«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական օրաթերթը հունվարի 9-ի համարում վերլուծական հոդված է հրապարակել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին, միաժամանակ ճանաչելով ԼՂՀ-ն» գլխագրով։
Հոդվածում նշվում է. «Նախորդ տարեվերջին ԵԽ [Եվրախորհրդարանի] պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար»։
Հոդվածը մասնակիորեն վերատպվել է armenpress.am, 168.am, zham.am և այլ կայքերում։ «Արմենպրեսի» կայքում, սակայն, հոդվածը հասանելի չէ։ Այն, հավանաբար, հեռացվել է կայքից։
Իրականում, սակայն, հոդվածում նշված պնդումը, որ ԵԽ-ն կոչ է արել ճանաչելու ԼՂՀ անկախությունը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ կոչ Եվրախորհրդարանի կողմից չի եղել նախորդ տարվա ընթացքում։
Հատկանշական է, որ կեղծ լուրը հրապարակող «Հայաստանի Հանրապետություն» թերթը պետական գործակալություն է։ Այն հրատարակվում է «Արմենպրես» ՓԲԸ-ի կողմից, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ կառավարությունը։
Հոդվածի հեղինակը՝ Արմենուհի Մելքոնյանը, իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել սխալի համար՝ նշելով, «որ մի պահ ընկել է ծուղակը՝ չտարբերելով լրատվության աղբյուրի իրական ու կեղծ լինելը»:
Հովհաննես Նազարեթյան