Հայաստանում գրանցված «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգը» Ղրիմում բջջային կապի ծառայություններ մատուցող «Կ-Տելեկոմ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու 100% բաժնետերն է։
Այստեղ, սակայն, առկա է տվյալների որոշակի անհամապատասխանություն։ Վերոնշյալ «Կ-Տելեկոմը» հիմնադրվել է Կրասնոդարում 2014 թվականի մայիսի 23-ին, այնինչ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը «Կ-Տելեկոմի» հիմնադիրն է, ստեղծվել է 2014-ի հունիսի 4-ին։
Համաձայն ՀՀ պետռեգիստրի տվյալների, հիմնադրման օրվանից սկսած՝ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ի տնօրեն են հանդիսացել 4 անձ՝ Կարեկին-Քրք Օդաբաշյանը, Արտյոմ Վասիլևը, «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն և «Բեսթ Ըքաունթ ՍՊԸ»-ն։ Հարկ է, թերևս, ընդգծել, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» դեպքում պետական ռեգիստրում նշված չեն դրա հիմնադիրները։
Մենք փորձեցինք կապ հաստատել բոլոր այս անձանց հետ՝ պարզելու, թե ինչու միմյանց չեն համապատասխանում «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» և «Կ-Տելեկոմի» տվյալները։
Մասնավորապես, 2014-ի հունիսին՝ հիմնադրման ամսում, «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» տնօրեն է հանդիսացել «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակը», որի տնօրենը, իր հերթին, եղել է Հայկ Հարությունյանը՝ այն ժամանակված կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայրը։
Հայկ Հարությունը, սակայն, մեզ հետ զրույցում ընդհանրապես հերքեց այն, որ իր ղեկավարած ընկերությունը որևէ կերպ մասնակցել է «Կ-Տելեկոմի» հիմնադրմանը։
Ռուսական պետռեգիստրի տվյալների համաձայն, սակայն, «Կ-Տելեկոմի» միակ հիմնադիրը հենց «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգն» է։
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետքերը տանում են նաև Արցախ
Մենք կապ հաստատեցինք նաև Կարեկին-Քրք Օդաբաշյանի հետ, որը Արցախի տարածքում բջջային օպերատորի ծառայություններ մատուցող «Ղարաբաղ-Տելեկոմ» կազմակերպության գլխավոր տնօրենն է:
Մեզ հետ զրույցում պարոն Օդաբաշյանը նշեց, որ շատ կարճ ժամանակ է եղել կազմակերպության տնօրեն և ներկայում չի կարող պատասխանել «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կապված որևէ հարցի՝ հաշվի առնելով նաև, որ այդ հարցերն առնչվում են առևտրային գաղտնիքի:
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» մյուս տնօրենի՝ Արտյոմ Վասիլևի հետ կապ հաստատել մեզ որևէ կերպ չհաջողվեց։
Հաշվապահական ընկերությունում տեղյակ չեն
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» վերջին ու ներկայում գործող տնօրենը «Բեսթ Ըքաունթ» ընկերությունն է, որը գրանցված է Իսրայելյան 37 1/1 հասցեում, որտեղ ներկայում գործում է մեկ այլ՝ հաշվապահական «Թի Ըքաունթ» ընկերությունը։ Վերջինիս աշխատակիցները, մեր հարցերին ի պատասխան, ասացին, որ տեղյակ չեն «Բեսթ Ըքաունթի» մասին։ Հատկանշական է, սակայն, այս երկու՝ «Բեսթ Ըքաունթ» և «Թի Ըքաունթ» ընկերությունների 100% բաժնետերը նույն անձն է՝ Տիգրան Յուրիի Մարտիրոսյանը։
«Բեսթ Ըքաունթի» և «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» միջև կապի մասին մենք փորձեցինք հարցնել հենց Տիգրան Մարտիրոսյանից։ Մեր հեռախոսազանգին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքն ինքնուրույն չի կարող որևէ հարցի պատասխանել և պետք է հարցնի նաև այլ անձանց, իսկ մեր ավելի մանրամասն և գրավոր հարցերին նա այդպես էլ չպատասխանեց։
ՊԵԿ-ը նույնպես խոշոր հարկատուի մասին մանրամասներ չի տրամադրում
