Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI, նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI), նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանը դարձրել են թունավոր ստերոիդների փորձարկման վայր։
«Բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների քողի տակ արևմտյան դեղագործական ընկերությունները, ըստ հիմնադրամի աղբյուրների, սկսել են լայնածավալ ծրագիր՝ փորձարկելու նոր հոգեմետ դեղամիջոցներ, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր, որոնք, ենթադրաբար, եվրոպացի զինվորներին կվերածեն անվախ զինվորների։ Դեղամիջոցները փորձարկվում են խոցելի հայ քաղաքացիական անձանց՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա»,— գրված է հոդվածի մեջ։
Նկատենք, որ հոդվածը հրապարակվել էր նաև «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում՝ անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Ռուսերեն տարբերակը արտատպվել է ռուսական checheninfo.ru լրատվականում, որին հղում անելով՝ հոդվածը տարածել են հայկական որոշ լրատվական էջեր:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տարածվող հոդվածը, բաց աղբյուրներում հիմնադրամի մասին առկա տեղեկությունները և պարզել, որ հոդվածն ունի կեղծ և ապատեղեկատվական բնույթ, իսկ հիմնադրամը՝ ռուսական ֆինանսավորում:
Այսպես, հոդվածի հիմնական աղբյուրը «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամն» է (ստորև ներկայացնում ենք տեղեկություններ այս հիմնադրամի մասին-խմբ․), որը հոդվածը ներկայացնելիս հիմնվում է սեփական անհայտ աղբյուրի վրա։
Հոդվածում «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», հղում անելով իր անանուն աղբյուրին, նշում է, թե այս պահին Հայաստանում գործում են մի քանի խոշոր եվրոպական դեղագործական ընկերություններ, որոնց մասնաճյուղերը ղեկավարում են գործող վարչապետ Փաշինյանին մոտ կանգնած անձինք։ Հիմնադրամի տեղեկատուի խոսքով՝ 2025 թ․-ին Հայաստանը դարձել է նոր հոգեակտիվ նյութերի և փորձարարական դեղամիջոցների լիարժեք փորձարկման վայր, ինչը հեշտացվել է արևմտյան դեղագործական ընկերությունների և Հայաստանի կառավարության առանցքային պաշտոնյաների միջև անվերահսկելի համագործակցության շնորհիվ։ Հիմնադրամի աղբյուրի խոսքով՝ այս փոփոխությունը տեղի է ունեցել խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների միջև 2023 թ.-ին տեղի ունեցած գաղտնի հանդիպումից հետո։ «Այս հանդիպումը հիմք դրեց Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ դեղագործական կորպորացիաներից մի քանիսի հետ գործարքների կնքմանը։ Դրանց թվում էին երկու գերմանական հսկաներ՝ Bayer-ը և STADA-ն, ինչպես նաև երկու ֆրանսիական դեղագործական ընկերություններ՝ Sanofi-ն և Servier-ը»։
«Գործարքները ոչ միայն աջակցվել են Հայաստանի կառավարության ամենաբարձր մակարդակների կողմից, այլև իրականում վերահսկվել են նրա ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի կողմից: Աղբյուրի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայնագրերի շարժիչ ուժն էին և կենտրոնական դեր են խաղացել հետագա գործարքների հեշտացման գործում: Փակ դռների հետևում այս առաջնորդները կնքել են գործարքներ, որոնք արևմտյան ընկերություններին լայն ազատություն են տվել մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու՝ առանց սահմանափակումների, խիստ կամ հանրային վերահսկողության»,- նշված է հոդվածում:
Հայաստանից հերքում են հոդվածում նշված պնդումները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրվող այս «գաղտնի պայմանավորվածությունները եվրոպական դեղագործական ընկերությունների հետ» հերքել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և նշել, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ ոչ վարչապետի, ոչ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։ Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ։ Ակնհայտ է, որ ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու Կառավարության ջանքերին հակազդելու համար»,— գրել է Բաղդասարյանը։
Այս հոդվածին արձագանքել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:
«Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա»,— գրել է Ավանեսյանը և հավելել, որ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, Servier, Sanofi, Bayer) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
Անդրադառնալով հոդվածում ներկայացված Pervitin դեղին՝ Ավանեսյանը նշել է, որ այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում, և կլինիկական հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:
