Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու մասին Հայաստանի հայտարարությունը:
Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջին անգամ չէ, որ պնդում են, թե Գորիս-Ստեփանակերտը ճանապարհը բաց է:
Էկոակտիվիստ ներկայացող և Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված մի խումբ ադրբեջանցիներ 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Այդ գործողությամբ Ադրբեջանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է այդ պնդումներին:
«Լաչինի ճանապարհի վրա գործող ռեժիմն այսօր նույնն է, ինչ մինչև բողոքի ցույցերը»
Մամադովը պնդել է, որ ՀՀ ներկայացուցիչների հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը արգելափակված է, կեղծ է. «Լաչինի ճանապարհի վրա գործող ռեժիմը ներկայում էլ նույնն է, ինչ մինչև բողոքի ցույցերը»:
Նրա խոսքով՝ ցուցարարները չեն խոչընդոտում ճանապարհով մեքենաների տեղաշարժը, և ամեն օր տասնյակ մեքենաներ ու բեռնատարներ են անցնում բողոքի ակցիայի վայրի մոտով: Մամադովը պնդել է, որ ադրբեջանցի ցուցարարների ու ճանապարհն օգտագործող անձանց միջև ոչ մի բռնություն և առճակատում չի գրանցվել: Անդրադառնալով այն դեպքին, երբ ադրբեջանցի ցուցարարները, ներխուժելով մի խումբ հայ երեխաների Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուս, ահաբեկեցին անչափահասներին, Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե ՀՀ-ն իր այդ պնդումը ոչ մի կերպ չի կարող հիմնավորել, իսկ ադրբեջանցիների ցույցերը խաղաղ են:
Էլնուր Մամադովն իրականում աղավաղում է փաստերը և մանիպուլացնում:
Դեկտեմբերի 12-ից դեպի Ստեփանակերտ տեղաշարժը արգելափակված է: Հատուկենտ ուղևորություններ են այդ ուղղությամբ տեղի ունենում, այն էլ՝ միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կամ ռուս խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ:
Չնայած հումանիտար ճգնաժամին և սննդամթերքի ու դեղորայքի պակասին՝ բեռների փոխադրությունը նույնպես կասեցված է: Օրինակ՝ «Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տոննա մարդասիրական բեռը շաբաթներ շարունակ Արցախ չի հասնում ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Մինչև միջանցքի արգելափակումը Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք է տեղափոխվել Արցախ, մինչդեռ շարունակվող արգելափակման 45 օրվա ընթացքում միջանցքով հումանիտար բեռների ընդամենը մի քանի տասնյակ անցում է գրանցվել՝ նույնպես բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին կարող եք կարդալ այստեղ:
Ինչ վերաբերում է Մամադովի պնդմանը, թե Հայաստանը չի կարող հիմնավորել ավտոբուսով Ստեփանակերտ գնացող երեխաներին ահաբեկելու մասին հայտարարությունը, ապա այս դեպքում էլ նա մանիպուլացնում է:
Հունվարի 18-ին միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ներխուժել են ամսից ավելի տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցի երեխաներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ տեղափոխող ավտոբուսը և նկարահանել անչափահասներին, ինչի հետևանքով երեխաներն ահաբեկվել են, նրանցից մեկն ուշաթափվել է:
Այսպիսով, Ադրբեջանի ներկայացուցիչը Հաագայի դատարանում կրկնել է Լաչինի միջանցքն արգելափակելուց ի վեր Բաքվի կողմից շրջանառված, բայց բազմիցս հերքված կեղծ թեզերը։
Լուսինե Ոսկանյան