Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել էր անցած տարիներին Հունգարիայի կառավարության ցուցաբերած՝ այդ թվում ֆինանսական աջակցության մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին․ վերջինս Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։
«․․․Այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան․․․: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում․ եթե ճիշտ եմ հիշում, 100,000 դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց։ Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ՝ ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց էր տալիս Հայ-առաքելական եկեղեցուն, բավական շոշափելի ֆինանսական աջակցություն»,- ասել էր Միրզոյանը:
Այս հայտարարությունից հետո «Ազգ» թերթը գրել էր, թե «ծանոթ չէին, որ Հայ-առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է»․
«․․․Այն, որ հայ կաթոլիկների եկեղեցին նորոգվել է Բուդապեշտում, և Օրբանին գովաբանելով շքանշան են հանձնել, գիտեինք, բայց որ Հայ-առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է, ծանոթ չէր: Մեղա…»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հունգարական իշխանությունը Հայ-առաքելական եկեղեցուն և արդյո՞ք այդ օգնությունը դիտարկել են որպես հայկական համայնքին՝ որպես ազգային փոքրամասնությանը տրված օգնություն։
Հունգարիան ֆինանսապես աջակցել է Գեղարքունյաց թեմին
Ի պատասխան FIP.am-ի գրավոր հարցման, ՀԱԵ տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը տեղեկացեց, որ «Հունգարիայի կառավարությունը վերջին տարիներին Քրիստոնեական եկեղեցիներին, մասնավորապես՝ Միջին Արևելքի եկեղեցիներին, որոնց թվում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հոգևոր, սոցիալ-կրթական ծրագրերի իրականացման նպատակով պարբերաբար հատկացումներ է կատարում»։
«Նման օժանդակություն տրվել է Իրաքի և Դամասկոսի հայոց թեմերին, իսկ այս տարվա սկզբում նաև Գեղարքունյաց թեմի Հայորդաց տան նորոգության համար»,- նշում է Հայ-առաքելական եկեղեցին՝ առանց մանրամասնելու, թե ինչ ծավալի գումարի մասին է խոսքը։
Ավելի վաղ Հունգարիայի Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված համատեղ հարցազրույցում նշել էր, որ Հունգարիայի կառավարությունն աշխարհում առաջին վարչակազմն էր, որը բարձրացրեց հալածվող քրիստոնյաներին պետական մակարդակով օգնելու հարցը:
«Վերջին տարիներին իմ ղեկավարած հունգարական օգնության ծրագրի շրջանակում Հունգարիայի կառավարությունն աջակցել է Սիրիայում Հայ-առաքելական եկեղեցու վնասված դպրոցի վերականգնմանը, Իրաքի Զախու քաղաքի եկեղեցու վերականգնմանը և օգնություն է տրամադրել Լիբանանում հայ կաթոլիկ ընտանիքներին։ Հայաստանում մենք աջակցել ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական հասարակական կազմակերպությունների մարդասիրական և բարեգործական աշխատանքներին»,- նշել էր Տրիստան Ազբեյը։
Այսպիսով, ՀԱԵ-ն հաստատում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը․ Հունգարիայի կառավարությունն աջակցել է եկեղեցիների վերանորոգմանը, մասնավորապես՝ Իրաքի և Դամասկոսի հայոց թեմերին, իսկ այս տարվա սկզբում նաև մասնակցել է Գեղարքունյաց թեմի Հայորդաց տան նորոգմանը։
Տրված օգնությունը Հունգարիայի սահմանադրությունից չի բխում
Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս Pressing հաղորդման ընթացքում անդրադարձել է Հունգարիայի աջակցությանը՝ նշելով, որ ՀԱԵ-ին աջակցություն է տրվել, քանի որ Հունգարիայի սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, ունեն որոշակի իրավունքներ։
«Որովհետև ճանաչել է հայերին որպես ազգային փոքրամասնություն։ Դա գործող իշխանությունների վաստակը չէ, դա մեր հայրենակիցների վաստակն է․․․ Այդ սահմանադրությունը մեզ լավություն չի արել, որ փող են տալիս եկեղեցիներին»,- ասել էր Աշոտյանը՝ հավելելով, որ Հունգարիայում և Ռումինիայի ավելի քան 20 հայկական եկեղեցի կա։
Հունգարիայի սահմանադրության մեջ նշվում է, որ այդ երկիրը «պարտավորվում է պաշտպանել ու խթանել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուն ու մշակույթը, այդ թվում նաև՝ Կարպատյան ավազանում մարդու կողմից ստեղծված ու բնական արժեքները»։
Փաստացի, հունգարական սահմանադրությունը նախատեսում է միայն իր տարածքում գտնվող՝ այլ ազգերի նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն։ Դրանում չի սահմանվում, որ այդ երկիրը պարտավոր է պահպանել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթն այլ երկրներում՝ իր սահմաններից դուրս։
Այսպիսով, Արմեն Աշոտյանի դիտարկումը, թե Միրզոյանի կողմից հիշատակված աջակցությունը ՀԱԵ-ին բխել է բացառապես այդ երկրի սահմանադրությամբ հայերի հանդեպ որպես ազգային փոքրամասնություն ունեցած պարտավորությունից, ճիշտ չէ, քանի որ Հունգարիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է հատկացրել նաև Իրաքի, Դամասկոսի հայոց թեմերին և Գեղարքունյաց թեմին՝ Հայորդաց տան նորոգության համար։
Նելլի Լազարյան