24TV-ի եթերում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, հայտարարել է, թե Ռուսաստանից բացի, ոչ մի երկիր, այդ թվում ԱՄՆ-ն, կոչ չի արել, որ Լաչինում անցակետը պետք է հանվի։
«Փաստացի դիվանագիտական դաշտում նրանց (Ադրբեջանին-խմբ․) հաջողվել է այնպես անել, որ միջազգային հանրությունն աչք փակի, ասենք ԱՄՆ-ն ուղղակի մտահոգությունն է հայտնում, որ այս անցակետի տեղադրումը կվնասի խաղաղության պայմանագրի գործընթացին, բայց ոչ մեկ կոչ չի անում, նու բացի Ռուսաստանից, որոնք իրենց անմիջական պատասխանատվության գոտում են․․․ ոչ մեկ կոչ չի անում, որ այդ անցակետը չպետք է աշխատի, չպետք է լինի, որովհետև դա նպաստելու է Արցախի ոչնչացմանը»,- ասել է փորձագետը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը հաջորդած՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անդամ երկրների պաշտոնական արձագանքները։
Մոսկվան անցակետը հանելու ո՛չ կոչ է արել, ո՛չ էլ գործողություն
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը վերահսկելու և ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորությունը ստանձնած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեպքին արձագանքել է ադրբեջանական անցակետի տեղադրումից մեկ օր անց՝ ապրիլի 24-ին։
«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը արգելափակել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»,- հաղորդել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Նույն օրը արձագանքել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ «Իրավիճակը բարդ է, այն պահանջում է հավելյալ ջանքեր և բոլոր կողմերի ըմբռնումը՝ պայմանավորվածությունների իրականացման այլընտրանքների բացակայության վերաբերյալ»։
Լավրովը չէր բացառել Լաչինում ստուգման տեխնիկական միջոցների ներդրումը
Հատկանշական է, որ ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Սակայն նա չէր բացառել ստուգման լրացուցիչ տեխնիկական միջոցների ներդրումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
«Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտությունը։ Մենք դրան ձգտում ենք հասնել մեր շփումների շրջանակներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Այն չի նախատեսում անցակետերի ստեղծում, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իրականում օգտագործվում է իր նպատակներով։ Սրան այսօր անդրադարձանք։ Տեխնիկական մանրամասները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել էր Լավրովը։
ԱՄՆ-ի անդրադարձը
Ապրիլի 23-ին ԱՄՆ պետդեպարտամենտը, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման փաստով, ընդգծել է, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։
«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ, և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»,- նշված է հայտարարության մեջ։
Ապրիլի 26-ին ևս Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն իր ամենօրյա ճեպազրույցում անդրադաձել է հարցին՝ վերահաստատելով, որ անցակետը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։
«Մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և առևտուր»,- ասել է նա։
ԵՄ-ի անդրադարձը
Ապրիլի 26-ին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում միակողմանիորեն անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։
«ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,- գրել է Բորելը:
Այսպիսով, 24TV-ի եթերում հնչած պնդումը, թե Ռուսաստանից բացի միջազգային հանրությունը, այդ թվում ԱՄՆ-ն, կոչ չի անում, որ Լաչինում անցակետ չպետք է լինի, սխալ է։ Ի տարբերություն ռուսական կողմի, որտեղ չկա ուղիղ պահանջ հանել անցակետը, ԱՄՆ պետդեպարտամենտն ասել է, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ։
Նելլի Լազարյան