Սևանա լճում հուլիս ամսին տեղի ունեցած ջրիմուռների ծաղկումը հերթական առիթը դարձավ լճի էկոլոգիական համակարգի հարցերը բարձրացնելու համար։ Ի թիվս այլ թեմաների, ուշադրության կենտրոնում է նաև Սևանում կողակ ձկնատեսակի վերարտադրության հարցը։
Սևանա լճի հերթական ծաղկումից հետո հուլիսի 17-ին Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանին հարց ուղղվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում Սևանում կողակ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ծրագիրը։
Դեռևս 2018 թ. սեպտեմբերին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ կողակը համարվում է Սևանի էնդեմիկ ձկնատեսակներից մեկը և նախատեսվում է այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության աշխատանքներ սկսել։
Հայտարարությունից գրեթե մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, Էդգար Փիրումյանը հայտարարեց, որ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է. «Ծրագրի կարևորությունը բարձր է, ինչու՞, որովհետև կողակը հանդիսանում է բնական սանիտար։ ․․․․Նախարարությունն ուսումնասիրություններ է անում, թե ինչ կարելի է անել, որ ծրագիրը կյանքի կոչվի»։
Fip.am-ը որոշեց պարզել, թե ինչու մինչ օրս չի իրականացվել դեռևս նախորդ տարի հայտարարված ծրագիրը և ինչ խոչընդոտներ կան։
Ի՞նչ փուլում է գտնվում ծրագիրը
Ի պատասխան Fip.am-ի հարցմանը, Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ միայն այս տարվա հուլիսի 7-ին նախարարի անունից գրություն է ուղարկվել Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, որով ներկայացվել է Սևանի կողակի պոպուլյացիան վերականգնելու նպատակով արհեստական վերարտադրություն վերսկսելու արդիականության վերաբերյալ առաջարկը։
Նախարարության՝ ԳԱԱ ուղարկված գրությանը կից տեղեկանքով, մասնավորապես, առաջարկվում է 2019 թվականին իրականացնել հետազոտություններ Սևանա լճում և լիճ թափվող գետերում՝ կողակի քանակի, սեռահասունության և այլ ցուցանիշները պարզելու համար։ Իսկ սեռահասուն առանձնյակների առկայության դեպքում իրականացնել ձկնկիթի կթում, բեղմնավորում, ինկուբացում, թրթուրի և մանրաձկան աճեցում ու բացթողում Սևանա լիճ: Որսված սեռահասուն առանձնյակները կպահպանվեն ձկնաբուծական լճավազաններում՝ որպես մայրական կազմ։
Ծրագրում, սակայն, չի նշվում, թե այս հետազոտության ընթացքում երբ տեղի կունենա կողակների առանձնյակների որսը։ Միայն նշվում է, որ այն ձվադրում է մայիսի վերջից մինչև հուլիսի կեսը, իսկ սեռահասուն առանձնյակների որսը մինչ այս կատարվել է մայիսի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։
Ինչո՞ւ ոչ այս տարի
Եթե ծրագրի մասին խոսվում էր նախորդ տարվա սեպտեմբերին, ապա ինչո՞ւ է առաջարկը ներկայացվում միայն այս տարվա հուլիսին։ Այս հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Արամ Վարդանյանը հայտնեց, որ մինչև ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին հետազոտություն անելու առաջարկ ներկայացնելը նախարարությունում ուսումնասիրության փուլ է տեղի ունեցել։
Նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը էլ Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի հետ կապված տարբեր խնդիրներ կան՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ կողակների քանակի հետ կապված․ «Չի բացառվում, որ ավելի ուշ սկսվի…. եթե այս տարվա մեջ ծրագիրը հստակեցվի, անհրաժեշտություն կլինի նախապատրաստվել 2020 թվականի աշխատանքներին։ Ծրագրի հաջողությունը ավելի բարձր կլինի, եթե աշխատանքները սկսվեն այս տարվանից։ Օրինակ՝ շինարարական աշխատանքները, գետերի հուների ուղղումը․․․»։ Նա հավելեց, որ աշխատանքների արդյունքներն էքսպերիմենտալ են, քանի որ շատ երկար ժամանակ նախարարությունը տեղեկություն չուներ լճում այս ձկնատեսակի վիճակի մասին։
Ի՞նչ սպասենք այս ծրագրից
Թեմայի առնչությամբ խոսեցինք նաև ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կողակի վերարտադրման համար առնվազն 4-6 տարի է պահանջվում։ «Կան հասուն առանձնյակներ, եթե կարող ենք բնության մեջ որսալ առանձնյակներին և ստանալ ձկնկիթ, անմիջապես կարող ենք մանրաձուկ ստանալ։ Բայց եթե մեզ չհաջողվի որսալ ոչ մի սեռահասուն առանձնյակի, ապա 4-6 տարի է պահանջվում, որպեսզի մանրաձկից սեռահասուն ձուկ ստացվի»,- ասաց Էվելինա Ղուկասյանը։ Մեր այն հարցին, թե այս ծրագիրը Սևանա լճի մաքրման համատեքստում ի՞նչ դեր կարող է ունենալ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ Սևանի մաքրման հետ սա շատ հեռավոր կապ ունի. «Կողակը էնդեմիկ տեսակ է և այդ ծրագիրը պետք է էնդեմիկ տեսակի վերարտադրության ծրագիր դիտարկել, ոչ թե Սևանի մաքրման արագ լուծում»,- նշեց Ղուկասյանը։
Լուծել հին խնդիրները
Էկոլոգիական հարցերով անկախ փորձագետ Սեյրան Մինասյանն էլ Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը լավն է և հեռանկարային, սակայն շեշտեց, որ նախ և առաջ անհրաժեշտ է կանգնեցնել որսագողությունը, այլապես կողակների վերարտադրման ծրագիրն արդյունք չի տա։
Կողակների վերականգնման ծրագիրը նոր չէ
Հատկանշական է, որ դեռևս 2000-ականների սկզբին Բնապահպանության նախարարությունը իրականացնում էր կողակների վերարտադրման նմանատիպ ծրագիր։ Կողակի թրթուրների վերջին բացթողումը Սևանա լիճ կատարվել է 2006 թվականին Լիճքի ձկնաբուծական գործարանից։ Գործարանի տնօրեն Կարեն Սողոմոնյանը FIP.am-ի հետ զրույցում ասաց, որ գործարանը դադարեցրել է մանրաձուկ բաց թողնելը, քանի որ այլևս հնարավոր չէր կողակներ որսալ։ Բացի այդ, պետական ֆինանսավորումը ևս դադարեցվել է։ Սողոմոնյանը նշեց, որ տեղյակ է կողակների վերարտադրման նոր ծրագրից, սակայն խոսակցությունների մակարդակով։ Նշենք, որ ի սկզբանե Լիճքի գործարանը կառուցվել էր հատուկ կողակի վերարտադրության համար։
Ներկայում Լիճք գյուղի ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է արդի չափորոշիչներին համապատասխան և փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարան։ Ծրագրի իրագործումը սկսվել է 2018 թվականի սեպտեմբերից։ Կատարողը «Ալկաֆիշ» ՍՊԸ-ն է։ Ընկերության տնօրեն Արթուր Սողոմոնյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանը գրեթե պատրաստ է, սպասում են սարքավորումների տեղ հասնելուն։ Նա նշեց, որ այս գործարանը Լիճքի գործարանին կից է գործելու, որի հիմնական ուղղությունը՝ իշխան ու սաղմոն ձկնատեսակների մանրաձկների բուծումն է լինելու։
Այսպիսով, ստացվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը թեև քայլեր իրականացնում է կողակ ձկնատեսակի վերարտադրման և բազմացման ուղղությամբ, սակայն վերոնշյալ ծրագիրը իրագործման տեսանկյունից ավելի երկար ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու։
Կարինե Կիրակոսյան