Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ արված հայտարարությունում ասել է, թե Բելառուսում բլոգերին ձերբակալել են Ինտերպոլի որոշմամբ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանը դիմել է ոչ թե մեզ, այլ Ինտերպոլին: Մենք, համաձայն Ինտերպոլի որոշման, նրան ձերբակալել ենք և ըստ բոլոր օրենքների և կարգով պետք է հանձնենք նրան Ադրբեջանին», — մասնավորապես, ասել է Լուկաշենկոն փետրվարի 3-ին ԶԼՄ և հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Սակայն, ինչպես ցույց են տալիս որոնումները Ինտերպոլի պաշտոնական կայքում, Լապշինի մասին հիշատակումներ միջազգային այս գերատեսչությունը չունի, չկան որևէ տեղեկություններ, որոնք կվկայեն, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել կամ փորձել է ձերբակալել Ալեքսանդր Լապշինին:
Այս տեղեկությունը հաստատեց նաև Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով ևս հաստատեց, որ Ինտերպոլով Լապշինը չի հետախուզվել:
Ուստի ստացվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի և հասարակայնության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ապատեղեկացրել է ոչ միայն տեղում գտնվողներին, այլև հայտնի բլոգերի գործով հետաքրքրված բոլոր կողմերին: