2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է փոփոխված համակարգի աշխատանքը՝ պարզելու, թե ինչպես է այն գործում, ինչ արդյունքներ են արձանագրվել և ինչ են ցույց տալիս ՆԳՆ-ի ներկայացրած տվյալները։
Ինչպես է աշխատում նոր 112-ը
ՆԳՆ-ն 112 միասնական հեռախոսահամարը գործարկել է այս տարվա փետրվարի 15-ին։ Այն ստեղծվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում։
Այսինքն՝ նախկինում 102 և 911 համարներով սպասարկվող զանգերն այժմ կառավարվում են մեկ համակարգի միջոցով։
Նոր կենտրոնի ստեղծումը նախատեսված էր դեռևս Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ։ Համակարգի ներդրման առաջին փուլով նախատեսված էր միավորել Ոստիկանության և Փրկարար ծառայության զանգերի սպասարկումը, իսկ հաջորդ փուլում՝ 2027 թվականի սկզբից, համակարգին ինտեգրել նաև շտապօգնության՝ 103 ծառայությունը։
Հետևաբար, 112-ն այս պահին դեռ չի միավորում արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին անհրաժեշտ բոլոր հիմնական ծառայությունները։
ՆԳՆ-ից FIP.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ կենտրոնում փոխվել է նաև զանգերի բաշխման տրամաբանությունը։
Յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ չսպասարկված զանգը փոխանցվում է հաջորդ ազատ օպերատորին՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ մարզից է այն ստացվել։
Նախարարության պնդմամբ՝ կենտրոնի աշխատանքի որակի չափանիշները սահմանվել են՝ հիմք ընդունելով NENA-ի՝ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների հեռախոսահամարների ազգային ասոցիացիայի չափանիշները:
Զանգերի 67.6%-ին պատասխանում են 15 վայրկյանում
ՆԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ կենտրոնի գործարկումից հետո ահազանգերի 67.6%-ին պատասխանվել է 15 վայրկյանի ընթացքում։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մի առիթով հայտարարել էր, որ զանգերի կառավարման միասնական համակարգի համար սահմանվել է միջազգային չափանիշ, ըստ որի՝ զանգին պետք է պատասխանել 15 վայրկյանի ընթացքում, իսկ կենտրոնի զանգերի 67.6%-ն արդեն սպասարկվում է այդ ժամանակահատվածում։
Միաժամանակ, ՆԳՆ-ն ապրիլին մեկ այլ ցուցանիշ էր հրապարակել․ նախարարությունը հայտնել էր, որ նոր համակարգի աշխատանքի տրամաբանությամբ յուրաքանչյուր ահազանգի պետք է պատասխանել մինչև 10 վայրկյանում, իսկ ահազանգը վերլուծելու և համապատասխան ուժերին փոխանցելու ամբողջ գործընթացը պետք է տևի առավելագույնը 60 վայրկյան։
Այսպիսով, հրապարակային պաշտոնական աղբյուրներում հանդիպում են զանգին պատասխանելու երկու տարբեր՝ 10 և 15 վայրկյան ցուցանիշներ։
Տարբեր օրերին և տարբեր ժամերին FIP.am-ի թղթակցի կատարած ստուգողական զանգերը մինչև 10 վայրկյանում պատասխան են ունեցել։
Չպատասխանված զանգերի թիվը նվազել է
ՆԳՆ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ առանց պատասխանի ավարտված ահազանգերի մասնաբաժինը մարտին կազմել է 14.5%, իսկ մայիսին նվազել մինչև 3.4%։ Այսինքն՝ նախարարության տվյալներով՝ ընդամենը երկու ամսում ցուցանիշը նվազել է ավելի քան չորս անգամ։
Զանգերի 2.5-ապատիկ աճը 25-ի և 26-ի առաջին կիսամյակներում
Ըստ ՆԳՆ-ի՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ստացված զանգերի թիվը կազմել է շուրջ 400 հազար, իսկ 2026 թվականին՝ շուրջ 1 միլիոն։ Այս թվերի համադրմամբ նախարարությունը արձանագրում է զանգերի շուրջ 2.5-ապատիկ աճ։
Իսկ 2026 թվականի հունվարին նախարարությունը հայտնել էր, որ միայն Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնը 2025 թվականի ամբողջ ընթացքում ստացել է շուրջ 1 միլիոն 99 հազար զանգ։ Այսինքն՝ 2026-ի առաջին կիսամյակում զանգերի թիվը հասել է 2025-ի ամբողջ տարվա ցուցանիշին։
Տեղեկատվական բնույթի զանգերը
ՆԳՆ-ի տվյալներով՝ 2025 թվականին Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն ստացված 1 միլիոն 99 հազար 114 զանգից 426 հազար 334-ը եղել է տեղեկատվական բնույթի, այսինքն՝ քաղաքացիները հայցել են որևէ տեղեկություն։
Տեղեկատվական զանգերը կազմել են ընդհանուրի շուրջ 38.8%-ը։
Ամեն վեցերորդ զանգը՝ մեքենաներից
Նոր համակարգի մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է eCall համակարգին։ eCall-ը ավտոմեքենաներում տեղադրված համակարգ է, որը վթարի դեպքում կարող է ավտոմատ կերպով կամ մեքենայում գտնվող անձի գործողությամբ արտակարգ ահազանգ փոխանցել համապատասխան ծառայությանը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ կենտրոն ստացված զանգերի շուրջ 17%-ը eCall զանգեր են՝ ավտոմեքենաների SOS համակարգերի միջոցով կատարված ահազանգեր։
Ստացվում է՝ ըստ ՆԳՆ-ի տրամադրած տվյալների՝ 112 կենտրոն հասնող գրեթե յուրաքանչյուր վեցերորդ զանգը կատարվում է այս համակարգի միջոցով։
Այսպիսով
112 միասնական կենտրոնի գործարկմամբ փոխվել է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված ահազանգերի կառավարման համակարգը․ նախկինում առանձին կենտրոններ հասնող զանգերն այժմ սպասարկվում են միասնական համակարգով և բաշխվում ազատ օպերատորների միջև։
ՆԳՆ-ի տվյալներով՝ նոր համակարգի գործարկումից հետո նվազել է առանց պատասխանի ավարտված զանգերի մասնաբաժինը․ մարտի 14.5%-ից այն մայիսին հասել է 3.4%-ի։ Միաժամանակ, ահազանգերի 67.6%-ին պատասխան է տրվում 15 վայրկյանի ընթացքում։
Սակայն կենտրոնի աշխատանքի վերաբերյալ ներկայացված տվյալները մի շարք լրացուցիչ հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, պաշտոնական աղբյուրներում զանգին պատասխանելու համար նշվում են երկու տարբեր՝ 10 և 15 վայրկյան չափանիշներ։
Զանգերի 2.5-ապատիկ աճն էլ պետք է դիտարկել այն հանգամանքի համատեքստում, որ 2026 թվականից մեկ համակարգում են հաշվառվում նախկինում տարբեր կենտրոններ ուղղված զանգերը։ Հետևաբար միայն զանգերի ընդհանուր թվի աճը դեռ չի նշանակում, որ քաղաքացիներն սկսել են ավելի հաճախ ահազանգել կամ արտակարգ դեպքերի թիվն է ավելացել։
Այսպիսով, ՆԳՆ-ի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ 112-ի գործարկումից հետո փոխվել է զանգերի կառավարման և սպասարկման համակարգը, սակայն դրա արդյունավետությունը նախորդ համակարգի հետ ամբողջությամբ համեմատելու համար անհրաժեշտ են նույն մեթոդաբանությամբ հաշվարկված և համադրելի տվյալներ։
Արեն Նահապետյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր



