2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է ուղղել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ ծեծի միջադեպի վերաբերյալ։
Սիմոնյանը, մասնավորապես, հղում անելով մամուլին, նշել էր, թե դեպքը տեղի է ունեցել օրերս։
«Մամուլում տեղեկություն կա, որ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծի է ենթարկել ինչ-որ մեկին և պահանջել 10 մլն եվրո։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, կա՞ տենց տեղեկություն, գործ կա՞»,- հարցրել է Սիմոնյանը։
Ի պատասխան՝ Վարդապետյանն ասել է․ «Վախենում եմ սխալվել, որովհետև դատարանում մի գործ ունենք»։
Ընդհատելով Վարդապետյանին՝ Սիմոնյանն ասել է․ «Չէ, չէ, չէ, երեկ (2025 թվականի հուլիսի 3-ին) ա տեղի ունեցել»։
Այս դրվագից ժամեր անց, Ալեն Սիմոնյանը դարձյալ դիմելով Գլխավոր դատախազին, ուղղում է սխալը, ասելով, որ սխալվել է, իր մեջբերած նյութը հին է։ Մինչդեռ, նկատենք, Սիմոնյանի հայտարարությունը ոչ ճիշտ ժամանակագրությամբ դեպքի մասին, մեծ տարածում էր ստացել բազմաթիվ աղբյուրներով։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ, իսկապես, Ալեն Սիմոնյանի ներկայացրած միջադեպը հին է։
Ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Այսպես, խոսքը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի՝ Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ ծեծի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 3-4-ը։
Այն ժամանակ, գործարար Վահե Պարազյանը հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսի 3-ին՝ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում մարզասրահից դուրս գալիս, իրեն մոտեցել են Նարեկ Կարապետյանն ու նրա եռյակ «թիկնապահները», հարձակվել ու ծեծի են ենթարկել՝ պահանջելով 10 միլիոն եվրո։
Ըստ «Հետքի» հրապարակման՝ հաջորդ օրը՝ հուլիսի 4–ին, Վահեն զանգահարել է Կարապետյանին և հանդիպել նրան սրճարանում: Կարապետյանի եղբորորդին նրան սպառնացել է՝ առաջարկելով «ֆոնդ»՝ 10 մլն եվրո, հակառակ դեպքում՝ խոստանալով լուրջ խնդիրներ: Սրճարանում Վահեն կրկին ծեծի է ենթարկվել, անգամ ահաբեկել են նրա ընկերոջը:
Հուլիսի 4–ին, հարվածներից հետո, գործարարը տեղափոխվել է հիվանդանոց, ապա ցուցմունք տվել ոստիկանությունում։
Ինքը՝ Նարեկ Կարապետյանը, իր փաստաբանի հետ այն ժամանակ պնդել էր, որ տեղի ունեցածը կենցաղային վեճ էր, և որ «ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել»:
Իրավական հետևանքները
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ նշելով, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով հստակ ապացուցված է Նարեկ Կարապետյանի և նրա թիկնապահի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:
Նշվում է, որ ոչ միայն բռնություն է գործադրվել Պարազյանի նկատմամբ, այլ նաև վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչել: Բացի այդ, եղել է առանձնապես խոշոր չափի՝ 10.000.000 եվրո գումարի շորթման փորձ:
Ավելի ուշ՝ 2019 թվականի դեկտեմբերին, գործի շրջանակում Քննչական կոմիտեն հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել նաև «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին։ Սակայն, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ գտնվում է ՌԴ-ում:
Դատական տեղեկատվական համակարգից Fip.am-ը տեղեկանում է, որ դատարանի վարույթում այդպիսի գործ կա, որը 2019 թվականից մինչ օրս դատական քննության փուլում է։
Ավելին, 2021 թվականի սկզբին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Նարեկ Կարապետյանը անմեղ էր ճանաչվել, արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Արդեն 2022 թվականին տուժող կողմի վերաքննիչ բողոքը չէր բավարարվել, և Կարապետյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը մնացել էր անփոփոխ։
Այդուհանդերձ, տուժող կողմն ու Գլխավոր դատախազությունը չեն բավարարվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ և դիմել են Վճռաբեկ դատարան։
Հատկանշական է գործի քննության ընթացքը Վճռաբեկ դատարանում․ 2023 թվականի նոյեմբերին դատարանը որոշել էր գործը քննել գրավոր ընթացակարգով, սակայն մինչև վերջերս որևէ շարժ չի եղել։ 2025 թվականի հունիսի 6-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել Նարեկ Կարապետյանին արդարացնելու մասով վճիռը և բեկանված մասով գործն ուղարկել նոր քննության։ Հունիսի 20-ին գործը ընդունվել է վարույթ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում և հուլիսի 4-ին նախատեսված է եղել դատական նիստ։
Այսպիսով, թեև Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունը ճիշտ էր և դրա վերաբերյալ կա դատարան մտած քրեական գործ, լուրը հին էր՝ 2019 թվականի։
Նանե Մանասյան