Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը փետրվարի 6-ին 168.am-ի «Պրեսինգ» հաղորդման ընթացքում խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և կառավարության կողմից օրենսդրական փոփոխությունների նախագծերի մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Շատ վտանգավոր օրենքների նախագծեր են քննարկում՝ էդ որ կարող են գույքդ ձեռքիցդ վերցնել՝ առանց դատարանի։ Պատկերացրեք, որ այդպիսի օրենք անցավ։ Եվ եթե Սահմանադրական դատարանը չեզոքացնեն կամ փոխելով, իրենց մարդկանց նշանակելով, կամ մի կողմ թողնելով՝ հաշվի չառնելով ՍԴ-ի կարծիքը, էդ օրենքը մտցնեն, դա նշանակում է՝ իշխանությունը կունենա մահակ ամեն մեկի գլխի վրա..»:
Վազգեն Մանուկյանի մատնանշած «վտանգավոր նախագիծը» վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Սակայն Հանրային խորհրդի նախկին նախագահը սխալ է մեկնաբանում և ներկայացնում օրենքի էությունը:
Կառավարության ներկայացրած նախագիծը
Կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հավանության արժանացրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը և ուղարկեց այն Ազգային ժողով: ԱԺ կայքում փոփոխությունների նախագիծը հրապարակվել է այս տարվա հունվարի 10-ին: Նախագիծը դեռևս չի ընդգրկվել 7-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգ:
Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է մի շարք դրույթներ, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք այլ հարաբերություններ:
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ օրենքի այս նախագիծը ենթադրում է, որ որևէ անձի պատկանող գույքը հնարավոր կլինի բռնագանձել առանց դատարանի: Սակայն օրենքի նախագծում, իրականում, նախատեսվում է ապօրինի գույքի բռնագանձում՝ առանց մեղադրական դատավճռի, այլ ոչ թե առանց դատարանի որոշման: Այս կարգավորման վերաբերյալ առկա են լայնածավալ բացատրություններ նախագծի հիմնավորման մեջ:
Այսպես, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը չի նշանակում գործողություններ իրականացնել՝ առանց դատարանի։ Օրենքը, պարզապես, սահմանում է, որ բռնագանձման թույլտվություն տրվում է ոչ թե Քրեական, այլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով: Ըստ այդմ էլ՝ բռնագանձման վերաբերյալ կայացվում է ոչ թե դատավճիռ, այլ որոշում:
Մյուս կողմից՝ գույքի՝ ապօրինի լինելու վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որպես մեղադրյալ ներգրավված անձ և առկա բավարար հիմքեր՝ կասկածելու, որ գույքն ունի ապօրինի ծագում: Սակայն լինում են դեպքեր, երբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է (օրինակ, ընդունվել է համաներման մասին օրենք, անցել են վաղեմության ժամկետները, անձը մահացել է և այլն): Այդ խնդիր լուծման համար էլ առաջարկվում են փոփոխություններ, որոնցով այսպիսի դեպքերում դատախազությունն արդեն կկարողանա հայց ուղարկել դատարան, որտեղ քննությունը կատարվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Դատարանը ստուգելու է հայցի հիմնավորվածությունը, կողմերի (այդ թվում՝ պատասխանողի) փաստարկները, որից հետո միայն կայացնելու է որոշում:
Այսինքն՝ Վազգեն Մանուկյանի պնդումը, թե նոր նախագծով գույքը բռնագանձվելու է առանց դատարանի որոշման, չի համապատասխանում իրականությանը:
Անի Ավետիսյան