Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»։
Վանեցյանի ֆեյսբուքյան ուղերձից ժամեր անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակմամբ անդրադարձավ Վանեցյանի քայլին։ «Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից, Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի»,- գրեց Իոաննիսյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով հրապարակման համար հիմք հանդիսացած՝ մամուլում առկա տեղեկատվության աղբյուրները։ ԻՔՄ ծրագրերի համակարգողի այս գրառումը ցանցում լայն քննարկման առիթ դարձավ։ Իոաննիսյանի հրապարակումը տարածեցին մի շարք կայքեր, այդ թվում՝ armtimes.com-ը, civic.am-ը, lurer.com-ը և այլն։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և նրա գլխավորած ջոկատի՝ Շոշ գյուղի դիրքերը լքած լինելու մասին տեղեկությունները՝ փորձելով պարզել դրանց իսկությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայիս ղեկավարի՝ Շոշ գյուղի մարտական դիրքերը լքելու վերաբերյալ լուրերն առաջին անգամ տարածվել են սունկ կայքերում։ Այսպես՝ lurer24.info դոմենային հասցե ունեցող սունկ կայքը 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հղում անելով Ֆեյսբուքի «Ռեգինա Պրազյան» անվամբ ֆեյք օգտատիրոջը, գրել էր, որ ««Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ Արթուր Վանեցյանը երեկ լքել է Շուշիի մերձակա Շոշ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը»։ Այս ֆեյք օգտատիրոջն արված մեկ այլ հղում էլ հաջողվեց գտնել Թվիթերում․ թվիթը դարձյալ եղել է նոյեմբերի 9-ին։
Իրադարձությունների հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ տեղի ունեցածին և ասաց․ «Հա, էսօր մի քաղաքական գործիչ կա՝ ընդդիմադիր, որը իմ հրաժարականն ա նաև պահանջել, էրեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել ա, փախել, գեներալի ուսադիրներով, էսօր եկել ա, ասում ա՝ մենք մեր բանակի կողքը կանգնած ենք, բա ինչի՞ ա փախել․․․»։
Ավելի ուշ՝ 2021 թվականի հունվարի 13-ին, Վանեցյանի՝ դիրքերը լքելու մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Արգիշտի Քյարամյանը, որը պատերազմի մի շրջանում եղել է ԱԱԾ պետ, սակայն հարցազրույցի ժամանակ պաշտոն չէր զբաղեցնում։ Քյարամյանն իր խոսքում ասում է, որ «Շուշիի ուղղությամբ հարձակվելու օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից հետո այնտեղ է գալիս նաև Արթուր Վանեցյանը։ Ասում է, որ իրենք զորախմբով եկել են Արցախ, պետք ա գնային այլ վայր տեղակայվելու, եթե չեմ սխալվում, կարծեմ Մարտակերտ, բայց քանի որ ՊԲ հրամանատարությունը գտել է, որ ավելի կարևոր է Շուշիում լինել, իրենց ուղարկել են Շուշի»։
Ըստ Քյարամյանի՝ Սեյրան Օհանյանն իրեն առաջարկել է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել, որ վերջիններս գան և տեղակայվեն մարտական գործողություններին հարակից ինչ-որ մի վայրում․ «Ես մի ոստիկանի հետ գնում եմ, հանդիպում եմ Արթուր Վանեցյանին, ներկայացնում եմ իրավիճակը, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է՝ խնդիր չկա, մենք պատրաստ ենք գնալ ցանկացած տեղում տեղակայվել․․․ Սակայն այդ զորախումբը չի խրամատավորվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով․․․»,- պատմում է Քարամյանը։
Նույն օրը՝ ավելի վաղ, նախքան Քարամյանի հարցազրույցը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ․ «Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»:
Նշված մեղադրանքներին արձագանքել է նաև ինքը՝ Վանեցյանը։ 2020-ի նոյեմբերի 19-ին, «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ արձագանքելով լրագրողի հարցին, պատասխանել է․ «Որևէ մեկը չի փախել իրեն վստահված հատվածից։ Իմ մասով ուզում եմ ձեզ և հանրությանը հստակ հայտնել, որ ես և իմ զորախմբի տղաները որևէ դիրք չենք լքել։ Եղել ենք ամենածանր տեղերում՝ ՊԲ հրամանատարի․․․ անմիջական ցուցումով, եղել ենք թե՛ Շուշիի մերձակայքում, թե՛ Շուշի քաղաքի մեջ, թե՛ հետագայում հատված ա մեզ տրվել, որտեղ խրամատավորվել ենք և պաշտպանել ենք»,- մանրամասնել է Վանեցյանը։
