Ապրիլի 9-ին ԱԺ-ում կայացած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով ակտիվիստ Արտակ Գաբոյանը բարձրաձայնել է մտահոգություններ՝ կապված Երևանի փողոցներում կայանման կանոնների խախտումների հանդեպ ոստիկանության անտարբերության հետ։ Գաբոյանը, դիմելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանին, նշել է, որ մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում ոստիկաններն ամեն օր անցնում են կանոնների խախտումներով կայանված տասնյակ մեքենաների կողքով, սակայն չեն արձագանքում։
Նրա խոսքով՝ պետական շատ կառույցների դիմաց հենց աշխատակիցների մեքենաներն են խախտումով կայանում, ու բոլոր այդ դեպքերն անտեսվում են ոստիկանների կողմից։ Նա նաև օրինակներ բերեց Սայաթ Նովա փողոցից և Դրամատիկական թատրոնի դիմացի տարածքից՝ որպես տարածքներ, որտեղ կայանումը իրականացվում է կանոնների խախտմամբ։ «Մենք ունենք փաստ, որ ոստիկանները համատարած անտեսում են այն խախտումները, որոնք կապված են մեքենաների կայանման հետ՝ համարելով, որ դա այն խախտումը չէ, որին պետք է անդրադառնալ»,— նշել է Գաբոյանը՝ ընդգծելով նաև պետական մարմինների շենքերի մոտ աշխատակիցների կողմից կայանման խախտումների փաստը։
Ի պատասխան, ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նշել է․ «Կոնկրետ ոստիկանների խախտումները նկատելու և չարձագանքելու հետ կապված, ես չեմ պատկերացնում ձեր ասած տարածքում, բայց իրականում մենք ունեինք քննարկման ենթակա 2 տարածք՝ Վ․ Սարգսյան փողոցում՝ Դատախազության մոտ և Խանջյան փողոցում, որտեղ արդեն իսկ մշտական ծառայություն են իրականացնում Պարեկային ծառայության մեր աշխատակիցները, և այդտեղ այդ խնդիրը վերացել է, կարելի է ասել»։
«Փաստերի ստուգման հարթակի» թղթակիցը ապրիլի 15-ի առավոտյան այցելել է Արամ Հովհաննիսյանի կողմից նշված հասցեներ և արձանագրել, որ այդ վայրերում մեքենաները շարունակում են կայանել խախտումներով։ Ավելին, Պարեկային ծառայության որևէ աշխատակից նշված տարածքներում հսկողություն չի իրականացրել։
Չնայած ՆԳՆ ոստիկանության պետ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նշված հատվածներում Պարեկային ծառայության կողմից իրականացվող մշտական ծառայության արդյունքում խնդիրը գրեթե վերացել է, իրական պատկերը հակասում է այդ պնդմանը։ Երկու հասցեներում էլ՝ Վազգեն Սարգսյան փողոցում՝ Գլխավոր դատախազության և Խանջյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքերի մուտքերի դիմաց և հարակից հատվածներում մեքենաները կանգնեցվում են 2-րդ շարքով, ինչը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և խանգարում է նորմալ երթևեկությանը։
Այսպիսով, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից սխալ է ներկայացրել իրավիճակը․ նրա ղեկավարած ծառայությունը չի կարողանում վերացնել երկար տարիներ շարունակվող օրինախախտումը։
Սյուզաննա Համբարձումյան