Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Երևանի «Օղակաձև» այգում կառույցների ապամոնտաժման հարցին, նշել էր, որ Երևանի այգիներում կան տարածքներ, որոնք սեփականաշնորհված են։
«…Այստեղ նորից վերադառնում ենք օրենքին՝ եթե դա սեփականաշնորհված տարածք է, չգիտեմ…։ Մենք նույնիսկ այգիների մեջ ունենք սեփականաշնորհված տարածքներ, որը շատ զարմանալի է…»,- հայտարարել էր Արթուր Մեսչյանը (Տեսանյութ՝ 1։18։55- 1։19։00):
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Օղակաձև այգում կան սեփականաշնորհված տարածքներ, Մեսչյանը պատասխանեց՝ ոչ (Տեսանյութ՝ 1։19։16-1։19։22 ):
FIP.am-ը հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե Երևանի ո՞ր այգիներում կան սեփականաշնորհված տարածքներ։
Քաղաքապետարանի պատասխանը, սակայն, հակասում է Մեսչյանի հայտարարությանը։
«Երևանի այգիներում հողամասերը տրամադրված են վարձակալության կամ կառուցապատման իրավունքով: Օտարվել է միայն Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տեղակայված «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի փաստացի զբաղեցրած 1922.28 քմ մակերեսով հողամասից ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանող շինության տակ գտնվող 976.36 քմ մակերեսով հողամասը»,- նշված է պատասխանի մեջ։
Փաստորեն, ըստ քաղաքապետարանի, Երևանի բոլոր այգիներից միայն Օղակաձև այգում կա օտարված տարածք։
Իսկ «Թեքեյան կենտրոնի» տարածքը, ըստ հիմնադրամի կայքի, գնվել է 1992-ին։ Նախկինում հիմնադրամի տարածքում եղել է «Կռունկ» ռեստորանը, որը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գնել և վերակառուցել է։ 1997-ին կենտրոնը պաշտոնապես բացվել է։ «Թեքեյան Կենտրոնն» իրականացնում է մշակութային, կրթական, սոցիալական և այլ ծրագրեր, որոնց իրականացման համար միջոցները գոյանում են, մասնավորապես, Թեքեյան Բիզնես Կենտրոնի հասույթից և նվիրատվություններից: