Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է մի լուսանկար, որն իբր թե արված է կանադական Քվեբեկ քաղաքում։ Լուսանկարը տարածողները պնդում են, թե պատկերված է Ս. Լոուրենս գետի վրա կառուցված Samuel De Champlain կամուրջը, որի տակ հայտնվել են հսկայական մայր կետը ձագի հետ։ Fip.am-ը պարզեց, որ լուսանկարն իրական չէ։ Հատկանշական է, որ լուսանկարը տարածվում է հիմնականում Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով` հուլիսի 28-ից հետո։
Fip.am-ը որոշեց գնալ տարածված լուսանկարի հետքերով և պարզել, թե ինչպես է այն հայտնվել համացանցում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հուլիսի 29-ին կանադացի օգտատերերից մեկի կողմից հրապարակված լուսանկարը Ֆեյսբուքում տարածվել է ավելի քան 30 հազար անգամ և հավաքել մոտ 3000 հավանում։ Լուսանկարը տարածվել է նաև այլ օգտատերերի էջերով և մեծ իրարանցում առաջացրել սոցիալական մեդիայում։
Photoshop արված լուսանկարի աղբյուրն Instagram սոցիալական ցանցի օգտատեր, թուրք լուսանկարիչ Ումուտ Ռեչբերն է (Umutrecbeart)։ Պատկերը հրապարակվել է մեկ շաբաթ առաջ։ Հետաքրքիր է, որ հեղինակն ինքը նշել է, որ լուսանկարը ֆոտոմանիպուլյացիա է, բայց այն տարածողները որևէ կերպ չեն նշում այդ մասին։
Ինչ կետ է պատկերված լուսանկարում
Լուսանկարում պատկերված է սև կամ հյուսիսային կետ։ Դատելով լուսանկարից՝ կետն ավելի երկար է, քան կամուրջի երկու սյուների միջև հեռավորությունը։ Ըստ Aap fact checking կայքի, այդ հեռավորությունը 500 մետր է։ Լուսանկարից երևում է, որ կետն ավելի երկար է։
Իրականում նման չափսերի սև կետ առհասարակ գոյություն չունի։ Նրանց երկարությունը սովորաբար չի գերազանցում 20 մետրը։ Իսկ մինչև օրս հայտնի ամենամեծ սև կետն ունեցել է 20,7 մ երկարություն։
Լուսանկարում «հայտնված» սև կետը վերցված է Ինսթագրամի Pixabay էջից: Իրական լուսանկարում երևում է, որ կետի չափերը ամենևին էլ արտասովոր չեն։
Կամուրջը
Ֆեյսբուքում մեծ տարածում գտած հրապարակման հեղինակը, որը Կանադայից է, նշել է, որ լուսանկարն արվել է կանադական Samuel De Champlain կամրջի մոտ։
Կանադական կամուրջի լուսանկարները բավական են համոզվելու, որ այն հայտնի լուսանկարի կամուրջը չէ։
Իրականում լուսանկարում Մալայզական Sungai Johor կամուրջն է։ Հեղինակը Chuttersnap-ն է։ Լուսանկարն արվել է 2018 թվականին։
Անի Ավետիսյան