Հունիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գրառում, որում համադրվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տասը տարում՝ 2008-2018 թթ․, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորման առաջին երկու տարում՝ 2018-2020 թթ․, սպառազինության գնման ծախսերը։
Ըստ այդմ, Փաշինյանի պաշտոնավարման ընդամենը երկու տարում ձեռք է բերվել 609 մլրդ դրամի սպառազինություն, ինչը գրեթե կրկնակի ավելի է Սարգսյանի պաշտոնավարման տասը տարում սպառազինության գնմանը հատկացված միջոցներից՝ ընդամենը 354 մլրդ դրամ։
Կառավարող կուսակցության այդ գրառմանն արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Հետևաբար՝ 2008-2018 թթ․-ին Հայաստանի Զինված Ուժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից»,- եզրակացրել էր Զաքարյանը:
Զաքարյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։ Նա համեմատել է ՔՊ-ի հրապարակած՝ սպառազինության ծախսերի մասին տվյալները ռազմական պաշտպանության ծախսերի տվյալների հետ։ Բանն այն է, որ դրանք համադրելի տվյալներ չեն։
Այսպես, սպառազինությանը հատկացված ծախսերը ենթադրում են զենք-զինամթերքի, զինտեխնիկայի և հարակից այլ գնման միջոցառումներ։ Մինչդեռ ռազմական պաշտպանությունը պետական բյուջեով նախատեսված ավելի լայն միջոցառումների շարք է, որը, ի թիվս երկրի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումների, ներառում է նաև սպառազինությունների ձեռքբերման ծախսերը։
Հետևաբար, Արտակ Զաքարյանը մանիպուլացնում է՝ համեմատելով 2008-2018-ին ՀՀ ռազմական կարիքների համար հատկացված ծախսերը 2018-ից հետո սպառազինության գնման ծախսերի հետ։
Արդյո՞ք սպառազինությունների ձեռքբերման ծախսը չի գերազանցել պետբյուջեի համամասնությունը
Պաշտպանության նախկին փոխնախարարը պնդել է նաև, որ ՔՊ-ի նշած՝ սպառազինության ձեռքբերման ծախսերը չեն գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը։
«․․․որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել է նաև ռազմական կարիքների համար հատկացումները»,- ասել է նա։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց նաև այս պնդման հավաստիությունը։
Այսպես, դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ընթացքում ընդունված՝ Հայաստանի 2018 թվականի բյուջեի ծախսային մասը կազմել է 1 տրիլիոն 465 միլիարդ դրամ, որից ռազմական ծախսերին հատկացվել է 238․2 մլրդ դրամ, ինչը կազմել է բյուջեի 16%-ը։
Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդունած առաջին՝ 2019 թվականի բյուջեով ռազմական ծախսերը կազմել են 300 մլրդ դրամ, ինչը կազմել է այդ տարվա բյուջեի (1 տրիլիոն 648 միլիարդ դրամ) 18.2%-ը։
2020 թվականին ռազմական ծախսերի համամասնությունը բյուջեի նկատմամբ կազմել է 16.3%:
Այսպիսով, Զաքարյանն այս հարցում մեծամասամբ ճիշտ է․ թեև 2019-ին 2018-ի համեմատ բյուջեում ռազմական ծախսերի համամասնությունը աճել է 2․2%-ով, սակայն 2020-ին 2019-ի համեմատ ռազմական ծախսերի համամասնությունը կրկին մնացել է 16 տոկոսի սահմաններում։
Նանե Մանասյան