Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 15-ին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ներկա իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, մինչդեռ իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ։
«Իրենց այդ պայքարում մինչև այսօր չկա որևէ մեկ օրինական ուժի մեջ մտած կոռուպցիոն բնույթի դատավճիռ, ուղղակի չկա»,- նշել էր Քոչարյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք այս երեք տարվա ընթացքում գործող իշխանությանը չի հաջողվել որևէ կոռուպցիոն բնույթի քրեական գործ ավարտին հասցնել, և արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարում նրանք իրոք ձախողել են։
2018-2020-ին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը՝ ըստ Կոռուպցիայի ընկալման համաթվի
Նախ նշենք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը միջազգային ցուցանիշներով էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով: Հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչն է համարվում «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), և այստեղ Հայաստանը գրանցել է ամենազգալի դրական տեղաշարժը վերջին 15 տարվա ընթացքում։
Արդյունքում, Հայաստանն աշխարհի 180 երկրների շարքում 105-րդ տեղից հայտնվել է նվազ կոռումպացվածություն նշանավորող 77-րդ տեղում։ Եթե 2018-ին Հայաստանն իր ԿԸՀ ցուցանիշով 105-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, ապա 2019 թվականին զբաղեցրել է 77-րդ տեղը։ 2020 թվականին Հայաստանն արդեն հայտնվել է 60-րդ հորիզոնականում։
Երբ դատավճռի փոխարեն պետությունը նախընտրում է պատճառված միլիարդավոր դրամների վնասի վերականգնումը
«ՀՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին» վերջին՝ 2020 թվականի հաղորդման համաձայն՝ հաշվետու տարում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 (2019 թ.՝ 2625) քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 (2019 թ․՝ 1264) անձ։ Դատախազությունը մանրամասն ներկայացնում է, թե նրանցից քանիսն են 2020 թվականին և դրա նախորդ տարում ձերբակալվել, քանիսն են ազատվել ձերբակալումից, քանի անձի է մեղադրանք առաջադրվել և այլն։
Թե այդ գործերն ի՞նչ ընթացք են ստացել դատարաններում՝ հաշվետվության մեջ չի նշվում, սակայն դատախազությունը նաև անդրադառնում է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Մասնավորապես, նշվում է, որ թեև 2019 թվականի համեմատ 2020 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով պատճառված գույքային վնասը նվազել է 21 մլրդ 216․5 մլն դրամով կամ շուրջ 77 տոկոսով, միևնույն ժամանակ, 2020 թվականի ընթացքում շուրջ 2․5 մլրդ դրամով ավելի գումար է վերականգնվել, քան 2019 թվականի ընթացքում (2019 թ.՝ 2 մլրդ 26 մլն 457 հազար դրամ, 2020 թ. ընթացքում՝ 4 մլրդ 518 մլն 295 հազար դրամ)։ Ավարտված գործերով շուրջ 6․5 մլրդ դրամի պատճառված գույքային վնասից վերականգնվել է շուրջ 2 միլիարդը։
2020 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14․2 մլրդ դրամի վնաս, իսկ 2019 թ.-ին՝ 12.4 մլրդ դրամի վնաս։
2019 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի 100 նախապատրաստված և ավարտված նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով հանցագործությունների հետևանքով պատճառված գույքային վնասը կազմել է 2 մլրդ դրամ։ Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1 մլրդ-ը։
Նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018 թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց։ Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս։
2018 թվականի ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 85 մլրդ դրամ, որից վերականգնվել է 27.7 միլիարդը։
Դատախազությունը 2019 թվականի հաշվետվության մեջ ընդգծում է, որ 2018-2019 թվականներին քննված քրեական գործերի շրջանակում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին հայտնաբերված վնասի չափը միասին վերցրած, որը կազմում է 36.5 մլրդ դրամ։ Իսկ վերականգնված վնասը՝ 40.2 մլրդ դրամ (2018-2019 թվականներին), նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90 տոկոսով։
Մի քանի աղմկահարույց քրգործեր, որոնք պետությանը պատճառված վնասը վերականգնելուց հետո կարճվել են
«Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն ԱԱԾ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել էր նախաքննական մարմնին` հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով:
2019 թ. սեպտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ 7,535,889,000 գնահատված շուկայական արժեքով, ընդունել որպես նվիրատվություն։
Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվեց։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե է վճարել ավելի քան 26․5 միլիոն դոլար։
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրգործը ևս կարճվել էր։ Նախաքննության ընթացքում նրանք պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ՝ ընդհանուր 2․837 մլրդ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:
2019 թվականին Պետական եկամուտների կոմիտեի երկարամյա նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:
2018 թվականին «Երևան» հիմնադրամի մասով հարուցվել էր քրեական գործ, որը կարճվել էր, քանի որ վերականգնվել էր 1 մլրդ 800 միլիոնից ավելի գումար Երևանի համայնքային բյուջե։
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գործով «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը ՔԿ դեպոզիտ հաշվին էր վերականգնել 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիք:
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության շրջանակում Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1․5 մլրդ դրամ, փոխանցել էր դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը մեղադրվում էր հիմնադրամի տնօրեն եղած ժամանակ չարաշահումների համար։ Նա, մասնավորապես, հիմնադրամի գումարներով խաղադրույքներ էր կատարել, ավելի ուշ՝ ընդունել էր մեղքը և վերականգնել գումարը հիմնադրամի հաշվի վրա։
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված ավելի քան 100 միլիոն դրամի վնասը և ազատ արձակվել։
Նշենք, որ Քրեական օրենսգիրքը (ինչպես, օրինակ, 189-րդ հոդվածի 5-րդ մաս, հոդված 72, 73, 74, 75, 76) և Քրեական դատավարության օրենսգիրքը (հոդված 35, 37) մի շարք հանցակազմերի համար վնասի հատուցման դեպքում նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավասու է քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել և կամ քրեական հետապնդում չիրականացնել։
Ի դեպ, 2018 թ. հոկտեմբերի 16-ին նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրենք հակված չեն «մարդկանց տանել-նստեցնել, լցնել բերդերը»։ «Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել և պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»,- ասել էր Վանեցյանը։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե մինչև այսօր չկա որևէ մեկ օրինական ուժի մեջ մտած կոռուպցիոն բնույթի դատավճիռ, մանիպուլյատիվ է՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մեղադրյալներ ուղղակի ազատվել են քրեական պատասխանատվությունից, քանի որ պետությանը պատճառած վնասը վերադարձրել են պետբյուջե։ Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, թե ներկա իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, մինչդեռ իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ, ևս մանիպուլյատիվ է, քանի որ ինչպես ներկայացվեց՝ Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը գրանցել է ամենազգալի դրական տեղաշարժը վերջին 15 տարիների ընթացքում։
Նելլի Լազարյան