«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է համացանցի վրացական տիրույթում տարածված պնդումը, թե Եվրոպայում, բացի Լեհաստանից և Բուլղարիայից, ռուսական գազը գնում են ռուբլիով: Նշենք, որ «Գազպրոմը» դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլիով վճարել: Ռուսաստանը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը եվրոպական այլ երկրներին, եթե նրանք չվճարեն ռուբլիով: Factcheck.ge-ի լրագրողները նշում են, որ Ռուսաստանը դեռ չի դադարեցրել գազի մատակարարումները դեպի Գերմանիա և եվրոպական այլ երկրներ, բայց դա չի նշանակում, որ նրանք վճարում են ռուբլիով։ «Սովորաբար պետությունները կանխավճար են վճարում բնական գազի ներկրման համար… «Գազպրոմը» անհատական պայմանագրեր ունի բոլոր երկրների հետ, և մինչ այժմ Լեհաստանն ու Բուլղարիան ստիպված էին վճարել. նրանք հրաժարվեցին վճարել ռուբլիով, և, հետևաբար, «Գազպրոմը» դադարեցրեց մատակարարումները: Իսկ այլ երկրներից վճարումներ են սպասվում մայիսի երկրորդ կեսին»,— պարզել են վրաստանցի փաստեր ստուգողները:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է «Մուսավաթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հաղորդավար Քամրան Հասանլիի պնդումը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհակալություն չի հայտնել և միայն Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հիշատակել: Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահը Twitter-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Բայդենին ցուցաբերած աջակցության համար։ Փետրվարի 26-ին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Թվիթերում գրելով, որ Ֆրանսիան Ուկրաինայի իսկական ընկերն է։ Fakt Yoxla-ն եզրակացրել է, որ ադրբեջանցի հաղորդավարի պնդումը սխալ է:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում տարածված տեսանյութը, որում իբր Ֆինլանդիան տանկեր է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ, ինչպես ասվում է սոցիալական ցանցերում: Իրականում տանկերը տեղաշարժվում էին դեպի երկրի արևմուտք, որտեղ նախատեսված էին զորավարժություններ:
OsintTv:
❗🇫🇮 Per report #Finland has begun moving military equipments presumably towards Russian border, following the pending decision to join #NATO.Visual from social media pic.twitter.com/wK47lAsp6G
— OsintTv📺 (@OsintTv) May 4, 2022
Ամերիկյան Snopes-ը ստուգել է 2022 թվականի մայիսի սկզբին համացանցի որոշ օգտատերերի տարածած ցնցող տեղեկությունները, թե մեծ երկնաքարը կարող է հարվածել Երկիր մոլորակին առաջիկա օրերին՝ առաջացնելով անհայտ «վտանգ»: Փաստեր ստուգողները, հիմնվելով NASA-ի տվյալների վրա, պարզել են, որ 2022 թվականի մայիսին որևէ վտանգ չկա, որ Երկիր մոլորակին կարող է երկնաքար բախվել:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը