5-րդ ալիքի եթերում տարածվել է պնդում, թե հունվարի 14-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի համաձայն՝ ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղներ է արդյունահանելու Հայաստանից։
Լրագրողը, հղում անելով ռեպորտաժում փորձագետ ներկայացվող Հովհաննես Ավետիսյանին, պնդում է, թե ԱՄՆ-ն՝ ՀՀ-ում արվող իր ներդրումները վերադարձնելու է հազվագյուտ մետաղների պաշարներով, և դեռ մի բան էլ ենթադրում՝ Սյունիքի մարզից արդյունահանվող։
Փորձագետ ներկայացող Ավետիսյանը այդ համատեքստում մանիպուլյատիվ զուգահեռներ է տանում Հայաստանի ու Ուկրաինայի դեպքերի հետ։
«Աա էն ա, ինչի համար իրենց նաև հետաքրքիր է Ուկրաինան, որի վերաբերյալ պարտադրեցին Զելենսկուն, գիտեք՝ ինչ վատ ձևի պարտադրեցին, խայտառակ անելով ստորագրի համաձայնագիր, որով ռեսուրսների կեսը հազվագյուտ մետաղների տալու են ԱՄՆ-ին»,- ասել է նա։
Ի՞նչ է գրված փաստաթղթում
Այսպես, համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում տեղադրված փաստաթղթի՝ ի թիվս նախագծից ԱՄՆ այլ ակնկալիքների, բառացիորեն նշված է․ «Առևտրի կապը տարածաշրջանում՝ հումքը, կարևորագույն հանքանյութերը և հազվագյուտ մետաղները ամերիկյան շուկաներ բերելու համար»։
Ձևակերպման մեջ չի նշվում, որ ԱՄՆ-ն ակնկալում է Հայաստանից հանքային պաշարներ արդյունահանել՝ «արդյունահանում» բառն առհասարակ չկա խնդրո առարկա պարբերության մեջ։ Ավելին՝ «առևտրային կապը տարածաշրջանում» ձևակերպումը վերաբերում է տարածաշրջանում նոր լոգիստիկ կապերի միջոցով ԱՄՆ բերվող (օրիգինալ տեսքտում՝ bring) հանքային պաշարներին։
Ավետիսյանը իր կեղծ թեզն ամրապնդող՝ ոչ տեղին զուգահեռ է տարել Ուկրաինայի հետ․ մինչդեռ իրավիճակներն ընդհանրապես նույնական չեն։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ ընդերքի շահագործման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել, մինչդեռ Հայաստանի հետ ստորագրվել է ենթակառուցվածների ստեղծման, զարգացման և շահագործման համաձայնագիր։
Փաստացի, ստորագրված փաստաթղթում չկա Հայաստանում հանքերի շահագործման մասին հիշատակում, միայն նշվում է «Թրամփի ուղով» ԱՄՆ փոխադրվող հանքանյութերի մասին։ Այսպիսով TV5-ի բանախոսի պնդումը սխալ է։
Կարդացեք նաև՝ «Միրզոյան-Ռուբիո հանդիպումը պլանավորվել է Իրանում ցույցերից շաբաթներ առաջ․ կեղծիք ու մանիպուլյացիա TV5-ի եթերում»
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր



