«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի ամբիոնից, խոսելով ներդրումների մասին, հայտարարեց, որ ներդրողների հետ աշխատանքը ՀՀ-ում զրոյական մակարդակի վրա է։
«Վաղը Վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր, և դուք կտեսնեք, որ էն, ինչ ես ասում էի հունվար-հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերը ավելի խայտառակ վիճակ ա լինելու։ Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրումներ չեն գալի»,- նշեց Մելքումյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ՀՀ-ում արված ներդրումների վիճակագրությունը, համեմատել 2018 և 2019 թվականների առաջին ինն ամիսների ցուցանիշները։
Ի՞նչ են ներդրումները
Ներդրումները տնտեսական կյանքի կարևորագույն բաղադրիչ են, դրանք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու աշխատուժի որակի բարձրացմանը, իսկ երկրի բյուջեի համար հարկային եկամուտների ավելացման հիմք են։ Հենց սա է պատճառը, որ պետության համար խնդիր է ներդրողների համար գրավիչ միջավայր, տնտեսություն ունենալը, իսկ ներդրումների հոսքը մեծապես պայմանավորված է տվյալ երկրի ներսում ընթացող քաղաքական և տնտեսական զարգացումներով։
Ներդրումների մասին ցուցանիշներն արտացոլված են Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռի ուղղակի ներդրումների բաժնի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողում։ Հենց սա է հիմք ընդունվում նաև Համաշխարհային բանկի համար իր զեկույցները կազմելիս։
Կենտրոնական բանկն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալները կամփոփի և կհրապարակի միայն տարեվերջին, այդ իսկ պատճառով վերլուծության համար հիմք են վերցվել միայն առաջին կիսամյակի տվյալները։
Ըստ այդմ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ներդրումների ծավալը կազմել է 34․6 մլն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 54․6 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում ներդրումների ծավալը կազմել էր 94․4 մլն դոլար, երկրորդ եռամսյակում՝ 14․1։ Երկրորդ եռամսյակի ցածր ցուցանիշը մեծամասամբ կարելի է կապել այդ ժամանակահատվածում երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հետ։
Ներդրումների ամփոփ ցուցանիշներ հրապարակում է նաև Վիճակագրական կոմիտեն։ Ըստ կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսության իրական հատվածում կատարված ընդամենը օտարերկրյա ներդրումների (ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները միասին) զուտ հոսքերի ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է մոտ 128 մլրդ 251 մլն դրամ կամ մոտ 270 մլն դոլար։ Ուղղակի ներդրումները կազմել են մոտ 32 մլրդ 608 մլն դրամ կամ 68,5 մլն դոլար։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներդրումները կազմել էին -441 մլն դրամ, այսինքն կապիտալի արտահոսքն ավելի մեծ էր եղել, քան ներհոսքը։ Նախորդ տարվա առաջին ինն ամիսներին ուղղակի ներդրումները կազմել էին մոտ 61 մլրդ 350 մլն դրամ կամ 129 մլն դոլար։
Ուսումնասիրելով Հայաստանում ներդրումների աշխարհագրությունը՝ տեսնում ենք, որ 2018 թ․ առաջին ինն ամիսներին մի քանի ուղղություններից բավականին մեծ ծավալով ներդրումային հոսքեր են եկել Հայաստան, որոնք այս տարի էականորեն նվազել են։ Դրանցից ամենաակնառուն, թերևս, Ջերսիից արված ներդրումներն էին, որոնք այս տարի պարզապես բացակայում են։ Սա պայմանավորված է Ամուլսարի հանքի շահագործման կասեցմամբ, քանի որ հենց Ջերսիից եկող ֆինանսական միջոցներն էին ուղղվում Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներին։ Ներդրումների նվազման միտումներ են նկատվում նաև Լիբանանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից և Միացյալ Թագավորությունից։
Ինչ վերաբերում է ներդրումների աճին, ապա այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով Հայաստանում ամենաշատ ներդրումները եղել են Ռուսաստանից։ Այս երկրից ներդրումները կազմել են 130 մլն դոլար՝ նախորդ տարվա 20 մլն դոլարի համեմատ։ Ներդրումային հոսքերը բավականին տպավորիչ աճել են նաև Լյուքսեմբուրգից, Իտալիայից, Արգենտինայից և Գերմանիայից։
Հավելենք նաև, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումները կազմել են մոտ 2,2 մլրդ դոլար, որից ուղղակի ներդրումները՝ ավելի քան 450 մլն դոլար է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը համապատասխանաբար 1,7 մլրդ և 380 մլն դոլար էր։
Այսպիսով, համեմատելով այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանում կատարված ներդրումային հոսքերը նախորդ տարվա ցուցանիշների հետ, կարող ենք փաստել, որ չնայած Միքայել Մելքումյանի կանխատեսումը` ներդրումների նվազման մասով չի իրականացել, սակայն երկրում դեռևս չի նկատվում «ներդրումային բում»։
Սևադա Ղազարյան