Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզը, որը սահմանակից է Ուկրաինային, շարունակում է հարձակման ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից և արդեն շուրջ 20 օր է՝ մարզի տարբեր բնակավայրերում թեժ մարտերն ու միմյանց տարածքների ինտենսիվ ռմբակոծությունը շարունակվում են։ Մասնավորապես, վերջին մի քանի օրերին ուկրաինական ուժերը մի քանի ճշգրիտ հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում ռազմավարական նշանակության օբյեկտների վրա։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օրերս հայտարարել էր, որ օգոստոսի 27-ի դրությամբ Ուկրաինան ՌԴ Կուրսկի շրջանում վերահսկում է 1294 քմ տարածք կամ 100 բնակավայր, այդ թվում՝ Սուջա կենտրոնը։
Ռուսական պաշտոնական աղբյուրներում Կուրսկի շրջանում կոնկրետ գործողությունների մասին տվյալներ գրեթե չկան։ Ռուսական տեղեկատվական աղբյուրները հաղորդում են միայն, որ ռուս զինված ուժերը «ջախջախում են թշնամու զինված ստորաբաժանումները, որոնք փորձել են հաստատվել մեր տարածքներում»։
Գրավել չգրավածը
ՌԴ–ի և Ուկրաինայի տարածքում մարտերին զուգահեռ թեժ է նաև տեղեկատվական դաշտում։ Ռուսական տելեգրամյան Z–ալիքները (1, 2) իշխանական Z–բլոգերները հաղորդել են ուկրաինական զինված ուժերից Կուրսկի մարզի Նեչաև և Նիժնայա Պարովայա բնակավայրերը մաքրելու և դրանք հետ գրավելու մասին։
Օգոստոսի 22-ին իր ալիքում հայտնի Z բլոգեր Սիմյոն Պեգովը/Wargonzo գրել է Նեչաևը «ազատագրելու» մասին։ Նա մի տեսանյութ է հրապարակել, որտեղ «Ախմատ» հատուկ նշանակության գումարտակի «Արբատ» ստորաբաժանման մի քանի ներկայացուցիչներ ռուսական դրոշը պահած տեսաուղերձ են հղել իբրև թե հետ գրաված Նեչաև բնակավայրից։
Ի դեպ, «Արբատ»-ը ստորաբաժանումը հայկական արմատներ ունի և ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022-ին։ Դրա հիմնադիրը Արման Սարգսյանն է, որը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ 2023-ի հունիսին այս ստորաբաժանումը պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից առաջ հանդիսավոր պայմաններում Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել այս ստորաբաժանման «ծնունդը»։ «Արբատ»-ը հենց այդ ժամանակ էլ ստացել է Հայ Առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը։ Վերջինը, նկատենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։
Օգոստոսի 27-ին արդեն ՌԴ ՊՆ պաշտոնական շրջանակները սկսեցին խոսել գյուղերի հետ գրավման մասին։
«Ռուսական զինված ուժերը Կուրսկի շրջանի Նիժնայա Պարովայան և Նեչաևը վերջնականապես մաքրել են ուկրաինական զինված ուժերից»,– օգոստոսի 27–ին հայտարարել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, ՌԴ ՊՆ գեներալ–մայոր Ապտի Ալաուդինովը։
«Conflict Intelligence Team»–ի հիմնադիր Ռուսլան Լեվիևը տելեգրամի իր ալիքում տարակուսանք է հայտնել․ «Չեմ հասկանում՝ կատակ են անո՞ւմ, ինչ է։ Սկզբում «ազատագրել» են Նեչաև գյուղը, որը ոչ մեկ երբեք չէր գրավել ու այդ մասին հայտարարել։ Հիմա էլ հայտարարում են հարևան Նիժնայա Պարովայա գյուղի «ազատագրման» մասին, որը նույնպես ոչ մեկ չէր գրավել ու այդ մասին չէր հայտարարել»։
Ի դեպ, Լեվիևը լրագրող Կիրիլ Նաբուտովին տված հարցազրույցում Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի հետ կապված մի դրվագ է ներկայացրել․ «Նա հայտարարում է, թե Կուրսկի շրջանի Սուջա բնակավայրը գտնվում է ռուսական զինված ուժերի ենթակայության տակ, բայց դրանից մի քանի ժամ անց ուկրաինական լրատվամիջոցներով ռեպորտաժ է հեռարձակվում Սուջայի ներսից։ Դա շատ զավեշտալի էր»։
Թեպետ ռուսական քարոզչական աղբյուրները հաղորդում են գրաված երկու գյուղերը հետ գրավելու մասին, այդուհանդերձ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (Institute for the study of war) հրապարակել է ուկրաինական զինված ուժերի կողմից գրավված տարածքների քարտեզը։ Գրավված բնակավայրերի թվում Նեչաև և Նիժնայա Պարովայա գյուղերի անունները չկան, այսինքն՝ ուկրաինական ուժերը այդ գյուղերին դեռ չեն հասել։
Այսպիսով, նախ՝ ռուս քարոզիչները, քարոզչական ալիքները, այնուհետև՝ պաշտոնական շրջանակները օգոստոսի 22–ից հայտարարում են Կուրսկի շրջանի Նեչաև և Նիժնայա Պարովնյա գյուղերը ուկրաինական զինված ուժերից հետ գրավելու մասին այն դեպքում, երբ ուկրաինացիները չեն գրավել դրանք և նույնիսկ այդ գյուղերին չեն հասել։
Հասմիկ Համբարձումյան