«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն չի արել։ «Ադրբեջանի նախագահի մակարդակով վերջին հայտարարությունը, որ գտնվում է, 2022 թվականից է, ինչո՞ւ չի շարունակվում, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը երկու սցենարն էլ պատրաստ է պահում», — ասել է իշխանական պատգամավորը։
Հարցազրույցի մեկ այլ դրվագում Կարապետյանը նկատում է, որ Հայաստանի ընդդիմությունը «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին ադրբեջանական տարբեր կազմակերպությունների ու գործիչների խոսույթն է տարածում ու հավելում․ «Ի՞նչ են արել, լավագույն բանը, որ գտել են 2022 թվականին Ադրբեջանի նախագահի հայտարարությունն է այդ նույն թեմաների վերաբերյալ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է վերջին հայտարարությունը, որը ընդդիմությունը փրձել է փորել-գտնել, 2022 թվականին»։
Պատգամավորը նաև կրկնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը հայելային արձագանքն է Հայաստանի ընդդիմության հայտարարությունների ու այն պատկերի, որ Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմությանը հատկացված տեղերում շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի դրոշը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է իշխանական պատգամավորի պնդումները և պաշտոնական Բաքվի հայտարարությունների ժամանակագրությունը։ Իրականում, Մարիա Կարապետյանի հայտարարությունը, թե Իլհամ Ալիևի մակարդակով «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով վերջին հայտարարությունը 2022 թվականից է, չի համապատասխանում իրականությանը, սխալ է։ Ադրբեջանի նախագահը և պետական քարոզչամեքենան 2022-ից հետո ոչ միայն չեն դադարեցրել այս խոսույթը, այլև այն տեղափոխել են պաշտոնական, ինստիտուցիոնալ և միջազգային հարթակներ։
«Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի հայտարարությունները 2022-ից հետո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» մասին ծրագրային ելույթ ունեցել է 2022-ի դեկտեմբերի 24-ին հենց «Արևմտյան Ադրբեջան համայնքի» (Western Azerbaijan Community) գրասենյակում։ Իր այս ելույթում նա բառացի հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի հարցը միջազգային օրակարգ բերելը մեր հիմնական նպատակն է»։ Այդ օրը նա բառացի ասել է հետևյալը․ «Համոզված եմ՝ կլինի ժամանակ, երբ մեր հայրենակիցները Արևմտյան Ադրբեջանից, նրանց հարազատները, երեխաները և թոռները կվերադառնան մեր պատմական հողեր, Արևմտյան Ադրբեջան»։
Նույն շեշտադրումով նրա հայտարարությունները շարունակվել են նաև դրանից հետո, 2023 թվականի ընթացքում։ Այսպես, 2023-ի հունվարին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որտեղ նշել է, թե «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները իրավազուրկ են և «նրանք պետք է վերադառնան իրենց հողեր»։
2023 թվականի ընթացքում Ալիևը մի քանի անգամ խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեմայից, օրինակ, 2023-ի օգոստոսին «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում նա բարձրացրել է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը։
Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին իրականացրած էթնիկ զտումից հետո ևս Ալիևը խոսել է «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին ու, օրինակ, 2024-ին իր ելույթներից մեկում հայտարարել․ «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի համայնքի (նկատի ունի Արևմտյան Ադրբեջան համայնքը-ծմբ․) հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ավելին, Հայաստանը պետք է թույլտվություն տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը այցելելու և հետևողական լինելու ադրբեջանական ժողովրդի պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակին և համագործակցի այս հարցում»։
2024-ի մեկ այլ ելույթում էլ լավատեսություն է հայտնել «արևմտյան ադրբեջանցիների հնարավոր վերադարձի կապակցությամբ»։
«Պատմական հողեր» վերադարձի մասին Ալիևը խոսել է նաև 2025-ի նոյեմբերին։
Այս փաստական տվյալները ցույց են տալիս, որ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ «Արևմտյան Ադրբեջանի» թեման 2022 թվականից հետո ոչ միայն չի անհետացել Ադրբեջանի նախագահի խոսույթից, այլև պարբերաբար հայտնվել է նրա քաղաքական խոսույթում։
Ալիևը 2023-2024 թվականներին բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ տարբեր ձևակերպումներով խոսելով «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի», «պատմական հողերի», «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Հայաստանի հետ այդ հարցով բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահը թեմային պարբերաբար անդրադարձել է ինչպես ներքին լսարանի, այնպես էլ միջազգային հարթակներում ունեցած իր ելույթներում։
Հետևաբար Մարիա Կարապետյանի պնդումը, թե Իլհամ Ալիևի մակարդակով «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով վերջին հայտարարությունը 2022 թվականի է, սխալ է։ Բաց աղբյուրներում առկա են 2023, 2024 և նույնիսկ 2025 թվականներին Ալիևի բազմաթիվ հրապարակային հայտարարություններ, որոնցում նա շարունակել է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։
Հասմիկ Համբարձումյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր





