2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։
Այս տարվա փետրվարին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը հուլիսին հավանաբար կերկարացվի ևս 6 ամսով։
«Մենք մտադիր ենք արգելքը պահել այնքան ժամանակ, մինչև այդ ապրանքները փոխարինվեն Հայաստանում, ԵԱՏՄ-ում, Չինաստանում կամ այլ երկրներում արտադրված ապրանքներով»,- հայտարարել էր նախարարը։
Որոշումից հետո մտահոգություններ եղան, որ Հայաստանում բազմաթիվ գործարարներ կհայտնվեն «օդում կախված» վիճակում, որ կփակվեն Հայաստանում թուրքական հագուստի խանութները, գնաճ կարձանագրվի և այլն։
Հաշվի առնելով, որ Հայաստանում մինչ օրս գործում են թուրքական մի շարք ապրանքանիշեր, «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ լուծումներ են գտել թուրքական ապրանք ներմուծող տնտեսվարողները, և արդյո՞ք թուրքական ապրանքները փոխարինվում են այլ երկրների արտադրանքով։
Փոխարինվում են, բայց ոչ ԵԱՏՄ կամ չինական ապրանքներով
Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանը 2020 թվականին ավելի քան 840 անուն ապրանք է ներմուծել Թուրքիայից, որոնց մոտ 80 տոկոսը վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ են։ Թուրքիայից հիմնականում ներմուծվում էր տեքստիլ արտադրանք՝ գործվածքներ, տրիկոտաժե հագուստ, կոշիկ, բուսական ծագման ապրանքներ՝ ցիտրուսային պտուղներ, լոլիկ, շինանյութ, լվացող և մաքրող միջոցներ, մեքենա-սարքավորումներ՝ սառնարան, էլեկտրական ջեռուցիչ և այլն։
2019 թվականին Հայաստան են ներկրվել շուրջ 268 միլիոն դոլարի թուրքական ծագման ապրանքներ, 2020 թվականին ներկրումը կազմել է 230 միլիոն դոլար։ Արգելքից հետո ներմուծման ծավալները կտրուկ նվազել են։ Արդեն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով թուրքական ծագման ապրանքների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 83 տոկոսով։
Հատկանշական է, որ թուրքական ապրանքների ներմուծման կրճատմանը զուգընթաց, ըստ պաշտոնական վիճակագրության, առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծման աճ ոչ միայն չի արձանագրվել, այլև նվազել է. ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում` 14․3 տոկոսով, իսկ Չինաստանի դեպքում՝ 8․2 տոկոսով։
Ներմուծման ծավալների նկատելի աճ է գրանցվել, թերևս, մի քանի ԵՄ անդամ երկրներից (Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և այլն) և Իրանից (մոտ 60 տոկոս)։
Թե ո՞ր ապրանքատեսակների ներկրումն է աճել նշված երկրներից՝ դեռևս պաշտոնական վիճակագրությունը չի հայտնել։
Հարկ է նկատել, որ հիմնավոր կասկածներ են հնչել, որ թուրքական ապրանքները շարունակել են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով, ինչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ նշելով, որ կան ներմուծողներ, որ փորձում են շրջանցել այդ որոշումն ու իրենց ներկրած ապրանքը ներկայացնել այլ երկրի անվան տակ:
Հայաստանում թուրքական ապրանքներին փոխարինող արտադրատեսակներում աճ է գրանցվել
Ներկրման ցուցանիշներին զուգահեռ, Հայաստանում մշակվող արդյունաբերական արտադրանքի ծավալը թեև 2021 թ. առաջին եռամսյակում նվազել է 11․6 տոկոսով, սակայն նույն ժամանակահատվածում թուրքական ապրանքներին փոխարինող արտադրատեսակներում գրանցվել է արտադրության աճ։ Օրինակ՝ 40․1 տոկոսով աճել է հագուստի արտադրությունը, մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 73․2 տոկոսով, էլեկտրական սարքավորումների արտադրությունն աճել է 26․2 տոկոսով։ Աճել է նաև ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրությունը՝ 16․4 տոկոսով, իսկ լվացող և լվացքի միջոցների արտադրությունն աճել է 23․7 տոկոսով։
Հարկ է նշել, որ ի տարբերություն սպառման համար պատրաստի թուրքական ապրանքների արգելքին, արտադրության համար անհրաժեշտ հումքի վրա արգելքը չի տարածվում։
Ինչպես են աշխատում թուրքական ապրանքներ ներկրող ընկերություններն արգելքի պայմաններում
Հագուստ
