Հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո որոշ ԶԼՄ-ներքաղաքացիների շրջանում հարցումներ անցկացրեցին (vox pop)` պարզելու, թե ում են պատրաստվում տալ իրենց ձայնը սպասվող ընտրություններում։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ուսումնասիրել, թե ինչ տեսք ունեն նման հարցումներն ընդդիմադիր և իշխանամետ լրատվականներում, և արդյո՞ք այդ հարցումների պատկերը կախված է տվյալ լրատվամիջոցի քաղաքական կողմնորոշումից։
Քաղաքացիներն արտահերթ ընտրությունների մասին՝ ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների
Մարտի 24-ին «Հրապարակ» կայքը ներկայացրեց հարցումների իր տարբերակը՝ «Քոչարյանին եմ ձայն տալու. քաղաքացիները՝ արտահերթի մասին» վերնագրով։ «Հրապարակի» լրագրողին հանդիպած պատահական քաղաքացիներից և ոչ ոք չէր պատրաստվում իր ձայնը տալ գործող իշխանություններին, փոխարենը կային չկողմնորոշված քաղաքացիներ։
Մարտի 22-ին հարցումների իր տարբերակն է հրապարկել aysor.am կայքը՝ ««Գոնե էս Նիկոլից պրծնենք», «Էնպես չի, որ հաստատ լինելու է». քաղաքացիները՝ ընտրությունների մասին» վերնագրով։ Այս հարցման մասնակիցների մեծ մասը դեռ չէր կողմնորոշվել, բայց նրանցից շատերը հակված էին «հաստատ Նիկոլին չընտրելու»։
Բացի սա, aysor.am-ի կողմից հարցվածների շարքում հանդիպում են ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանին և/կամ Վազգեն Մանուկյանին ընտրելու ցանկություն ունեցող քաղաքացիներ, ինչպես նաև գործող իշխանություններին ընտրող մեկ քաղաքացի։ Մարտի 20-ին pastinfo.am-ը հրապարակել է «Քաղաքացիները հիասթափված են, ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեն» հարցում-ռեպորտաժը։ Այս հարցման մասնակիցներից միայն քչերն ունեին ընտրություններին մասնակցելու ցանկություն։ Ըստ Pastinfo-ի՝ ընտրություններին, այնուամենայնիվ, մասնակցել պատրաստվող քաղաքացիները հիմնականում ընդդիմությանը ձայն կտան, մասնավորապես՝ Քոչարյանին, կամ էլ, միանշանակ, ոչ այս իշխանություններին։
Մարտի 22-ին Սյունիքի մարզի տեղական ալիքներից «Զանգեզուր TV»-ն նույնպես ընտրությունների վերաբերյալ հարցում էր հրապարակել՝ «Փաշինյանին հունց ձայն տամ, 5000 մարդու կլոխ ա կերալ»․ քաղաքացի» վերնագրով։ Այս հարցման բոլոր մասնակիցները միակարծիք էին՝ Փաշինյանի մեղքով հայրենիքն անպաշտպան է դարձրել։
Yerevan․Todey կայքը մինչև ընտրությունների օր նշանակելն էր նույն թեմայով հարցում անցկացրել՝ հետաքրքրվելով, որ եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ապա ո՞ր ուժի օգտին կնախընտրեին քվեարկել քաղաքացիները։ Ընդ որում՝ կայքի լրագրողը նույն հարցով 3 օր անընդմեջ երևանյան փողոցներում հարցումներ է իրականացրել՝ փետրվարի 16-ին՝ «Նիկոլին աթոռով պետք է հանեն-շպրտեն դուրս․ Հարցում», 17-ին՝ «Նիկոլին ոչ մի դեպքում չեմ ընտրի․ Նիկոլը թող գերեզման իջնի․ Հարցում» և 18-ին՝ «Էս ընկերը ոչինչ չի կարողանում անել, նա իրավունք չունի մնալու. Հարցում» վերնագրերով։
Հարցվածների հիմնական մասը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պատրաստվում ձայն տալ։
Քաղաքացիներն արտահերթ ընտրությունների մասին՝ ըստ իշխանամետ լրատվամիջոցների
Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքի հրապարակած՝ չեզոք «Քաղաքացիները` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին» վերնագրով հարցման մասնակիցներից շատերը դեռ չէին կողմնորոշվել ընտրությունների հարցում։ Տեսանյութում հնչում են տեսակետներ, որ Փաշինյանին և նրա թիմին ձայն չեն տա, բայց ընդդիմադիր որևէ ուժի ընտրելու մասին որևէ կարծիք ևս չի հնչում։
