ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի շահագործման թեմայով օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսեց ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի մոտակայքում 20-րդ դարի սկզբից շահագործվող պղնձի հանքի մասին՝ համեմատական անցկացնելով Ամուլսարի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց․ «Ես այսօր մի տվյալ կարդացի, ճիշտն ասած, ինձ շատ զարմացրեց։ Սոլթ Լեյք Սիթի քաղաքը, որտեղ եղել է 2002 թվականին ձմեռային օլիմպիադան․․․ և շատ հետաքրքիր մեկ բան կա, այստեղ շահագործվում է Բինգհեմ Քենյոն (Bingham Canyon) պղնձի հանքավայրը՝ լճից 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքին մոտ է, «կպած է» մոտավորապես այնքան, ինչքան Ամուլսարը՝ Ջերմուկին»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած համեմատության իսկությունը և հաշվել Բինգհեմ Քենյոն հանքավայրի, լճի և բնակավայրի միջև հեռավորությունը։
Ըստ այդմ, պարզեցինք, որ իրականում Բինգհեմ Քենյոն հանքավայրը գտնվում է Սոլթ Լեյք Սիթի քաղաքից մոտ 53 կմ հեռավորության վրա, մինչդեռ Ամուլսարը Ջերմուկից հեռու է գրեթե երեք անգամ պակաս՝ 18.4 կմ։ Սա այն դեպքում, եթե մենք հեռավորությունը հաշվում ենք՝ նկատի ունենալով մեքենայի համար նախատեսված ճանապարհը։
Փոխարենը, հանքավայրի և լճի հեռավորությունն ուղիղ գծով հաշվելիս ստացվում է 18 կմ, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է նշում՝ չհստակեցնելով բնակավայրի և հանքավայրի միջև առկա հեռավորության մասին։
Հեռավորություններն ուղիղ գծով չափելու դեպքում Բինգհեմ Քենյոն հանքավայրը Սոլթ Լեյք Սիթի քաղաքից հեռու է մոտ 33 կիլոմետր, իսկ Ամուլսարը Ջերմուկից՝ ուղիղ երեք անգամ պակաս՝ 11 կմ։
Փաստացի ստացվում է, որ եթե հեռավորությունները նշվում են ուղիղ գծով, ապա Սոլթ Լեյք Սիթի քաղաքի և Բինգհեմ Քենյոնի միջև առկա է 33 կմ, եթե նկատի ենք ունենում ավտոճանապարհային գծով, ապա հեռավորությունը շուրջ 53 կմ է։ Ամուլսարի հանքավայրի և Ջերմուկի բնակավայրի հեռավորությունն ուղիղ գծով 11 կմ է՝ երեք անգամ պակաս։ Եթե նկատի ենք ունենում ավտոճանապարհային գծով Ամուլսարի և Ջերմուկի հեռավորությունը, ապա միայն այդ դեպքում է այն 18.4 կմ։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշում է հանքավայրի հեռավորությունը լճից, որը իսկապես 18 կմ է, և այս կերպ հանրության շրջանում սխալ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենը տեղին է համեմատել։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ ամերիկյան հանքավայրը Սոլթ Լեյք Սիթի քաղաքին մոտ է, «կպած է» մոտավորապես այնքան, ինչքան Ամուլսարը՝ Ջերմուկին, չի համապատասխանում իրականությանը։
Ֆեյսբուքյան նույն ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Սոլթ Լեյք Սիթին ԱՄՆ-ի ամենախոշոր զբոսաշրջային կենտրոններից է և դահուկային սպորտի կենտրոն է, ինչպես Ջերմուկը։ Նա մատնանշեց այն փաստը, որ քաղաքի կողքին, որտեղ օլիմպիական խաղեր են անցկացվել, կա հանքավայր ու պոչամբար, սակայն չանդրադարձավ հանքի շահագործման պատճառով ի հայտ եկած բացասական հետևանքներին և դրա արդյունքում սկսված «Միացյալ Նահանգներն ընդդեմ Kennecott ընկերության» դատական գործին։
Մինչդեռ, հատկանշական է, որ 2008 թվականին Միացյալ Նահանգների ձկների և վայրի բնության ծառայությունը (The United States Fish and Wildlife Service), որն ԱՄՆ դաշնային կառավարության գործակալություն է, դատի էր տվել հանքը շահագործող KENNECOTT UTAH COPPER CORPORATION-ին` վտանգավոր նյութերի, ներառյալ սելենի, պղնձի, մկնդեղի, ցինկի, կապարի և կադմիումի արտանետման համար։
Հայցադիմումի մեջ, մասնավորապես, նշված է․ «Այս վտանգավոր նյութերի արտանետումները հանգեցրել են բնական ռեսուրսների, ներառյալ՝ չվող թռչունների և նրանց օժանդակ էկոհամակարգի վնասների։ Աղտոտված ստորերկրյա ջրերը դուրս են եկել արտեզյան աղբյուրների միջոցով դեպի տարածքներ, որոնք ծառայում են որպես ձկների և վայրի բնության բնակավայրեր»։
Բացի այդ, 1980-ին հետաքննությունը բացահայտել էր, որ հանքարդյունաբերության պատճառով ստորջրյա աղբյուրներ էին արտանետվել վտանգավոր նյութեր, և Յուտա նահանգը 1986 թվականի հոկտեմբերին Kennecott-ի դեմ հայց էր ներկայացրել՝ բնական ռեսուրսների, մասնավորապես՝ ստորերկրյա ջրերի կորստի և ոչնչացման համար։ 1990-ին էլ հայտնաբերվել է, որ հանքավայրի մոտակայքում կառուցված տներն աղտոտված են կապարի և մկնդեղի բարձր չափաբաժիններով: 100 տարվա ընթացքում կուտակված ազդեցությունների մաքրմանն ուղղված գործողությունները սկսվել են 1990-ական թվականներին և շարունակվում են առ այսօր, իսկ հանքավայրի արտանետած սելենի պատճառով 1990-ականների սկզբին ոչնչացել էր ձկների թվաքանակի մոտ 30%-ը։
Ստորև բերված նկարում ներկայացված է արբանյակային երկու պատկերների համեմատություն, որը ցույց է տալիս 1985-ից 2016 թվականների ընթացքում Բինգհեմ Քենյոնում հանքի շահագործման հետևանքով առաջացած փոփոխությունները։
Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն անտեղի համեմատական է տանում՝ Ամուլսարի հանքավայրի և Ջերմուկ քաղաքի հեռավորությունը ներկայացնելով այնքան, որքան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի և Բինգհեմ Քենյոն հանքավայրի միջև է, այլև իր ուղիղ եթերի ընթացքում նշում է միայն ամերիկյան «զբոսաշրջային քաղաքի» մոտակայքում հանքավայրի առկայության մասին, մինչդեռ չի ներկայացնում դրա շահագործման հետևանքով առաջացած խնդրահարույց հարցերը, ինչը կարող է թյուրըմբռնում ստեղծել հանրության շրջանում։
Աստղիկ Քեշիշյան