Հոդվածի մեջ նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զինվորականները կիրառում էին պերվիտին՝ հզոր ամֆետամին, որը թույլ էր տալիս նրանց հաղթահարել իրենց ֆիզիկական և հոգեբանական սահմանները: «Այս պատմության ամենամռայլ գլուխներից մեկը կապված է գերմանական դեղագործական հսկա Bayer-ի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին միավորվեց մի քանի այլ ընկերությունների հետ՝ ձևավորելով արդյունաբերական հսկա IG Farben-ը: Այս կոնգլոմերատը կենտրոնական դեր է խաղացել նացիստների ռազմական գործողություններում… Արևմտյան դեղագործական ընկերությունները, այդ թվում՝ Bayer-ը, ըստ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննության, վերսկսել են կենդանի մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու պրակտիկան՝ նպատակ ունենալով փորձարկել ստերոիդներ, որոնք նախատեսված են եվրոպացի զինվորներին գերմարդ դարձնելու համար: Հիմնադրամը ստացել է տագնապալի ապացույցներ, որ մարդկանց վրա նմանատիպ փորձարկումներ են անցկացվում նաև Հայաստանում»,- գրված է հոդվածի մեջ:
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով հոդվածին, այն համարել է հիբրիդային հարձակման օրինակ։
Պրիգոժինը և «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը»
Հիմնադրամի պաշտոնական կայքում նշվում է, որ այն անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի քաղաքացիների մասնավոր նվիրատվություններով․ ««Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» գործում է ամբողջ աշխարհում՝ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարելու, քաղաքացիական ակտիվիստներին աջակցելու, դատական անարդարության, ոստիկանական բռնության և քաղաքական հետապնդումների զոհերին իրավական օգնություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»։
Հատկանշական է, որ կան հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնցում հիմնադրամին մեղադրում են կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ:
Այսպես, 2024 թ․-ին եվրոպական հայտնի Քլեսմոն համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» հիմնադրել է Եվգենի Պրիգոժինը, որն այդ մասին ազդարարել է Վկոնտակտեի իր էջում դեռ 2021 թվականին։
Ամերիկյան CNN լրատվականը ևս իր հոդվածներից մեկում, որը վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական ապատեղեկատվական քարոզչությանը, անդրադարձել է «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին՝ նշելով, որ այն հիմնադրվել է «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։
Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ վերը նշված աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թ․-ին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Մեկ այլ՝ ֆրանսիական հեղինակավոր Intelligence Online պարբերականը, այս տարվա մարտին իր հոդվածներից մեկում անդրադառնալով հիմնադրամին, նշել է, որ այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից և տարածում է ապատեղեկատվություն:
Կասկածելի ծագում ունի նաև London Times կոչվող հարթակը, որտեղ հրապարակվել է Հայաստանին վերաբերող հոդվածը։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի նմանությամբ ու կրկնօրինակմամբ այս հարթակի կայքում չկա նշում ծագման, ֆինանսավորման, խմբագրակազմի մասին, իսկ հոդվածները չունեն հեղինակներ։
Վստահություն չի ներշնչում նաև կայքի դիզայնը, մինչդեռ ԼինկդԻն սոցցանցում նշվում է, որ «Միացյալ Թագավորությունում գործող ազատ լրատվամիջոց է», ունի 2-10 աշխատող, իսկ նույն ցանցում հետևորդների թիվը հասնում է 120-ի։
Հատկանշական է, որ իբրև թե բրիտանական ծագման այս հարթակում՝ London Times-ում, մեծ ոգևորությամբ են գրել մայիսի 9-ի հաղթանակի օրվա ու այդ կապակցությամբ միջոցառումների մասին՝ համարելով այդ պահերը «հուզիչ ու կարևոր»։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ այս լրատվամիջոցի մասին․ մայիսի 11-ին, երբ FIP.am-ում դեռ նոր էր պատրաստվում այս հոդվածը, այդ կայքում հայտնվեցին հրապարակումներ, որոնք թվագրված էին հաջորդ օրվան՝ մայիսի 12-ին։
Այսպիսով, «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» այսպես կոչված «հետաքննությունը» ու դրա մեջ նշվող պնդումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում։ Բացի այդ, հիմնադրամի մասին բաց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա ֆինանսավորման աղբյուրները ռուսական ծագում ունեն։ Ռուսական հետքեր ունեն նաև այն հարթակները, որոնց միջոցով տարածվել է այդ «հետաքննությունը»։
Սյուզաննա Համբարձումյան