Արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 7-ին բաց հանրագիր նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշված կետերից մեկում առկա էր հետևյալ բովանդակությունը․ «ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ ու այժմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական և ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, ի դեպ ու ցավոք՝ հերթականը Ձեր մեծ շարքի մեջ»։
Փաստերի ստուգման հարթակը, ուսումնասիրելով օրենսդրական համապատասխան կարգավորումները, արձանագրում է, որ պետական գաղտնիք հրապարակելը ՀՀ-ում քրեորեն պատժելի արարք է, քանի որ այդօրինակ տեղեկությունների տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետական գաղտնիք հրապարակելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կարծում ենք, որ արդարադատության նախկին նախարարը քաջատեղյակ է, որ քրեորեն պատժելի է բացառապես մարդու անձնական, ընտանեկան կյանքի, բժշկական, որդեգրման, առևտրային, ապահովագրական, բանկային, վարկային և պետական գաղտնիքի հրապարակումը:
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ թե՛ պետական, թե՛ ծառայողական գաղտնիքի տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար, սակայն պետական և ծառայողական գաղտնիքի միջև գոյություն ունի տարբերություն։ Պետական գաղտնիք են հանդիսանում ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնք պաշտպանվում են պետության կողմից, մինչդեռ ծառայողական գաղտնիք են այն տեղեկությունները, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը, սակայն այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Հետևաբար՝ ընթերցողների մոտ տպավորության ստեղծումը, թե Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել՝ հրապարակելով ծառայողական գաղտնիք, բացահայտ մանիպուլյացիա է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քրեական օրենսգրքում սահմանում չկա, որ ծառայողական գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է։ Ծառայողական գաղտնիքի հրապարակումն անգամ վարչական իրավախախտում չէ:
Մարջան Չոբանյան