Հաշվի առնելով, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգը» վերջին տարիների ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է, փորձեցինք նաև կազմակերպության գործունեության, գրանցված աշխատակիցների, նրա կողմից վճարված հարկատեսակների, կատարված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություններ ստանալ Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ-ի պատասխանում կազմակերպության գործունեության մասով նշված է հետևյալը․ «Համաձայն հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում լրացրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, վերջինս զբաղվում է օտարերկրյա կազմակերպությունների գործունեությամբ»:
Ուսումնասիրելով ՊԵԿ-ի կայքում ընկերության վերաբերյալ տեղեկությունները՝ մենք ուշադրություն դարձրեցինք նրա վրա, որ 2014 թվականից ի վեր «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգում» որևէ հարկային ստուգումներ չեն իրականացվել, ինչը բավական տարօրինակ է խոշոր հարկատուների դեպքում։
Հետքեր դեպի օֆշորներ ու սիրիական կասկածելի կապեր
Իսկ ովքե՞ր են, այնուամենայնիվ, «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» սեփականատերերը։ Բաց աղբյուրներից իմանում ենք, որ դա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Cell Group Worldwide Ltd-ն է, որի վերաբերյալ, սակայն, այլ տեղեկություններ չի հաջողվել գտնել։
Ուշագրավ է նաև, որ ըստ մամուլի տեղեկությունների, «Կ-Տելեկոմ» ընկերության իրական շահառուն ռուսական ՄՏՍ-ն է։ Վերջինիս խոշոր բաժնետերերից է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» շահառուներին, ապա ըստ 2014 թվականի հունիսի 3-ին Հայկ Հարությունյանի (այդ պահի դրությամբ ընկերության ներկայացուցիչ)՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր ուղարկած հայտարարագրի՝ ընկերության շահառուներն են Լիբանանի քաղաքացիներ Պիեռ Միշել Ֆատուշը և Մուսա Ֆատուշը։ Հետագայում, սակայն, շահառուները փոխվել են, բայց Հայկ Հարությունյանը նոր շահառուի հայտարարագիր չի գրանցել պետռեգիստրում՝ այդպիսով թույլ տալով օրենքի խախտում։ Ըստ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի, անձը պարտավոր է մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Պիեռ Միշել Ֆատուշը, ըստ համացանցում առկա բազմաթիվ տեղեկությունների, ներգրավված է Սիրիայի իշխանությունների բազմաթիվ ոչ թափանցիկ սխեմաներում, մասնավորապես զբաղվում է ապօրինի հանքարդյունահանմամբ, սերտ գործարար կապեր ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մախլուֆի հետ, որի կողմից Սիրիայից կապիտալի ապօրինի դուրսբերմանն անդրադարձել են միջազգային ամենահեղինակավոր ֆինանսական և հետաքննական պարբերականները:
Վտանգներ
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» հայաստանյան ընկերությունը, այսպիսով, կապված է Ղրիմում բջջային կապի ծառայություններ մատուցող «Կ-Տելեկոմ» ընկերության հետ։ Բացի սա, հիմքեր կան համարելու, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» հետ առնչություն ունեն նաև միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի իշխանությունների հետ կապված որոշակի շրջանակներ։ Թե որքանո՞վ են հավանական այս սխեմաների պատճառով Հայաստանի և Արցախի շահերին սպառնացող վտանգները՝ կարելի է միայն ենթադրել, սակայն առանձնակի մտահոգիչ է այն, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» գործունեության և թափանցիկության վերաբերյալ, կարծես, վերապահումներ ունի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։
Կարեն Խաչատրյան
Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածի բովանդակության համար։