Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն օրենսդիր մարմնի ամբիոնից հանդես է եկել ելույթով՝ կասկած հայտնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անհրաժեշտություն մասին։ Ըստ ԱԺ պատգամավորի՝ պետական կառույցներում արդեն կան մարմիններ, որոնք ունեն հանձնաժողովին օրենքով տրված լիազորությունները և պարտականությունները, ու պետք է կանխարգելեն և՛ կոռուպցիան, և՛ բացահայտեն եղածը։
FIP.am-ի թիմը ժամանակին մանրամասնորեն անդրադարձել էր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումներին, և ապատեղեկատվություն և մանիպուլյատիվ է համարում օրենսդրական փոփոխության անհրաժեշտության մասին ԱԺ պատգամավորի բարձրաձայնած խոսքերը, քանի որ վերջինիս ներկայացրած պետական կառույցները, այդ թվում՝ ոստիկանությունը, չունեն այն գործիքակազմը, որն օրենքով նախատեսված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար։
Հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը, հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը, օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը: Հատկապես վերջինը շատ կարևոր է հանրության շրջանում հակակոռուպցիոն կրթության և գիտելիքների տարածման առումով։
Օրենքով հանձնաժողովին տրվող լիազորությունները որևէ պետական կառույցի տրված չեն։ Օրինակ, հանձնաժողովը մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ, առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ, կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ և այլ նյութեր: