Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թվով նոյեմբերի 30-ին առաջ անցավ Հայաստանից։ Մինչ այդ՝ նոյեմբերի 26-ին, երկիրն արդեն սահմանափակումների նոր փուլի էր անցել։ Ադրբեջանում ևս օրական գրանցվող դեպքերի թիվը վերջին շաբաթներին ամենաբարձրն է՝ վարակի բռնկումից ի վեր։
Դեկտեմբերի մեկին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 843, Վրաստանում՝ 3759, Ադրբեջանում՝ 4426 դեպք։
«Փաստերի ստուգման հարթակը» համառոտ ներկայացնում է տարածաշրջանի երեք երկրների կորոնավիրուսային վիճակագրության ընդհանրություններն ու տարբերությունները։
Իրավիճակը
Հարավային Կովկասի երեք երկրներում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շատ չի տարբերվում՝ շուրջ 130 հազար վարակակիր։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է շուրջ 2200 մարդ, Վրաստանում՝ 1300, Ադրբեջանում՝ շուրջ 1400 մարդ։ Նշենք, որ Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 3 միլիոն է, Վրաստանինը՝ 4 միլիոն, իսկ Ադրբեջանինը՝ շուրջ 10 միլիոն։
Այսպես, մեկ միլիոն բնակչի հաշվով վարակակիրների թիվը Վրաստանում շուրջ 35 հազար է, Հայաստանում՝ շուրջ 46 հազար, իսկ Ադրբեջանում այս ցուցանիշն ամենացածրն է՝ շուրջ 12 հազար։ Մահացության ցուցանիշը ևս ամենաբարձրն է Հայաստանում՝ թե՛ մեկ միլիոն բնակչի հաշվով, թե՛ բացարձակ թվով։ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր մեկ միլիոն բնակչի հաշվով մահացել է, համապատասխանաբար, 739, 327 և 189 մարդ։
Վարակի երկրորդ ալիքը, ինչպես ամբողջ աշխարհում, Հարավային Կովկասում ևս բռնկվեց աշնան կեսերին։ Եվ եթե առաջին ալիքի դեպքում հարևան երկրներում վարակակիրների թիվը զգալի քիչ էր Հայաստանում գրանցված դեպքերի թվից, ապա հոկտեմբերից սկսած երեք երկրներում վարակի դինամիկան գրեթե նույնն է։
Համառոտ հայաստանյան իրավիճակի մասին և հետաքրքիր վիճակագրություն հարևան երկրներից
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց 2020 թ․ մարտի 1-ին։ Երկրում ամեն օր գրանցվող դեպքերի թիվը զգալի ավելացավ մայիսին՝ հատելով օրական 300-400 դեպքի սահմանը։ Հուլիսից մինչև սեպտեմբերի կեսերը վարակի տարածման տեմպերը նվազեցին՝ հասնելով օրական մինչև 200 դեպքի։ Հոկտեմբերի սկզբից արդեն Հայաստանում ամեն օր գրանցվող դեպքերը հասան մինչև 2700-ի։
Հայաստանի կորոնավիրուսային իրավիճակին և մահացության ցուցանիշներին «Փաստերի ստուգման հարթակը» վերջերս էր անդրադարձել։
Ի տարբերություն Հայաստանի՝ կորոնավիրուսային վիճակագրության «կայուն» զարգացմանը, հարևան Վրաստանում և Ադրբեջանում զարգացումներն ավելի կտրուկ են ընթանում։ Այսպես, Վրաստանը, որը վարակի տարածման առաջին ամիսներին աշխարհի ամենաապահով երկրներից էր համարվում, իսկ ամռանը տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ընդունում, վերջին շրջանում ամեն օր գրանցվող դեպքերի թվով աշխարհում առաջատարներից է։ Մինչև սեպտեմբերի 10-ը երկրում գրանցվում էր կորոնավիրուսի ընդամենը մի քանի տասնյակ դեպք։ Հոկտեմբերի կեսերին այդ թիվը տատանվում էր 100-500-ի սահմաններում, իսկ նոյեմբերին արդեն օրական գրանցվում էր վարակի 2000-ից մինչև 4000 հազար դեպք։ Այսպես, մոտ մեկ ամսում, հիվանդության սրման հետևանքով, վարակակիրների բացարձակ թվով Վրաստանը առաջ անցավ Հայաստանից։
Ադրբեջանի դեպքում՝ մինչև հունիսը, երկրի պաշտոնական աղբյուրները հայտնում էին օրական 100-250 դեպքի մասին։ Այստեղ հիվանդությունը «սրվեց» հուլիսին, որից հետո մինչև հոկտեմբեր օրական հայտարարվում էր շուրջ 100 նոր դեպքերի մասին։ Հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում օրական գրանցվող դեպքերի թիվն անցավ 1000-ից, իսկ նոյեմբերին արդեն ամեն օր գրանցվում էր մինչև 4000 դեպք։
Մեկ միլիոն բնակչության հաշվով, սակայն, Հայաստանն աշխարհում 10-րդն է, Վրաստանը՝ 19-րդը։ Ադրբեջանն այս ցուցանիշով 78-րդն է:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցվել էր վարակի ընդամենը 6640 դեպք, Ադրբեջանում՝ 40,309, իսկ Հայաստանում գրանցված դեպքերի թիվը 50,850 էր։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վրաստանում գրանցված դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 20 անգամ, մինչդեռ Ադրբեջանում և Հայաստանում այս ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ։
Սահմանափակումներ և պատերազմ
Կորոնավիրուսի երկրորդ ալիքը համընկավ Արցախյան երկրորդ պատերազմի հետ, ինչի արդյունքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեպքերի թիվը զգալի աճեց, սակայն սահմանափակումների ռեժիմ չմտցվեց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ պատերազմի 44 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 658, Ադրբեջանում՝ 281 մարդ։
Վրաստանը․ իր հերթին, խստացված սահմանափակումներին անցավ նոյեմբերի 26-ից։ Առաջիկա երկու ամիսներին Վրաստանում չեն աշխատելու հանրային տրանսպորտը և ժամանցի մի շարք վայրեր։ Երկրում փակվում են մանկապարտեզները, իսկ դպրոցները կրկին անցնում են առցանց համակարգի։
Ադրբեջանում ևս որոշում է կայացվել կրթությունը շարունակել առցանց՝ առնվազն մինչև տարեվերջ։
Սրան հակառակ, Հայաստանում, օրինակ, դպրոցներն անցնելու են առկա համակարգի դեկտեմբերի 7-ից։ Կիրառությունից դուրս են գալու տարեսկզբին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի գրեթե բոլոր կետերը։
Անի Ավետիսյան