Օգոստոսի 10-ին փակվեց Թբիլիսյան խճուղի-Հր․ Աճառյան փողոցները միացնող կամուրջը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կամրջի փակվելը պայմանավորված էր դրա վերանորոգման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգմամբ։ Այս աշխատանքները, ըստ քաղաքապետարանի, պետք է տևեին մեկ ամիս։
Քանի որ քաղաքապետարանի հայտարարած ժամկետը լրացել է, իսկ կամուրջը դեռևս շարունակում է փակ մնալ, «Փաստերի ստուգման հարթակը» այցելեց շինհրապարակ՝ հասկանալու, թե ինչու մինչ օրս կամուրջը չի վերաբացվել և երբ են վերանորոգման աշխատանքները վերջնականապես ավարտվելու։
Մեր՝ այնտեղ գտնվելու պահին աշխատում էին երկու բանվորներ, ընթացքում ավելացան ևս մի քանիսը։ Տեղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայողների խոսքով՝ հաճախ լինում են դեպքեր, երբ տարածքում որևէ աշխատող հնարավոր չի գտնել։ Աշխատողները պնդում են հակառակը։
Ամեն դեպքում, մեր այցի ընթացքում ամրակապվում էր դեֆորմացիոն կարերից մեկը՝ բետոնե աշխատանքներ իրականացնելու համար։
Կամրջի վերանորոգումն իրականացնում է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ Ընկերության փոխտնօրեն Գոռ Հակոբյանը «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացնելու ընթացքում բախվել են լուրջ խնդիրների։ Մասնավորապես, կամրջի նախագծի և իրականության միջև կա լուրջ տարբերություն, ինչպիսին է, օրինակ, դեֆորմացիոն կարերի միջև եղած հեռավորությունը։
Ըստ տնօրենի, անհրաժեշտություն է առաջանում նոր լուծումներ գտնել խնդիրը վերացնելու համար, ինչն էլ լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ է պահանջում։
Բացի դրանից, կամուրջը ճանապարհին միացնող բետոնե պանելները ոչ միայն սխալ են միացվել կամրջին, այլ նաև տարիների ընթացքում «նստել են»։ Առաջացած փոսը հարթելու համար ժամանակին պարզապես ասֆալտի նոր շերտ է փռվել։
Հատկանշական է նաև, որ կամուրջը վերանորոգող կազմակերպության փոխտնօրենի խոսքով, փոխարինվող բետոնե պանելը որևէ կերպ չի խանգարելու, որ կամրջի վերանորոգումն ավարտվի մոտ 1 շաբաթից, չնայած երթևեկության մեկ գոտին կարող է ևս մի քանի օր փակ մնալ և չօգտագործվել՝ բետոնի չորանալու համար։
Ամեն դեպքում, օգոստոսի 10-ից փակված կամուրջը մինչ օրս չի վերաբացվել, իսկ քաղաքապետարանի կողմից ազդարարված վերջնաժամկետը խախտվել է։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետարանը քաղաքի որևէ հատվածում իրականացվող շինարարական աշխատանքների համար հայտարարում է վերջնաժամկետ, սակայն այդ ժամկետներից շաբաթներ անց է ավարտում վերանորոգումը, ինչպես դա եղավ, օրինակ, «Լամբադայի կամրջի» վերանորոգման դեպքում, երբ քաղաքապետարանը հայտարարեց 4 ամսում աշխատանքներն ավարտվելու մասին, սակայն ավարտեց մոտ 5 ամսում։
Սևադա Ղազարյան