BBC–ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը սեպտեմբերի 26–ին «Ի՞նչ եղավ» պոդքասթում ներկայացրել է իր գնահատականը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP / «Trump Route for International Peace and Prosperity») նախաձեռնության մասին։ Սակայն հաղորդման ընթացքում հնչած մի շարք պնդումներ փաստացի կամ կոնտեքստային առումով խեղաթյուրված են և չեն համապատասխանում առկա տվյալներին։
Ճանապարհի լայնությունը (6 կմ)
Աթանեսյանը պոդքասթում նշում է, թե այդ երթուղին «ասում են՝ ունի 6 կմ լայնություն»։ Fip.am–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ և պաշտոնական, և ոչ պաշտոնական աղբյուրներում չկա որևէ տեղեկություն, որը կհաստատեր այս տվյալը։ Հաղորդվող նյութերում քննարկվում է երթուղու հնարավոր երկարությունը՝ 42 կմ, սակայն կոնկրետ 6 կմ լայնության պնդումը փաստերով չի հիմնավորվում։
«99 տարի» և «ամերիկյան ընկերություն» արտահայտությունների մասին
Գրիգոր Աթանեսյանը պոդքասթում նշում է, որ ճանապարհը «99 տարով շահագործելու է ամերիկյան ընկերություն»։ Այս տեղեկությունը, որը հնչում է BBC-ի ռուսական ծառայության եթերից ոչ միայն անճշտություն է, այլև հակասում է օգոստոսի 8–ի հռչակագրի և ավելի ուշ հրապարակված պաշտոնական հուշագրերի տրամաբանությանը։
Օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրում նշվում է կողմերի փոխգործակցության և Հայաստանի ենթակառուցվածքների բարելավման մասին, ձեռք բերված քայլերի մասին, և որևէ տեղ չի նշվում «99 տարվա վարձակալության» կամ ճանապարհի բացառապես ամերիկյան կառավարմանը հանձնելու մասին։
Ընդհանրապես մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում նշվում է ներդրողների՝ հայ–ամերիկյան կամ միջազգային կազմով ներգրավվելու պայմանը, իսկ 99 տարով վարձակալության մասին վերջին հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր․ «99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ, այսինքն` պայմանավորվածություն կա այն բաների մասին, որոնք գրված ու հրապարակված են, այսինքն` ժամկետ, որևէ տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք է քննարկենք։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»։
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն ու «միջանցք» տերմինը
Ի դեպ, պոդքասթի ընթացքում լրագրողը պարբերաբար հիշատակում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, մինչդեռ հայկական կողմը այդ ճանապարհն անվանում է «Խաղաղության խաչմերուկ», որի մասին նշում կա նաև հայ–ամերիկյան հուշագրերում։
Օգոստոսի 8-ի հռչակագրում հստակ ամրագրված են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն։
Իրանի դիրքորոշման մասին
Գրիգորի Աթանեսյանը աղավաղված է ներկայացնում իրանական կողմի դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ․ նա հիշատակում է միայն օգոստոսի 8-ին ստորագրման հայտնի արարողությունից անմիջապես հետ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը, թե «Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի»։
Սակայն չգիտես՝ ինչու, Աթանեսյանը մոռանում է դրանից հետո Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Մասնավորապես, Իրանի նախագահը օգոստոսի 19-ին եկել էր Հայաստան և պաշտոնական հաղորդագրության համաձայն, «․․․կողմերը վերահաստատել են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծել տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա»։ Իրանի նախագահը որևէ դժգոհություն չէր հայտնել հայ–ամերիկյան ապագա համագործակցության վերաբերյալ։
ԶՊՄԿ–ի սեփականատերերի մասին պնդումը
Մյուս սխալ տեղեկությունը, որ հաղորդում է Աթանեսյանը BBC–ի եթերից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերի մասին է։ Նա պնդում է, թե գործարանի «սեփականատերերը ռուսներ են»։ Մինչդեռ այդպես չէ, և ռուսները բացարձակ կառավարում չունեն կոմբինատում․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնեմասերի 25 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը։
Այսպիսով, լրագրող Գրիգոր Աթանեսյանը Հայաստանում կարևոր իրադարձությունների վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության եթերում փաստական սխալներ է թույլ տվել, խեղաթյուրված ներկայացրել այդ իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները։
Հասմիկ Համբարձումյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




