«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Ղազախստանյան factcheck.kz կայքը ստուգել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ 1938-ին Միացյալ Նահանգները Ադոլֆ Հիտլերին ճանաչել է «տարվա մարդ» (ժողովրդավարության տարածման համար), իսկ մեկ տարի անց Հիտլերը, իբր, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Մինչդեռ կայքը պարզել է, որ ԱՄՆ-ն Հիտլերին չի ճանաչել «ժողովրդավարության տարածման տարվա մարդ», քանի որ ԱՄՆ կառավարությունը նման մրցանակ չունի։ Հիտլերը եղել է 1938 թվականին TIME ամսագրի «Տարվա մարդ», բայց ոչ ժողովրդավարություն տարածելու համար։ Ամսագրի խմբագիրները բազմիցս հայտարարել են, որ «Տարվա մարդ» անվանակարգը պատվի կամ հավանության նշան չէ։ Այն ցույց է տալիս միայն այն անձը, իրադարձությունը, մարդկանց խումբը, գաղափարը կամ առարկան, որն ամենաշատն է ազդել աշխարհի իրավիճակի վրա՝ լավ կամ վատ:
Վրաստանյան Factcheck.ge-ն ուսումնասիրել է «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերության հաղորդավարուհի Տատյա Գաբրիչիձեի պնդումը, թե որևէ դիվանագետ և դիտորդ երբեք չի հայտարարել, որ 2003-2012 թվականների ընթացքում Վրաստանում տեղ ունեցած ընտրությունների ընթացքում կոպիտ խախտումներ են եղել: Սակայն վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ դա ապատեղեկատվություն է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները վկայում են, որ միջազգային դիտորդները ինչպես 2008 թվականի նախագահական, այնպես էլ նույն տարվա խորհրդարանական ընտրությունները քննադատել են բազմաթիվ դրվագներով։ Մասնավորապես, զեկույցներում խոսվում է այնպիսի խախտումների և թերությունների մասին, ինչպիսիք են ընտրողներին ահաբեկելը և ճնշելը, քվեատուփերի լցոնումները, ԿԸՀ-ի կողմնակալությունը և այլն։ Բացի այդ, երկու զեկույցներում էլ նշվել է, որ դատարանները մեծ մասամբ պատշաճ կերպով չեն քննել բողոքներն ու դիմումները:
Ռուսական Проверено-ն ստուգել է համացանցում և տարբեր գրքերում հաճախ հանդիպող պնդումը, թե ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ինքն օգտագործել է իր պաշտոնական դիրքը կոմունիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ռուսաստանցի փաստեր ստուգողները նկատել են, որ Գորբաչովի այդ հայտարարությունը մեջբերում են միայն ռուսալեզու աղբյուրները: Որևէ վստահելի աղբյուր ԽՍՀՄ վերջին ղեկավարի այդ խոսքը չի մեջբերում: Ավելին՝ իր հարցազրույցներում Գորբաչովն ասել է, որ, այնուամենայնիվ, հավատացել և ծառայել է կոմունիզմին։ Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան անձնական հանդիպումների հիշողությունների հիման վրա պնդում էր, որ Գորբաչովը հավատում էր կոմունիզմին և ցանկանում էր փրկել այն։ Հատկանշական է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Գորբաչովը հերքել էր, որ հայտարարել է կոմունիզմը ոչնչացնելու մտադրության մասին, և հավելել, որ այդ ապատեղեկատվությունը մամուլում տարածել են ռուսական ձախ ուժերի ներկայացուցիչները:
Աշխարհ
Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերում տարածված՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկարը, որտեղ նա պատկերված է ճաղատ և ծերացած դիմագծերով: Նկարը տարածած օգտատերերը նշում էին, որ այն ցույց է տալիս, որ առանց կեղծամի և շպարի Դոնալդ Թրամփը հասարակ ծեր տղամարդ է: Սակայն ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ լուսանկարը կեղծ է, իսկ դրա աղբյուրը Liberal Darkness կայքն է, որը հայտնի է քաղաքական թեմաներով կեղծ տեղեկություններ տարածելով:
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում շրջանառվող հրապարակումները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր անձ, որը ապաստան է խնդրում Մեծ Բրիտանիայում, ստանում է 175 ֆունտ ստեռլինգ՝ որպես աջակցություն: Սակայն փախստականներով զբաղվող բրիտանական կազմակերպությունը փաստեր ստուգողներին հայտնել է, որ տեղեկությունը սխալ է:
Մեծ Բրիտանիայում ապաստան հայցող անձը կարող է դիմել աջակցության համար, եթե անօթևան է կամ գումար չունի սնունդ գնելու համար: Ապաստան հայցողներին տրամադրում են շաբաթական առավելագույնը 40․85 ֆունտ, ոչ թե 175 ֆունտ:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը