Ազգային ժողովում օգոստոսի 24-ին կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ տարվող բանակցությունների ընթացքում Արցախի շուրջ տարածքները պետք է հանձնվեին կարգավիճակի դիմաց:
Մասնավորապես, Ռուստամյանը, համաձայնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ պատերազմի սանձազերծումը հետևանք էր Ղարաբաղի հետ կապված ոչ հստակ դիրքորոշումների ու շփոթի, նշել է, որ այդ շփոթն առաջացել է հեղափոխական իշխանությունների օրոք:
«Ձեզնից առաջ հայ ժողովուրդը շատ հստակ արձանագրել էր, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, և դա եղել է թե՛ Ղարաբաղի երկու հանրաքվեներով ամրագրված, թե՛ նաև հռչակագրերով: […] Ըստ այդ մոտեցումների` հանրաքվեն փաստել է մի շատ կարևոր լուծման ուղղություն, որ Դուք ասացիք՝ այո, տարածքներ կարգավիճակի դիմաց, բայց այնտեղ շատ հստակ հերթականություն է նշված՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ»,- հայտարարել է Ռուստամյանը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Ռուստամյանին՝ նշելով, որ եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով լուծել է այդ հարցը, ապա ինչու է Հայաստանը սկսած 2000-ական թվականներից բանակցել Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին. «Այսինքն՝ Ղարաբաղում քանի՞ հանրաքվե պետք է տեղի ունենա: […] Դուք հակասությունների մասին եք ասում. էդ ոնց ա, որ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ էդ նույն տարածքները համարվում են Արցախի Հանրապետության մաս, իսկ ՀՀ օրենսդրությամբ համարվում են Ադրբեջանի մաս»:
Ըստ Փաշինյանի՝ այդ հակասությունները, ի վերջո, հասել են կուլմինացիայի և վերածվել պատերազմի:
Անդրադառնալով կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ վարչապետը նշել է, որ դրան միայն հայ ժողովուրդը չպետք է մասնակցեր, այլ պիտի մասնակցեին Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչները:
«Իսկ Ադրբեջանն այդ բանակցային բովանդակության մեջ կարողացել է ներմուծել մի այնպիսի ձևակերպում, որը իրեն հնարավորություն կտա ասել, որ էդ հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, որովհետև Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ կարգավիճակի հարցով առանձին վերցրած հատվածում չի կարող լինել առանձին վերցրած հանրաքվե»:
Սակայն «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ և՛ Փաշինյանը, և՛ Ռուստամյանը այս հարցուպատասխանի ժամանակ հնչեցրել են իրականությանը չհամապատասխանող ու մանիպուլյատիվ պնդումներ։
Կարգավիճակ, հետո՝ տարածքներ
Անդրադառնալով Ռուստամյանի պնդմանը, որ բանակցություններում հստակ հերթականություն էր նշված՝ կարգավիճակ տարածքների դիմաց, նշենք, որ այս ընթացքում շրջանառված և հրապարակված երկու փաստաթղթերում (Մադրիդյան սկզբունքներ և Կազանի փաստաթուղթ) էլ նշվում է, որ հայկական վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին մինչև կարգավիճակի վերջնական հաստատումը:
2007 թ. նոյեմբերի 29-ին ներկայացված Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վերադարձվում էին միանգամից 7 շրջանները, իսկ Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ: Լաչինում Արցախը Հայաստանին կապող միջանցք էր ստեղծվում:
2011 թ. հունիսին ներկայացված Կազանի փաստաթղթով առաջին փուլում վերադարձվելու էին Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանները: Լեռնային Ղարաբաղին կրկին նախատեսվում էր տալ միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալու էր որոշակի իրավունքներ և արտոնություններ:
Թեև երկու փաստաթղթերում էլ խոսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցով հանրաքվեի անցկացման մասին, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում։
2014 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լուծում ստանար հակամարտությունը. նախ՝ իրավական կարգավիճակը հաստատվելու էր ազատ կամարտահայտման միջոցով, ԼՂԻմ տարածքը ստանում էր ժամանակավոր, միջանկյալ կարգավիճակ, 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, Լաչինում տրամադրվում է միջանցք ԼՂ-ն Հայաստանին միացնելու համար: Բոլոր փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր:
Այսպիսով, Ռուստամյանի պնդումը, թե տարածքները տրվում էին վերջնական կարգավիճակի դիմաց, սխալ է, քանի թե՛ Մադրիդյան, թե՛ Կազանյան փաստաթղթերով հստակ նշվում էր, որ առաջնային տարածքները պետք է վերադարձվեն, սակայն ճշգրտված չէր, թե երբ պետք է տեղի ունենար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն:
Սահմանադրությամբ էդ նույն տարածքները համարվում են Արցախի Հանրապետության մաս
Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական ուժերի վերահսկողության տակ էին անցել ոչ միայն բուն ԼՂԻՄ տարածքները, այլև հարակից շրջանները՝ Աղդամի (Ակնա)՝ մասամբ, Ֆիզուլիի (Վարանդա), Ջեբրայիլի (Ջրական), Կուբաթլուի (Սանասար), Զանգելանի (Կովսական), Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ):
Թեև Փաշինյանը Ազգային ժողովում պնդում է, որ ԱՀ Սահմանադրությունում նշված էր, որ այդ շրջանները Արցախի մաս են կազմում, սակայն ԱՀ 2017 թվականին ընդունած Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը (խոսքը 1992 թվականին բռնազավթված Շահումյանի շրջանի մասին է- խմբ.) և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: Այսինքն՝ որևէ հստակ ձևակերպում չկա, թե որ տարածքներն են ներառում Արցախի Հանրապետության սահմանները, ավելին՝ ընդգծվում է, որ սահմանները վերջնական ճշգրտման կարիք ունեն:
Հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն պնդմանը, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենար Ադրբեջանի ողջ տարածքում, ապա սրա մասին փաստաթղթերում դրույթները բավականին հստակ են:
Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի (պլեբիսցիտ) միջոցով, որի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: «ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,- նշված է փաստաթղթում:
Կազանյան փաստաթղթում նույնպես ընդգծվում էր, որ Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ավելին՝ հանրաքվեն տեղի է ունենալու 1988 թ. ազգային համամասնությունով:
Հետևաբար, վարչապետի պնդումը, թե կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է ընդգրկեր Ադրբեջանի ողջ տարածքը և բնակչությունը, սխալ է ու մանիպուլյատիվ:
Այսպիսով, ԼՂ բանակցությունների մասին երկխոսության ժամանակ թե՛ Փաշինյանը, թե՛ Ռուստամյանը հանդես են եկել մանիպուլյատիվ պնդումներով:
Լուսինե Ոսկանյան