Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե հայկական կողմն ունի մոտ 5000 զոհ։
Նույն օրը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հայտարարեցին, թե ադրբեջանցի հաքերները հրապարակել են հայկական կողմի զոհերի իրական տվյալները, ու որպես ասվածի ապացույց ներկայացրեցին ավելի քան 5000 հայկական անուն՝ ծննդյան տարեթվերով։
Այդ անունները, սակայն, այնքան էլ կապ չունեին պատերազմի ու զոհերի հետ։ Օրինակ՝ 26-ամյա Մհերն իր անունը և լուսանկարը գտել է ադրբեջանական մեդիա աղբյուրներից մեկում։
Fip.am-ի հետ զրույցում Մհեր Անդոյանը հաստատեց, որ ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրված լուսանկարում իսկապես ինքն է, բայց դա 15-16 տարեկանում արված նկար է և որևէ կապ չունի իր զինվորական ծառայության հետ։ Բացի այդ, ադրբեջանական «հաքերները» սխալ են լրացրել նաև նրա ծննդյան տարեթիվը՝ 1994 թ․-ի փոխարեն 2001 թ.:
Ցանկը մանրամասն ուսումնասիրելով՝ պարզում ենք, որ Մհերի դեպքը միակը չէ։ Ցանկում ներառված են այդպիսի հազարավոր անուններ, որոնք ինչ-որ ձևով հայտնվել են ադրբեջանցի հաքերների տրամադրության տակ։
Այսպես, ցուցակում տեղ է գտել նաև Մհերի համագյուղացի և համածառայակից Լեոնիդ Աբրոյանի անունը։ Ինչպես Մհերի, այնպես էլ Լեոնիդի դեպքում սխալ էր նշված Լեոնիդի տարիքը՝ 19, մինչդեռ իրականում նա ևս ծնվել է 1994 թվականին: Լեոնիդի դեպքում, սակայն, ի տարբերություն Մհերի, ադրբեջանական կողմը լուսանկար չէր հրապարակել։
Ի դեպ՝ թե՛ Մհերը և թե՛ Լեոնիդն այս պահին պատերազմական գործողությունների չեն մասնակցում։
Հրապարակված ցուցակն առավել արժանահավատ դարձնելու համար Ադրբեջանը ցուցակում էր ներառել նաև հայկական կողմից արդեն իսկ հրապարակված զոհվածների տվյալները, որպեսզի առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, թե մյուս անունները ևս ճիշտ են։
Սակայն ադրբեջանական կեղծիքն այդքանով չի սահմանափակվում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց հրապարակված ցուցակը և հայտնաբերեց, որ ցանկում ներառված են մոտ 250 կանայք։ Մինչդեռ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Fip.am-ին հայտնեց, որ կանանց զորախումբը ակտիվ պատերազմական գործողություններին դեռևս չի մասնակցում, հետևաբար՝ խիստ կասկածելի է ցանկում կանանց այդքան մեծ թվով անունների առկայությունը:
*Ադրբեջանի կողմից հրապարակված ցուցակում կանանց անունները
Ցուցակի ուսումնասիրության ընթացքում հանդիպեցինք այնպիսի անուններ, որոնք պարզապես գոյություն չունեն: Օրինակ, ըստ Ադրբեջանի՝ միայն այս պատերազմում հայկական կողմը կորցրել է «ԲՀԿ» անունով 3 և «Երբեք» անունով 19 երիտասարդ։ Ցուցակում անունների մի զգալի մասն էլ գրված է ուղղագրական սխալներով, երբեմն՝ լատինատառ:
Այսպիսով, փաստենք, որ ադրբեջանցի «հաքերների» կողմից իրենց երկրի ղեկավարի խոսքերն ապացուցելու համար ներկայացված ցուցակը ոչ միայն իրականության հետ կապ չունի, այլև պարունակում է անձանց տվյալներ և լուսանկարներ, որոնք որևէ առնչություն չունեն պատերազմի հետ, իսկ որոշ զավեշտալի դետալներ, ինչպես, օրինակ, Երբեքները, վկայում են կեղծարարության ցածր մակարդակի ու «հաքերների» փնթիության մասին։
Սևադա Ղազարյան