Վանեցյանի ենթադրյալ փախուստի մասին խոսել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Վանեցյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով հայց է պատրաստվում Մելքոնյանի դեմ։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝ հայցը վարույթ է ընդունվել։
Ֆեյք օգտատիրոջ կողմից նշված տեղեկությունը մեդիադաշտ նետվելուց հետո տարբեր մակարդակներով խոսվել է այս իրադարձության մասին։
2021 թվականի փետրվարի 23-ին pastinfo.am լրատվական կայքը գրեց, որ պաշտոնական հարցմամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն և պարզել, որ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել․ ««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության-հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ արարքը հանցագործություն որակելու համար այն պետք է պարունակի տվյալ հանցագործության հանցակազմով նախատեսված հանցակազմ նախատեսող բոլոր տարրերը: «Դասալքություն» հոդվածը հատուկ սուբյեկտով հանցակազմ է: Հատուկ սուբյեկտը ենթադրում է, որ հանցագործության սուբյեկտը պարտավոր է ունենալ ոչ միայն ընդհանուր սուբյեկտի հատկանիշները՝ հանցագործության տարիքի հասնելը, մեղսունակությունը և այլն, այլև տվյալ հանցագործության համար պարտադիր այլ լրացուցիչ հատկանիշներ: Դասալքության հանցակազմի սուբյեկտը պետք է լինի զինծառայող (Քրեական օրենսգրքի՝ «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները» գլխի 356-րդ հոդված):
Այսինքն՝ կոնկրետ դեպքում անձը կարող է իրականացնել արարքը, բայց չհանդիսանալ հանցագործության սուբյեկտ, քանի որ դասալքության համար կարող է հետապնդվել միայն զինծառայողի կարգավիճակ ունեցող անձը:
Դատախազություն. առերևույթ դասալքության վերաբերյալ տվյալներ կան, կասկածյալներ ու մեղադրյալներ չկան
Հոդվածը հրապարակվելուց հետո՝ աշխատանքային օրվա վերջին ստացանք թեմայի վերաբերյալ Դատախազությանն արված մեր հարցման պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ՀՔԾ-ում այլ քրեական գործի շրջանակներում ստացվել են տվյալներ՝ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից առերևույթ դասալքության վերաբերյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը և ելնելով քրեադատավարական օրենքով սահմանված՝ քննչական ենթակայության կանոններից՝ առանձին քննչական գործողություններ կատարելուց հետո նյութերն այդ մասով 2021թ. մարտի 31-ին ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն: Վերջինիս հանձնարարությամբ այդ առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նախաքննական մարմնի որոշմամբ կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Որոշման օրինականության ստուգման արդյունքում 2021թ. ապրիլի 20-ին նախնական քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ նախաքննություն կատարելու:
Քննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դատախազի կողմից տրվել են դեպքի հանգամանքների պարզմանը, անձանց արարքներին լիարժեք իրավական գնահատականներ տալուն ուղղված ցուցումներ:
Նախաքննությունը շարունակվում է, այս պահին գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան», ասվում է Fip.am-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տված պատասխանում։
Ասպիսով, Վանեցյանի ջոկատի դասալքության վերաբերյալ առկա են առերեւույթ տվյալներ, որոնց առիթով քրեական գործի հարուցումը նախ մերժվել է, ապա դատախազի պնդմամբ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կասկածյալներ եւ մեղադրյալներ (առայժմ) չկան։ Հետեւաբար, պնդումը, թե Վանեցյանի ջոկատը փախել է կամ դասալքել է, իրավապահների կողմից (դեռ) չի հաստատվել։
Նարեկ Մարտիրոսյան
Լուսինե Ոսկանյան