Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը, վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել։ Վարչախումբը հանկարծ որոշել է «բարելավել» առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները՝ ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, դրանք ձևակերպելով որպես «պետական» ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը»։
Գրառումն արագ տարածվել է մի շարք լրատվամիջոցներում` aravot{.}am, panorama{.}am, Tert{.}am և այլն (1, 2, 3, 4), ինչպես նաև սոցիալական մեդիայում։ «Լուսավոր Հայաստանից» նախկին պատգամավոր, այժմ «Հայաքվե» խմբի անդամ Աննա Կոստանյանը նույնպես տարածել էր այդ գրառումը, որակել այն «թարմ ընտրակաշառք»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ավետիք Քերոբյանի մատնանշած կառավարության որոշումը, ինչպես նաև գրառումը վերատպած լրատվամիջոցների հրապարակումների ժամանակագրությունն ու պարզել, որ հրապարակումը շրջանցում է որոշման ընդունման կարևոր համատեքստն ու դրա շահառուների շրջանակը։
Ի՞նչ է նախատեսում կառավարության որոշումը
Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունված N 748-Ա որոշմամբ նախատեսվում է ներել 2023 թվականին պետությանը փոխանցված որոշ վարկային պարտավորություններ, որոնք հիմնականում վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և արդեն գտնվում են հարկադիր կատարման փուլում։
Խոսքը այն պարտավորությունների մասին է, որոնց հիմնական գումարը յուրաքանչյուր պարտապանի դեպքում պետությանը փոխանցման օրվա դրությամբ չի գերազանցել 5 մլն դրամը։ Որոշումը վերաբերում է նաև շարժական գույքի գրավով (բացառությամբ՝ ոսկյա իրերի) ապահովված որոշ պարտավորությունների։
Որոշման արդյունքում քաղաքացիները կազատվեն կատարողական վարույթների շրջանակում առաջացած ծախսերից, իսկ նրանց բանկային հաշիվների և գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները կվերացվեն։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նման պարտավորությունների պատճառով մի շարք քաղաքացիներ չեն կարողանում լիարժեք օգտվել սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերից, իսկ պարտքերի մի մասն էլ համարվում է փաստացի անհուսալի։

Այսպիսով, Ավետիք Քերոբյանը կառավարության N 748-Ա որոշումը ներկայացրել է որպես «ընտրակաշառք»՝ առանց մանրամասնելու, որ այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների՝ պետությանը փոխանցված և հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին։
Հետևաբար, Քերոբյանի գրառումը, որը տարածվել է մի շարք մեդիաներում, շրջանցում է որոշման ընդունման առանցքային համատեքստը․ այն մոլորեցնող է և կարող է շփոթության մեջ գցել ընթերցողին՝ ձևավորելով ոչ ամբողջական պատկերացում որոշման նպատակի և շահառուների վերաբերյալ։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր





