«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։
Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ տարում պետք է կառուցվեին Վեդու, Կապսի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Քասախի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Արթիկի, Խնձորեսկի, Լիճքի ջրամբարները։
Օրերս շահագործման հանձնվեց Վեդու ջրամբարը, որը կառուցվել է Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հարցումով փորձել է պարզել, թե ի՞նչ փուլում են մյուս 16 ջրամբարների նախագծման կամ շինարարության աշխատանքները 2026 թ․ ապրիլի դրությամբ, այսինքն՝ ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ։
Այսպես, ըստ նախարարությունից ստացված պատասխանի՝ 16 ջրամբարից 5-ի՝ Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարների նախագծման աշխատանքներն ավարտված են․ փաստաթղթերը փորձաքննության փուլում են, իսկ շինարարությունը կմեկնարկի միայն դրա ավարտից հետո։
Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքները դադարեցված են․ նախարարությունից պարզաբանում են, որ ջրամբարի ընտրված նախնական տեղամասում առկա է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող ՀԷԿ, ինչի հետևանքով անհնար է այդ տարածքում համապատասխան հետազոտություններ իրականացնել։
Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ․ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ այս պահին իրականացնում են գետի ջրահեռացման համակարգի կառուցման և շինարարական ճամբարի հիմնական աշխատանքները։
Մյուս 9 ջրամբարների (Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Խնձորեսկի) մասով նախարարությունից հայտնել են, որ դեռևս պետք է մեկնարկեն դրանց «իրագործելիության (տեխնիկատնտեսական հիմնավորման) ուսումնասիրությունները», քանի որ «ի սկզբանե չեն եղել բավարար ելակետային տվյալներ»։
Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում 17 ջրամբարների աշխարհագրությունն է և դրանց կառուցման/նախագծման աշխատանքների կարգավիճակը։
Այսպիսով, կառավարության ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ, նախատեսված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է հանձնվել շահագործման, ևս մեկի շինարարությունն ընթացքի մեջ է։ Մյուս 15-ից 6-ը նախագծման փուլում են, իսկ 9-ի ճակատագիրն անհայտ է։
Նանե Մանասյան