Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստին անդրադարձավ դիմակների օգտագործումը պարտադիր դարձնելու օրենքին։ «Աշխարհում 100 տոկոսանոց պատասխան էս պահին չկա՝ դիմակը օգնու՞մ է, թե ոչ։ Երկուշաբթի օրը առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ գլոբալ, ասում են, որ օգնում ա դիմակը, երեքշաբթի ասում՝ բայց ոնց որ չի օգնում»,- նշեց Միրզոյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, կա շանս, որ դիմակ կրելը կարող է օգնել և կյանքեր փրկել։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից հանրային փակ վայրերում դիմակ և ձեռնոց կրելը կլինի պարտադիր, իսկ բաց տարածքներում պարտադիր կլինի դիմակների առկայությունը։ Առանց դիմակի քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել դիմակների արդյունավետության մասին քննարկումները և մասնագետների հայտարարությունները։
Դիմակների արդյունավետության խնդիրը
Հարցը, թե արդյո՞ք պաշտպանիչ դիմակ կրելը կօգնի չվարակվել կորոնավիրուսով, քննարկվում է վիրուսի տարածման առաջին իսկ օրերից։ Սկզբնական շրջանում, երբ վարակակիրների թիվը քիչ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով չվարակված մարդկանց խորհուրդ չէր տալիս դիմակ կրել, քանի որ այն հիմնականում ոչ թե պաշտպանում է վարակվելուց, այլ օգնում է չվարակել այլոց։ Ըստ այդմ՝ դիմակ խորհուրդ էր տրվում կրել վարակված մարդկանց կամ նրանց, որոնք խնամում են վարակակրին։
Դիմակ կրել-չկրելու մասին տեղական և համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կարծիքները փոխվում են՝ վարակի տարածման տեմպերի փոփոխմանը զուգահեռ։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ներկայում, երբ վարակակիրների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 5 միլիոնի, իսկ լայնածավալ թեստավորումներ արվում են միայն մի քանի երկրներում, դիմակների առկայությունը հատկապես փակ տարածքներում կենսական նշանակություն ունի։ Մյուս կողմից՝ վարակակիրների շրջանում մեծ է ասիմպտոմ վարակակիրների թիվը, այսինքն` նրանց, որոնք չունեն կորոնավիրուսով վարակված լինելու որևէ ախտանշան։ Այլ կերպ ասած՝ վիրուսի տարածման ներկա տեմպերում որևէ մեկը վստահ չի կարող լինել, որ ինքը վարակակիր չէ և չի վարակի դիմացինին, եթե չկրի պաշտպանիչ դիմակ։ Մյուս կողմից, մասնագետները հերքում են այն տեղեկությունները, թե պաշտպանիչ դիմակները որևէ կերպ չեն նվազեցնում նաև չվարակվելու հավանականությունը։
Սոցիալական հարթակներում տարբեր քննարկումներ են տարածվում նաև, թե, իբր, դիմակների որոշ տեսակներ ավելի արդյունավետ են վիրուսից պաշտպանվելու համար, իսկ որոշ տեսակներ, ինչպես կտորե դիմակները, ընդհանրապես արդյունավետ չեն։ Սակայն այս խոսակցությունները հերքվում են մի շարք մասնագետների կողմից։ Դիմակները, իհարկե, ոչ 100 տոկոսով, բայց կարող են պաշտպանել վարակվելուց։
Առողջապահական կազմակերպություններն առաջին հերթին խորհուրդ են տալիս պահպանել նվազագույնը 1․8 մետր սոցիալական հեռավորություն՝ վարակի տարածումը նվազեցնելու նպատակով։ Իսկ հատկապես այն վարերում, որտեղ ապահովված չեն սոցիալական հեռավորության անհրաժեշտ պայմանները, հարկավոր է կրել դիմակներ։ Մասնագետների կարծիքով՝ ընդունելի են անգամ տանը պատրաստված պաշտպանիչ դիմակները՝ որպես բժշկական դիմակի այլընտրանք։ Վերջինները նաև առավել հասանելի են գնային առումով։
Դիմակ կրելը պարտադիր է բազմաթիվ երկրներում
Ավստրիայում պաշտպանիչ դիմակների օգտագործումը խանութներում և դեղատներում պարտադիր է դարձել մարտի վերջից, իսկ քիչ ավելի ուշ դիմակների օգտագործումը պարտադիր դարձավ այդ երկրի բոլոր հանրային վայրերում։ Դրանից հետո Ավստրիայում զգալի նվազեց օրական գրանցվող վարակակիրների թիվը։
Անկախ դիմակների ազդեցության վերաբերյալ վիճահարույց քննարկումներից՝ մի շարք այլ երկրներ ևս հանրային վայրերում և հատկապես փակ տարածքներում դիմակ օգտագործելը դարձրել են պարտադիր։ Նրանց թվում է նաև Գերմանիան, որը աշխարհում վարակակիրների թվով առաջիններից է։ Ապրիլի 22-ին՝ նախքան արտակարգ դրության ավարտը, այստեղ պարտադիր դարձավ դիմակների օգտագործումը, իսկ պահանջը խախտելու դեպքում տուգանքը 5000 եվրո է։ Մայիսի 18-ի դրությամբ, ըստ Worldometer.com կայքի, Գերմանիայում գրանցվել է վարակի 638 նոր դեպք, իսկ մինչև մայիսի մեկը այս երկրում դեպքերը ավելանում էին քառանիշ թվերով։
Մարտի 10-ին՝ կարանտինային ռեժիմի ավարտից մեկ օր առաջ, Ֆրանսիայում ևս որոշում ընդունվեց պարտադիր դարձնել դիմակների օգտագործումը հանրային վայրերում։ Հանրային վայրերում դիմակների օգտագործումը պարտադիր է Չեխիայում, Սլովակիայում, ԱՄԷ-ում և տասնյակից ավելի այլ երկրներում։
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ թեպետ մինչ օրս հստակ չէ պաշտպանիչ դիմակների ազդեցության չափը, բայց մասնագետների կարծիքով՝ միանշանակ է, որ դիմակները կարող են օգնել նվազեցնել վարակի տարածումն ու խուսափել առավել վտանգավոր հետևանքներից։
Անի Ավետիսյան