոր եղջերավորների թվաքանակը երկրում վերջին 5 տարիների կտրվածքով նվազել է մոտ 30 հազարով։
Խոզեր
Խոզերի գլխաքանակը ևս նվազել է վերջին տարիներին։ Եթե 2019 թվականին Հայաստանում կար ավելի քան 223 հազար խոզ, ապա 2020-ին՝ 200 հազար, իսկ նախորդ տարի արդեն՝ 166 հազար։
Համեմատության համար նշենք, որ 2017-2019 թվականներին էլ գրեթե նույնքանով աճել էր խոզերի գլխաքանակը՝ 167 հազարից դառնալով 223 հազար։
Ի տարբերություն այլ կենդանատեսակների՝ Հայաստանը կենդանի խոզ չի արտահանում։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2021 թվականն այս առումով աննախադեպ էր։ Նախորդ տարի Հայաստան է բերվել 2323 գլուխ խոզ, ինչը 700-ով կամ ավելի քան 1․5 անգամ ավելի է, քան դրան նախորդած 4 տարիներին՝ միասին վերցված։
Ոչխարներ, այծեր
Թեև միայն վերջին տարում Հայաստանում ոչխարների ու այծերի թվաքանակը նվազել է 4000-ով, սակայն վերջին 5 տարիների կտրվածքով աճը կազմել է ավելի քան 50 հազար գլուխ։ Կտրուկ աճել է նաև ոչխարների ու այծերի արտահանման ծավալը։ Միայն վերջին 2 տարիներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 220 հազար գլուխ ոչխար և այծ։
Հակառակ դրա՝ նվազել է այս կենդանատեսակի ներմուծումը Հայաստան։ Վերջին 5 տարիներին Հայաստան է բերվել մոտ 50,000 գլուխ ոչխար և այծ, արտահանվել՝ մոտ 285,000։
Ընտանի թռչուններ
Ինչպես ոչխարների ու այծերի, այնպես էլ ընտանի թռչունների դեպքում վերջին տարիներին արձանագրվել է թվաքանակի աճ։ Եթե 2017 թվականին Հայաստանում կար մոտ 4․4 մլն ընտանի թռչուն, ապա նախորդ տարի դրանց թիվը ավելի քան 4․8 մլն էր։
Ինչ վերաբերում է դրանց արտահանմանն ու ներմուծմանը, ապա դիտարկված ժամանակահատվածում (2017-2021 թթ․) Հայաստանից ընտանի թռչուն արտահանվել է միայն 2018 թվականին, այն էլ չնչին քանակությամբ՝ մոտ 19 հազար։ Փոխարենը ներմուծումը չափվում է միլիոններով։ 2017-2019 թվականներին Հայաստան է բերվել միջինում 7․2 մլն ընտանի թռչուն, իսկ վերջին երկու տարիներին փոքր-ինչ նվազել է՝ միջինում 6․2 մլն հատ։
Այսպիսով փաստենք, որ վերջին տարիներին Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի նվազման միտում է արձանագրվում, և եթե դրան գումարենք Արցախյան պատերազմի հետևանքով կորսված կամ անհասանելի դարձած արոտավայրերի պակասը և միջազգային շուկայում կենդանիների կերերի գնաճը, ապա առաջիկայում Հայաստանում կենդանիների գլխաքանակը, մեծ հավանականությամբ, կշարունակի նվազել։
Սևադա Ղազարյան