Մինչ թուրքական հագուստի որոշ խանութներ ներկրման արգելքի պայմաններում փնտրում են աշխատելու տարբերակներ՝ շարունակելով աշխույժ առևտուրը, որոշ խանութներ ստիպված են լինում փակվել։
De Facto խանութից «Փաստերի ստուգման հարթակին» ասացին, որ մտադիր են խանութը փակել։ «Եղածները սպառում ենք ու փակենք խանութը»,- ասացին խանութ-սրահից։
Իսկ, օրինակ, թուրքական Koton խանութ-սրահի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գեղեցիկ ջինսերի նոր տեսականի ունի։ Խանութը թուրքական ապրանքներ էր ներկրում մինչև արգելքի որոշումը։ FIP.am-ի հետ զրույցում խանութի մենջերը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ նոր գովազդվող ապրանքներն առկա են նախապես պահեստավորման շնորհիվ։
Նա նշեց, որ դեռևս հույս ունեն, որ որոշումը կվերանայվի և թուրքական ապրանքների արգելքը կհանվի։ «Մենք սպասում ենք, որ կբացվի, հույսներս չենք կորցնում»,- ասաց մենեջերը։ Առաջարկվող այլ շուկաներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից, Չինաստանից հագուստ ներկրել դեռևս չեն պատրաստվում։ «Ավել ֆինանս է պահանջում, որը չունենք, ինչ էլ անենք, նոր ներդրում է պետք, իսկ մենք չենք կարող մեզ թույլ տալ»,- նշեց նա։
Waikikiarmenia խանութների ցանցից խոսել հրաժարվեցին, բայց վաճառողուհին հաստատեց, որ խանութը փակելու մտադրություն չունեն, թեև թուրքական ապրանքներ այլևս չեն ներկրում։ «Նոր բրենդներ ենք ստանում»,- ասացին խանութից։ Խանութ այցից և ապրանքների պիտակներից պարզ դարձավ, որ հագուստ ներկրվում է նաև ԵԱՏՄ-ից, Եվրոպայից, Չինաստանից։
Ի դեպ, տեքստիլի ոլորտում աշխատող գործարարների համար որևէ խոչընդոտ չկա, նրանք որպես հումք անարգել կարող են գործվածքեղեն ներկրել։ «Տեքստիլ լենդ» ընկերության տնօրեն Սուրեն Ղևոնդյանը նշեց, որ թեև խոչընդոտ չկա, բայց ներկրված կտորեղենի իրացման մեծ աճ չունեն։ «Նախ գներն են թանկացել, հետո կարանտին է՝ փակ է, դրանով պայմանավորված չենք կարողանում բերել, բայց խոչընդոտ չկա»,- ասաց նա։
Միրգ-բանջարեղեն
Լոլիկ, ցիտրուսային մրգեր ներկրող «Էկո ֆրուտ» ընկերության փոխտնօրեն Գոռ Ավետիսյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հրաժարվել են ներմուծել դեռ կառավարության որոշումից առաջ՝ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո․ սկզբունքի հարց է եղել։
«Մենք սեպտեմբերից Թուրքիայից որևէ ապրանք չենք ներմուծել՝ առանց սպասելու կառավարության արգելքին։ Մինչ այդ միրգ-բանջարեղեն ներմուծել և արտահանել ենք Ռուսաստան։ Այսօր լոլիկ չենք ներմուծում, միայն արևադարձային մրգեր ենք ներմուծում՝ էկվադորից, Եգիպտոսից, Չինաստանից»,- ասաց նա և նշեց, որ շարունակում են աշխատել և կարծում են՝ այլընտրանք միշտ էլ կա։
Ի դեպ, ընկերության փոխտնօրենն ակնարկեց, որ չնայած արգելքին՝ այսօր էլ կան ընկերություններ, որոնք շրջանցում են որոշումը՝ թղթեր կեղծելով և թուրքական ծագման ապրանքներ բերելով։
Շինանյութ
Դռների և պատուհանների վաճառքով զբաղվող «Տրիալ-պլկաստ» ընկերության տնօրեն Աշոտ Գասպարյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ հումքի ներկրման հարցում խոչընդոտ չկա, բայց պատրաստի արտադրանքի համար բավական խնդիրներ ստեղծվել են։
«Թուրքականը եզակի որակի ապրանք է, 30 տարի միայն Թուրքիայից ենք ներկրել, հիմա արգելում են, նաև գնի հարցն է։ Նույն իրենց մատնանշած Ռուսաստանից այդ ապրանքը նախ 2 անգամ թանկ է նստում մեզ վրա, և հետո որակն էլ նույնը չի։ Բազմակի հարցեր կան, մատակարարին փոխելու հարցն էլ կա։ Լավ, չենք բերում Թուրքիայից, հետո ի՞նչ են առաջարկում, ՌԴ-ում մեզ հետ լրիվ այլ կերպ են խոսում, մեր պահանջած ծավալը քիչ է, գնում ենք՝ չեն էլ ուզում ժամանակ ծախսեն մեզ վրա, քանի որ մի սպառող եմ, որից ուզում եմ բանակցել իր մեկ օրվա արտադրած ապրանքի գնի համար։ Ամեն մեկս հատ-հատ գնում ենք, իսկ Թուրքիայի պարագայում մենք բոլորս դիտարկվում էինք որպես մեկ սպառող»,- ասաց նա՝ նշելով, որ կայուն-անորոշ վիճակ է։
Նելլի Լազարյան