Հունիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի ավարտի մասին։
«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են մեր տարածքը»,- ասվում էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական մեքենաները հեռանում Ստեփանակերտի օդանավակայանի մոտ գտնվող բազայից։
3.7 տարի ռուս խաղաղապահ զորակազմը առաքելություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության հիման վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է փաստեր այս տարիների ընթացքում խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրված միջադեպերի մասին, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցել է տասնյակից ավելի զոհեր ու տարածքային կորուստներ։
Ռուս խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել էր շփման գծի երկայնքով և Բերձորի (Լաչին) միջանցքում, որը կապում էր տարածաշրջանը Հայաստանի հետ։ Պայմանագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ էին ուղարկվել 1960 զինվորականներ՝ հրաձգային զենքերով, 90 զրահափոխադրիչներ, 380 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Խաղաղապահները պետք է տարածաշրջանում մնային հինգ տարի՝ մինչև 2025 թվականը։ Խաղաղապահների տեղակայման ժամկետը կարող էր ևս 5 տարով երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվի Լեռնային Ղարաբաղից։
Մայիսի 15-ին Իվանյանում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ավարտին նվիրված արարողության ժամանակ ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը, խոսելով ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության մասին, հայտարարել էր,
«Տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար իրականացվել է ավելի քան 350 մարդասիրական ակցիա, ավելի քան 90 հազար մարդ ստացել է հասցեական օգնություն, ավելի քան 1000 խաղաղ բնակիչների ցուցաբերվել է որակյալ բժշկական օգնություն։ Խաղաղապահ զորակազմն ակտիվորեն մասնակցել է կրոնական նշանակության օբյեկտների մուտքի անվտանգության ապահովմանը, պայմաններ է ստեղծել բնակչության բնականոն կյանքի համար, մի շարք աշխատանքներ է իրականացրել ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Հակամարտության կողմերի հետ ակտիվ համագործակցության արդյունքում կազմակերպվել է նաև գերիների փոխանակման գործընթաց։ Գերությունից հաջողվել է վերադարձնել ավելի քան 100 մարդու։ Ռուսական խաղաղապահ զորախմբի որոնողական խմբերի կողմից հայտնաբերվել և փոխանցվել է ավելի քան 1900 զինծառայողի աճյուն»,— ասել է նա։
Սակայն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խաղաղապահների տեղակայումից մինչև Արցախի հայաթափումը ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքները մեծամասամբ բացասական են եղել հայկական կողմի համար:
Այսպիսով, առաջին լուրջ միջադեպն Արցախում գրանցվեց խաղաղապահ զորակազմի տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի պատճառով վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ուներ վեց վիրավոր: Դեկտեմբերի 16-ին Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ հարձակման հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, 62 հայ զինծառայողներ՝ գերեվարվել, 9-ը՝ զոհվել և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։
Խաղաղապահների առաքելության գոտում հաջորդ միջադեպը 2021 թվականի հոկտեմբերի 9-ին էր, երբ Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում էր ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ, 55-ամյա Արամ Տեփնանցը։ Դիպուկահարի կրակոցից սպանված Արամ Տեփնանցի տրակտորի խցիկում նաև խաղաղապահ էր եղել, տարածքում՝ նույնպես:
Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ էին արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով աշխատակիցներից մեկը տեղում մահացել էր, իսկ երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հանրապետական բժշկական կենտրոն:
2022 թ․ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել ԼՂ արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և ԼՂ համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չէին տվել, և հակառակորդը չէր վերադարձել ելման դիրքեր: Ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում էին ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայողներ:
Մարտի 25-ին ԼՂ արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացել էին ՊԲ պայմանագրային 3 զինծառայողներ:
Մարտի 26-ին տարածած հաղորդագրություններում ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն ընդգծել էին, որ ադրբեջանական կողմը խախտել էր եռակողմ պայմանավորվածությունը և ներխուժել խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի [1,2]։
Այնուհետև՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել էին ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացել էին ՊԲ պայմանագրային 2 զինծառայողներ, ևս 14 զինծառայողներ տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել:
2022 թ․ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ի հատվածում իրենց բնապահպաններ համարող մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում էր խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, փակեցին ԼՂ-ն Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ երկիրը թողնելով շրջափակման մեջ: Շրջափակումը շարունակվեց մինչև Արցախի վերջնական հայաթափումը՝ 2023-ի սեպտեմբերին։
Այդ ընթացքում՝ 2023 թվականի մարտի 5-ին, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից:
Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ 25-րդ ստորաբաժանումը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 նիշով բարձրունքը (Սարիբաբա լեռից 2․9 կմ հյուսիս-արևելք) ու դիրքի ինժեներական կահավորում սկսել։
Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանին տեղադրել էր սահմանային անցակետ։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թ․ ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել էր բոլոր տեսակի, այդ թվում՝ մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Իսկ հուլիսի 11-ից նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն էր արգելվում Հակարիի կամրջով։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել էր 4 զոհ:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ից, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով սկսեց խախտել հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում սկսվեց, 100,000-ից ավելի մարդ բռնի տեղահանվեց Հայաստան:
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2023-ի սեպտեմբերի 19-20-ին ԼՂ-ում, ռուս խաղաղապահների առաքելության գոտում, զոհվել է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Արձանագրվել են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
Ի դեպ, ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ռուս խաղաղապահ առաքելության անգործության մասին է վկայել ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, որը 2023 թ․ հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե 2023 թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց պահում էին դիտորդի դերում։ «Պատերազմական գործողությունները սկսելուց հետո ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում»,- ասել էր Սամվել Շահրամանյանը։
Նկատենք՝ թեպետ ՌԴ-ում ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում պահանջված է ու կոնտինգենտը ֆորմալ առումով այնտեղ կմնա մինչև 2025-ի նոյեմբեր, այդուհանդերձ, 2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից դուրս գալու մեկնարկի մասին, իսկ գործընթացի վերջնական ավարտի մասին հայտնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հունիսի 12-ին։
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը («Ռոդինա» կուսակցություն) ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել էր, որ ռուսական խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։ Նա նաև նշել էր, որ խաղաղապահներն այլևս պետք չեն, քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմեր չկան։
«Ռուսական կոնտինգենտն այնտեղ անհրաժեշտ էր քանի դեռ հակամարտությունը շարունակվում էր, և կարևոր դեր խաղաց, որպեսզի 2023 թվականին արյունահեղություն տեղի չունենա՝ կանգնելով պատերազմող բանակների միջև»,- ասել է ռուս գործիչը:
Սյուզաննա Համբարձումյան