Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» հոդվածը։
Դրանում պնդում էր արվում, որ 2025 թվականի հունիսին Դիլիջանի ազգային պարկ է հասել Ֆրանսիական պետական միջուկային ընկերության միջուկային թափոնների առաջին խմբաքանակը։
Աղբյուրը պնդում էր նաև, թե միջուկային թափոնները Հայաստան արտահանելուն նախորդել է «հետաքրքիր ֆինանսական՝ 800,000 եվրո արժողությամբ գործարք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի համակարգած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»։
Հոդվածը հայերեն թարգմանել և հրապարակել էր հայաստանյան Mediamax լրատվամիջոցը՝ հրապարկման սկզբում նշելով, որ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։
Այնուհետև հրապարկումը լայնորեն տարածել էին նաև մյուս լրատվամիջոցները։
Հայաստանյան մամուլում courrierfrance24.fr-ի հրապարակմանն անմիջապես հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա հերքում էր տեղեկությունը։
Վարչապետի գրառումից անմիջապես հետո Mediamax-ը ներողություն խնդրեց իր ընթերցողներից և հանրությունից՝ ոչ վստահելի աղբյուրի հրապարակումը տարածելու համար։
«Նախքան մեկնաբանություններ ստանալը պարզեցինք, որ ցավալի սխալ ենք թույլ տվել՝ Courrier France 24-ը շփոթելով France 24-ի հետ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Courrier France 24-ը անհայտ ծագման լրատվամիջոց է: Հաշվի առնելով դա՝ հոդվածի հայերեն թարգմանությունը հեռացրել ենք կայքից»,- նշված էր Mediamax-ի հրապարակման մեջ։
Օրեր անց՝ հունիսի 30-ին, առանձին հերքում էր տարածել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Ըստ Mediamax-ի մեկնաբանության՝ հրապարակումը տարածել են, քանի որ աղբյուրը՝ Courrier France 24-ը, շփոթել են հեղինակավոր France 24-ի հետ․ ըստ էության, Courrier France 24-ը կիրառել է Doppelgänger-ի մեթոդը, որը վերջին տարիներին ապատեղեկատվական արշավների և անգամ մեդիագրագետ ընթերցողներին մոլորեցնող ամենատարածված ձևերից է։
Եզրույթը թարգմանաբար նշանակում է իրական մարդու կրկնօրինակ, սակայն թվային, տեղեկատվական համատեքստում այն ունի կեղծ, նմանակ կայքի կամ դոմեյնի նշանակություն։
Ինչպես է աշխատում այս մեթոդը․ նախ, փորձում են մոլորեցնել ընթերցողին: Ստեղծվում է կեղծ կայք, որի դոմեյնը կամ անունը շատ նման են իրական լրատվամիջոցի անվանը, օրինակ՝ BBC News-ին, սակայն իրականում այն կարող է լինել bcb-news.com, կամ ինչպես գործ ունենք վերոհիշյալ դեպքի հետ՝ France 24, բայց իրականում՝ courrierfrance24.com։ Ապա օգտագործվում է նույն կամ նման լոգոն, դիզայնը, լեզուն, որպեսզի ընթերցողի համար տարբերությունն աննկատ մնա։
Հաջորդիվ, դրանք բնականաբար տարածում են ապատեղեկատվություն և շատ հաճախ ակտիվանում են կարևոր քաղաքական հանրային իրադարձությունների ընթացքում՝ ընտրություններ, պատերազմներ, բնապահպանական կամ քաղաքական զգայուն այլ թեմաներ
Օրինակ, 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Կրեմլի քարոզչությունը միջազգային տեղեկատվական դաշտում սկսեց ակտիվորեն կիրառել Doppelgänger մեթոդը։
Այսպես, նույն France24-ը ծավալուն հետաքննությամբ բացահայտել էր այսպիսի բազմաթիվ նմանակ կայքեր. ըստ այդ բացահայտումների՝ 2023-2024 թթ․ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի լրատվամիջոցները (Le Monde, 20 Minutes, Die Welt, Bild, France 24 և այլն) ենթարկվել էին Doppelgänger արշավի, որի հետևում, ըստ հետաքննության հեղինակների, ռուսական տեղեկատվական ցանց էր կանգնած։
Ինչպես կեղծ լուրը դարձավ ադրբեջանական քարոզչության հարձակման հերթական առիթ
Կեղծ տեղեկությունը, թե իբր Ֆրանսիական Orano ընկերությունը միջուկային թափոններ է տեղափոխում և պահում Հայաստանի Դիլիջան ազգային պարկում, արագ վերածվեց Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչական արշավի հերթական առիթի։
Լուրն ակտիվորեն տարածեցին Բաքվի կողմից համակարգվող հայտնի ռեսուրսները (Caliber.az, Report.az, Trend, Аpa.az), ապա հաջորդեցին դրա վերաբարեյալ այսպես կոչված վերլուծական նյութերը (1, 2), որոնցում Հայաստանը մեղադրվում է «տարածաշրջանային անվտանգությանն ու շրջակա միջավայրին սպառնալու», ինչպես նաև «միջազգային պարտավորությունները խախտելու մեջ»։
Նանե Մանասյան