Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի (EIU) 2024 թվականի ժողովրդավարության վարկանիշին, նշել է՝ Հայաստանը զիջել է իր դիրքերը։
«Ինչպես The Economist-ն էր հենց 2 օր առաջ զեկույց հրապարակել, Հայաստանը ժողովրդավարության իր սանդղակը կրկին զիջել է», — ասել է Թովմասյանը։
Նրան դահլիճից հակադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պնդելով, թե հակառակն է տեղի ունեցել՝ ՀՀ-ն 2 սանդղակով բարելավել է դիրքերը։
Ի պատասխան Թովմասյանը գոչել է՝ «Լռե՛ք, հա՞», ինչից հետո միջամտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հարցնելով, թե ինչու՞ է Թովմասյանն ագրեսիվ․ «Մարդն ուղղակի ասում է, որ 2 կետով բարձրացել է, հանձնաժողովի նախագահ է․․․»։
Թեմային նիստում անդրադարձել է նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ դարձյալ պնդելով, թե ընդդիմությունը սխալ է վերլուծել վարկանիշը, և ՀՀ-ն 84-ից 82-րդ տեղում հայտնվելով բարելավել է դիրքերը։
Փետրվարի վերջին հրապարակված՝ 2024 թվականի Economist Intelligence Unit’s Democracy Index-ում Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 167 երկրների շարքում։ Հայաստանի ընդհանուր միավորը կազմել է 5.35 (10-ից)։
Արտապատկերումը՝ EIU Democracy Index 2024 զեկույցից
Հայաստանը շարունակում է դասակարգվել որպես «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ երկիրը գտնվում է ժողովրդավարության և ավտորիտար կառավարման միջև՝ ունենալով ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոչ ժողովրդավարական տարրեր։
2023 թվականի վարկանիշում, չնայած Հայաստանը զբաղեցնում էր 84-րդ հորիզոնականը աշխարհի ավելի քան 160 երկրների շարքում, սակայն երկրի համաթիվն ավելի բարձր էր՝ կազմելով 5.42 միավոր։
Արտաապատկերումը՝ EIU Democracy Index 2023 զեկույցից
2022 թվականին Հայաստանի միավորը կազմել է 5.63, ինչն իր հերթին բարձր էր 2023 թվականի համաթվից։
Վարկանիշի մեդոթաբանությունը
EIU-ի Democracy Index-ը գնահատում է երկրների ժողովրդավարության մակարդակը՝ օգտագործելով հինգ հիմնական կատեգորիա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարման գործառույթներ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ։ Յուրաքանչյուր կատեգորիային տրվում է 0-ից 10 միավոր և հիմք է ընդունվում ստացված վերջնական միավորը (0-ից 10)։
Ըստ այդմ, երկրները բաժանվում են 4 կատեգորիայի՝ լիարժեք ժողովրդավարություն (Full Democracy) → 8.01 — 10, թերի ժողովրդավարություն (Flawed Democracy) → 6.01 — 8.00, հիբրիդային ռեժիմ (Hybrid Regime) → 4.01 — 6.00, ավտորիտար ռեժիմ (Authoritarian Regime) → 0 — 4.00։
Հետևաբար, երկրի ընդհանուր միավորը ավելի կարևոր ցուցանիշ է, քան պարզապես զբաղեցրած տեղը, քանի որ այն արտացոլում է երկրի ժողովրդավարության իրական մակարդակը՝ հիմնված կոնկրետ չափորոշիչների վրա։
Փաստացի, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը շարունակական անկում է գրանցել Ժողովրդավարության ինդեքսում՝ չնայած զբաղեցրած դիրքի որոշակի տատանումներին։
Այսպիսով, ճիշտ է Թագուհի Թովմասյանի պնդումը՝ երկիրը ժողովրդավարության գնահատման ինդեքսում հետընթաց է գրանցել․ միևնույն ժամանակ ՔՊ–ականներ Սարգիս Խանդանյանը և Ալխաս Ղազարյանը մանիպուլացնում են, քանի որ, չնայած երկիրը 84–րդ տեղից հայտնվել է 82-րդում, առաջընթացն ու հետընթացը արտացոլվում են միավորով և ոչ թե դիրքով։
Նանե Մանասյան