Արթիկի համայնքապետի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը վերջերս ուշադրության կենտրոնում հայտնվեց իր հայտարարությունից հետո:
Նա, մասնավորապես, ասել էր, որ Արցախում ականազերծում իրականացնող HALO Trust բրիտական կազմակերպությունը Թուրքիային է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։
Մամուլում նաև գրվեց, որ Բորիս Ավագյանը Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Ավագյանը նախորդ հոկտեմբերին, հարցազրույց տալով ռուսական մի կայքի, հայտարարել էր, որ Ռուսաստանում նա այլևս չի հետախուզվում: «Ինձ ստուգել են նշանակումից առաջ: Ես միայն Հայաստանի քաղաքացիություն ունեմ: Պարբերաբար շփումներ եմ ունենում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հետ, իսկ այնտեղ արդեն մեկ կիլոմետր հեռավորություն կպահեին, եթե ինչ-որ բան այն չլիներ: Դա անցյալի օրերի գործ է»,- ասել էր նա:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Արցախի նախագահի ներկայացուցիչ նշանակված Բորիս Ավագյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ։
Ո՞վ է Բորիս Ավագյանը
Բորիս Ավագյանը ռուսական իրավապահ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2016 թվականի հուլիսին: ՌԴ ներքին գործերի նախարարությունում քրեական գործ էր հարուցել մաքսային տուրքերից խուսափելու հոդվածով: Նախնական տվյալներով՝ Ավագյանի հանցավոր խումբը Ռուսաստան էր ներկրել հագուստ և տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ: Խմբի հասցրած վնասի չափը հաշվվում էր 800 մլն ռուբլուց մինչև 4 միլիարդ ռուբլի: Ավագյանը չէր ընդունել իր մեղքը և դատարանի որոշմամբ հայտնվել էր տնային կալանքի տակ: 2016-ի սեպտեմբերին, սակայն, ըստ Коммерсантъ-ի, Ավագյանին հաջողվել էր փախչել էլեկտրոնային թևնոցի բացակայության շնորհիվ: Նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում: Այնուհետև Ավագյանին նկատել էին Ավստրիայում և Ֆրանսիայում։
Արդեն փախուստից հետո Ավագյանը ամուսնացել է մոդել, «Միս Աշխարհ» կոչմանն արժանացած Յուլյա Իոնինայի հետ: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականին Ավագյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:
Ներկայում Ավագյանը զբաղեցնում է Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նա կարճ ժամանակով եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով:
Թեև Ավագյանը հայտարարել է, որ ինքն այլևս չի հետախուզվում ՌԴ-ում, բաց աղբյուրներն այլ բան են վկայում: ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում Բորիս Ավագյանը դեռ ներկայացված է հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:
2020-ի հունվարին Ավագյանը ասուլիս էր հրավիրել Ռուսաստանում հարուցված գործը պարզաբանելու համար: Նա պատմել էր, որ ինքը Ռուսաստանում թուրքական ընկերությանն առնչվող մաքսանենգության տարրեր պարունակող գործ է բացահայտել, ինչից հետո ռուսական դաշնային ծառայությունները հայտնել են, որ ինքը հատուկ պաշտպանության կարիք ունի: Ավագյանը որոշել է մեկնել Հայաստան, սակայն այստեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ստիպել է վերադառնալ Ռուսաստան: Դրանից հետո Ավագյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում: Ավագյանի պաշտպանները հայտնել են նաև, որ ՌԴ-ից գործը չի փոխանցվել Հայաստանի իրավապահ մարմիններին, ինչն էլ, ըստ իրենց, ապացույց է, որ գործը շինծու է:
Բորիս Ավագյանը՝ Ռուսաստանի հետ միասնական պետություն ստեղծելու կողմնակից
Չնայած ՌԴ իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրներին՝ Բորիս Ավագյանը ակտիվորեն կողմ է արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և Ռուսաստանին համարում է Հայաստանի միակ դաշնակիցը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են զարգացվում ՆԱՏՕ-ի երկրների գործակալների միջոցով: Մասնավորապես, Թուրքիան երկար դարեր երազել է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում: … Ռուսաստանը մեր միակ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ ՌԴ նախագահը ամբողջ հայ ժողովրդի բարեկամը»,- հայտարարել է Ավագյանը։
Ըստ նրա՝ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է շարժվեր Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ. «Հայկական հանրապետությունը Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի վաստակն է: Բայց 1991-ին մենք արթնացանք, միանգամից հանրաքվե արեցինք ինքնիշխանության համար: Սակայն, ըստ էության, մեզ ոչ ոք չհարցրեց՝ մենք ուզում էինք անջատվել (Ռուսաստանից- խմբ.), թե՝ ոչ»:
Ավագյանի կարծիքով՝ պետք է միասնական պետություն ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի հետ, որը կունենա միասնական Կենտրոնական բանկ և միասնական հարկային համակարգ:
HALO Trust-ի մասին հայտարարությունը
Բորիս Ավագյանի անունը մամուլում ակտիվորեն շրջանառվեց Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող բրիտանական HALO Trust ընկերության մասին սկանդալային հայտարարությունից հետո։
Բորիս Ավագյանը մարտի 11-ին 24news.am-ին հայտնել էր, որ բրիտանական HALO Trust ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը: «Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ասել էր Ավագյանը։
Ըստ նրա՝ քարտեզի տրամադրումը հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական ականապատված տարածքները: Տեղեկությունը արտատպել և տարածել էին մի շարք կայքեր, այդ թվում՝ News.am-ը, Lragir.am-ը, Panorama.am-ը, Tert.am-ը և այլն:
HALO Trust-ը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հերքելով Ավագյանի տեղեկությունները: Ըստ կազմակերպության, Ավագյանի պնդումը «բացարձակապես սուտ է»:
Մարտի 12-ին արդեն HALO Trust-ի մասին հրապարակումն ուղարկվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված ընթացակարգով քննելու համար:
Fip.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ Բորիս Ավագյանը իրավասու չէ խոսել Արցախի նախագահի անունից։
Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ Հայաստանում և Արցախի Հանրապետությունում քաղաքական պաշտոններ զբաղեցնող Բորիս Ավագյանը, ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքի, այդ երկրում գտնվում է քրեական հետախուզման մեջ։
Լուսինե Ոսկանյան
Հայկ Հովհաննիսյան