Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 30-ին, ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը այցելել է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման և պարզաբանում ստանալու Տեր-Մարգարյանի կողմից իր հասցեին օրերս հնչեցրած հայհոյանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ միջադեպից օրեր առաջ Չախոյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ հայտնել էր, որ նոր վերանորոգված Երևանի թիվ 110 մանկապարտեզն արդեն փլուզվում է և որ «մսխվում են պետական միջոցները»։ Դրանից հետո Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել էր նրան, հայհոյել և սպառնացել։
Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել էր Տիգրան Տեր–Մարգարյանի լուսանկարը և Չախոյանի հետ վրան յոգուրտ լցրել՝ ասելով, որ սա հենց նրա հայհոյանքների պատասխանն է։
Այսօր արդեն՝ ապրիլի 30-ին, վարչական շրջանի ղեկավարի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով Արթուր Չախոյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի հատվածում վնասվածքներով։ Ոստիկանությունը ձերբակալել է միջադեպին մասնակցած 6 անձի։
Միջադեպին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա, մասնավորապես, պնդել է, թե Չախոյանը ֆինանսավորվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի կողմից։
«Թեև հայտնի բլոգերը վաղուց ֆինանսավորվում է Անդրանիկ Թևանյան-Ռոբերտ Քոչարյան դաշինքից, իր նկատմամբ բռնությունը սխալ էր ու խիստ դատապարտելի»,- մասնավորապես, գրել է Իոաննիսյանը։
Հատկանշական է, որ Իոաննիսյանը մի քանի անգամ խմբագրել է իր գրառումը. սկզբնական տարբերակում նա գրել է, թե Նոր Նորքի թաղապետը թիրախավորվում է ակտիվիստի կողմից, քանի որ «այցելել է Ուկրաինայի Բուչա քաղաք»։
2024 թվականի հունիսին Տեր-Մարգարյանն իսկապես այցելել էր Ուկրաինայի Կիևի մարզի Բուչա քաղաք՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ միասին։
Նա այնտեղ ծաղիկներ էր խոնարհել 2022 թվականի մարտին ՌԴ զինված ուժերի կողմից Բուչայի սպանդին զոհ գնացած խաղաղ բնակիչների հիշատակին նվիրված հուշարձանին։
Չնայած ավելի ուշ Իոաննիսյանը հեռացրել էր գրառումից այդ հատվածը, սակայն կարևոր է ընդգծել, որ Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում բազմիցս անդրադարձել է այլ վարչական շրջաններում առկա խնդիրներին ևս՝ գնահատելով դրանց ղեկավարների կառավարումը։ Հետևաբար, պնդումը, թե Տեր-Մարգարյանի թիրախավորումը պայմանավորված է ՌԴ-ի կողմից խաղաղ բնակիչների սպանդի վերաբերյալ դիրքորոշմամբ, խիստ սուբյեկտիվ է։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով բաց աղբյուրները, ծանրակշիռ փաստեր ու ապացույցներ չգտավ Չախոյանի՝ «Մայր Հայաստանի» կողմից ֆինանսավորվելու վերաբերյալ։
FIP.am-ն Իոաննիսյանից խնդրեց տրամադրել փաստեր, ապացույցներ, որոնք կվկայեն ակտիվիստի՝ «Մայր Հայաստանի» կողմից ֆինանսավորվելու մասին։
«Կապված բլոգերների, հանրային գործիչների, լրատվամիջոցների ֆինանսավորման հետ, իմ պնդումն այն է, որ բոլորի ֆինանսավորումը պետք է լինի թափանցիկ, այլ մեկնաբանություն չունեմ»,- ասաց Իոաննիսյանը։
ԻՔՄ ծրագրերի համակարգողը փաստացի, չտրամադրեց իր պնդումը հիմնավորող փաստեր։ Այսպիսով, Չախոյանի ֆինանսավորման մասին պնդումը փաստահեն չէ։
Նանե Մանասյան