Ըստ newarmenia.am կայքի՝ մարտի 24-ին հրապարակված «Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններում» վերնագրով հարցման արդյունքների՝ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է ձայն տալ Փաշինյանին։ Հարցման մասնակիցների մի մասն էլ պատասխանել է, որ հներին հաստատ չեն ընտրի, իսկ նորերի մասին դեռ կմտածեն։ Հարցվածների մյուս մասն էլ նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել այդ հարցում։ Ընդդիմությանը ձայն տվող քաղաքացի, սակայն, այս հարցման մեջ չի գտնվում։
Մարտի 24-ին araratnews.am կայքի հրապարակած հարցման պատկերը միանշանակ է՝ քաղաքացիներն իրենց ձայնը կտան Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» իշխող ուժին, այլ տեսակետ չի հնչում։
Civic.am կայքի մարտի 19-ի հարցման արդյունքների համաձայն՝ Փաշինյանին ընտրողները մեծամասնություն են, իշխանափոխություն ցանկացողներ էլ կան։ Այս ռեպորտաժում միայն մեկ քաղաքացի էր որոշել Քոչարյանին ընտրել, որին, սակայն, լրագրողն ուղղում է՝ երկրորդ նախագահին չեն կարող ընտրել․ քաղաքական ուժերի պայքար է։
Freenews.am կայքի հարցումը ևս մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի օգտին է։
Լրատվամիջոցներ, որոնց հարցումներում քաղաքացիների զգալի մասը դեռևս չի կողմնորոշվել
Մարտի 19-ին Armlur.am կայքը հրապարակել էր «Բոլորը սրիկա են. քաղաքացիները՝ արտահերթ ընտրությունների մասին» վերնագրով հարցումը, ըստ որի՝ բնակչության զգալի մասը ցանկություն չունի ընտրությունների գնալ ու որևէ ուժի ձայն տալ։ «Հաստատ խաղ ա. քաղաքացիները՝ ընտրությունների մասին» վերնագրով Armlur.am-ի՝ մարտի 22-ի հարցման տեսանյութում ևս հիմնականում չկողմնորոշված քաղաքացիներ են։
Iravaban.net-ը, իր հերթին, մարտի 16-ին էր հարցում հրապարակել՝ պարզելով, որ քաղաքացիների զգալի մասն այս պահին որևէ նախընտրելի թեկնածու չունի։
Civilnet.am կայքի հարցումներում քաղաքացիները պատասխանում են այն հարցին, թե կա՞ ուժ, որին ոչ մի դեպքում ձայն չեն տա։ Պատահական անցորդների տեսակետներում ավելի շատ հանդիպում են կարծիքներ, որ, իհարկե, կան, և խոսքը միայն մեկ ուժի մասին չէ։ Civilnet.am-ի հարցումներում կան ինչպես վարչապետին ընտրողներ, այնպես էլ ոչ մի դեպքում Փաշինյանին ձայն չտալու կողմնակիցներ, և նույնիսկ հանդիպում է մեկ քաղաքացի, որը, իր խոսքով՝ ինչպես միշտ, այս անգամ էլ Հանրապետականին է ընտրելու։
Azatutyun.am կայքը հարցումներով փորձում էր պարզել, թե ըստ քաղաքացիների՝ արդյո՞ք ընտրությունները կօգնեն հանել երկիրն այս վիճակից։
24news.am կայքը ևս իր հարցումով խնդիր չի դրել պարզելու, թե որ ուժին կտան իրենց ձայնը քաղաքացիները։ «Բոլորի հերն էլ անիծած` թող էս երկիրը երկիր սարքեն․ քաղաքացիները՝ արտահերթ ընտրությունների մասին» վերնագրով ռեպորտաժում լրագրողը քաղաքացիներից հետաքրքրվում է, թե արդյո՞ք Փաշինյանի ղեկավարությամբ պետք է անցկացվեն ընտրությունները․ քաղաքացիների մեծ մասը դեմ չէր։
Եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, ու՞մ կընտրեք. հարցումներ ըստ IRI-ի
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) մարտի 10-ին հրապարակել էր հարցման տվյալներ, որում ներառված էր նաև քաղաքական ուժերի վարկանիշերը։
«Ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին բնակչության 33 տոկոսը նշել է, որ կընտրի իշխող «Իմ քայլը» խմբակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին է արտահայտվել հարցվածների 2 տոկոսը։
ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» ու Հայրենիքի փրկության շարժման օգտին, ըստ IRI-ի, կքվեարկի ընտրողների շուրջ մեկական տոկոսը։
Հարցվածների զգալի մասը՝ 42 տոկոսը, ասել է, որ չի ուզում քվեարկել ոչ մի ուժի օգտին։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ լրատվամիջոցներից շատերի հարցումներն առնվազն ոչ օբյեկտիվ են և ավելի շատ ներկայացնում են սեփական խմբագրակազմի քաղաքականությունը։
Նելլի Լազարյան