Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, ըստ որի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքն իրեն անվանում է «գիժ» և «կատարյալ աննորմալ»։ Վեց վայրկյանանոց տեսանյութը ֆեյսբուք է ներբեռնվել սեպտեմբերի 17-ին՝ ArmZone անունով էջի կողմից։ Այս ժամանակահատվածում այն հավաքել է 9 հազարից ավելի դիտում և տարածվել մի քանի կայքերի կողմից, ինչպիսիք են primenews.am-ը, info.xohanoc.am-ը, armusa.ru-ն և hayq.info-ն։
Տեսնյութը, սակայն, կեղծ է, և հավանաբար, ստեղծվել է FaceApp հեռախոսային հավելվածի կամ նմանատիպ այլ ծրագրի օգնությամբ։ Սա են ապացուցում մի քանի փաստ։
Նախ, տեսանյութում երևացող կերպարը ամբողջ ընթացքում չի թարթում, և նրա աչքերը չեն շարժվում։ Նրա ակնոցները նաև չունեն պոչեր. ակնոցի շրջանակները, ասես, օդում են մնացել։ Սա, նկատենք, վերջին շրջանում Արսեն Թորոսյանին վարկաբեկելու հերթական փորձերից է։ «Փաստերի ստուգման հարթակը» մի քանի անգամ անդրադարձել է առողջապահության նախարարին թիրախավորող հրապարակումներին՝ «Իրավունք» թերթի, «Արմենիա» հեռուստաընկերության, հարյուրավոր ֆեյքերի և Slaq.am կայքի կողմից։
Հարկ է արձանագրել, որ Արսեն Թորոսյանի դեմ ընդգծված մեդիաարշավը սկսվեց այն բանից հետո, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս տարվա հուլիսին տեղի ունեցան կոռուպցիոն բացահայտումներ և պաշտոնից հեռացվեց ԲԿ տնօրեն Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայրը:
Հովհաննես Նազարեթյան