ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը մայիսի 13-ին Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում էր արել՝ անդրադառնալով Սյունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չդեմարկացված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին»,- գրել էր Փրայսը՝ հավելելով, որ տեղյակ են, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար:
We are closely following reports of increased tensions along a non-demarcated portion of the Armenia-Azerbaijan border. We understand communication between the parties is ongoing and urge restraint in de-escalating the situation peacefully.
— Ned Price (@StateDeptSpox) May 13, 2021
Այստեղ, սակայն, ուշագրավ է, որ Նեդ Փրայսն իր գրառման մեջ նշում է, թե լարվածությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում է, այնինչ փաստերն ապացուցում են, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ միջազգային ճանաչված սահմաններից ներս և մի քանի կիլոմետր խորացել: Դա է ապացուցում նաև ադրբեջանցիների դիրքերի տեղորոշումը, որը կներկայացնենք ստորև:
Միաժամանակ, հակառակ ծայրահեղության մեջ էլ ընկան որոշ հայկական լրատվամիջոցներ, որոնք հայտարարեցին, որ ադրբեջանական բանակը հասել է Վերիշեն գյուղից 2 կմ հեռավորության վրա: Այդ պնդման սխալ լինելը ապացուցվում է հենց այդ լրատվամիջոցների կադրերով:
Ինչ է տեղի ունեցել
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի կեսօրին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժն առաջ է եկել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում: Պաշտպանության նախարարությունը հաստատեց դա՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ ընթանում են բանակցություններ:
Երեկոյան արդեն հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր՝ փորձ անելով պարփակել լիճը:
Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:
Ադրբեջանական դիրքերի տեղորոշում
Տեղի ունեցածի մասին լուրերի տարածումից հետո մի շարք լրատվամիջոցներ մեկնեցին դեպքի վայր՝ հաջողելով նկարել նաև ադրբեջանական ուժերը, որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։ Լրատվամիջոցներից մեկը Tert.am-ն է: Լրատվականը մայիսի 13-ի առավոտյան «Ադրբեջանցիները Վերիշենից ուղիղ գծով 2 կմ հեռու գտնվող բարձունքի վրա» վերնագրով տեսանյութ էր հրապարակել, որում երևում էին մի բարձունք և չնույնականացված անձինք:
Նշված տեսանյութում երևում է կապի ռադիոաշտարակ, այն Google Earth համակարգում գտնել չհաջողվեց, քանի որ Սյունիքի այդ հատվածում ամենաթարմ արբանյակային լուսանկարները 2018-2019 թթ․ ընթացքում են արվել, իսկ այս աշտարակը, ամենայն հավանականությամբ, տեղադրվել է վերջերս (տեղանքի` միջպետական սահման դառնալուց հետո)։ Սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց տեղորոշել բարձունքը (կոորդինատները՝ 39.59774528094339, 46.2871870835796)։
Պարզվեց, որ կադրն արվել է նույն վայրից, որտեղից և մյուս տեսանյութերը։
Հետագայում Zangezur TV-ի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ այս դիրքերից ադրբեջանցիները նահանջել են, իսկ կադրում բարձունքի վրա արդեն հայկական զորքերն են։
Նշված բարձունքը, սակայն, ի հեճուկս Tert.am-ի հաղորդման, Վերիշեն գյուղից գտնվում է ոչ թե 2, այլ շուրջ 6 կմ հեռավորության վրա:
Մեկ այլ տեսանյութում լրագրողի հետ զրույցում զինվորական հագուստով անձը մատնանշում է ադրբեջանական դիրքերը։
Առաջին դիրքը, որը նա ցույց է տալիս, բլրի գլխին է, որտեղ վրան է խփված, երկրորդը՝ դեպի Սև լիճ տանող լեռնային ճանապարհի վրա։
1-ին օղակով նշված են բլրի վրա, իսկ 2-ով՝ ճանապարհի վրա տեղակայված ադրբեջանական զորքերը։
Տեսանյութի մյուս կադրերում հետնամասում կրկին տեսնում ենք նույն բլրակը, ինչպես նաև հեռվում երևացող ավտոճանապարհը։
Կողմնորոշվելով այդ օբյեկտներով, ինչպես նաև հետևում երևացող լճերով՝ հայտնաբերում ենք բարձունքն ու դրա կոորդինատները:
Մեզ հաջողվեց տեղորոշել, որ ուղիղ գծով ադրբեջանական զինվորների գտնվելու վայրը Սև լճից հեռու է 3 կմ, իսկ ճանապարհով՝ 4.6 կմ։ Վերջինը հենց այն տարածությունն է, որն անցել են ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքով: Քարտեզի վրա օղակներով նշված են ադրբեջանական զինուժի գտնվելու վայրերը։
Փաստացի, ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ սահմանից ներս և խորացել են դեպի թիկունք: Նշված տարածքների հայկական լինելը երևում է ոչ միայն Google-ի քարտեզում, այլև ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզում:
Այսինքն, ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակի հայտարարությունը, թե լարվածությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում է, սխալ է, քանի որ լարվածությունը Հայաստանի տարածքի խոսքում է (ուղիղ գծով` սահմանից առնվազն 1․6 կմ, իսկ ճանապարհով՝ մոտ 4․6 կմ):
Գյուղից 2 կիլոմե՞տր
Tert.am-ը, ինչպես արդեն վերը նշեցինք, մայիսի 13-ին գրել էր, որ ադրբեջանցիները, որոնք մայիսի 12-ի առավոտյան խախտել էին ՀՀ պետական սահմանը և առաջ եկել, այժմ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքին են։ Կայքը հրապարակմանը կցել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էին բարձունք և չնույնականացված անձինք:
Տեղեկությունը արտատպել էին times.am-ը, 7or.am-ը, newspress.am-ը և այլ կայքեր:
Սակայն վերոգրյալ փաստերը վկայում են, որ գյուղից ադրբեջանական զորքերը գտնվում են ոչ թե 2, այլ 6-7 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Վերիշենի գյուղապետը, որը հայտնեց, որ ադրբեջանական բանակը հասել է գյուղից (ուղիղ գծով) 6 կմ հեռավորության վրա:
Փաշինյանի` մինչև 3․5 կիլոմետրը
Մայիսի 12-ի անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը որոշ հատվածներում Հայաստանի տարածք է խորացել մինչև 3․5 կմ խորությամբ:
Ամենայն հավանականությամբ՝ խոսքը գնում է Սև լճերից դեպի հարավ (Իշխանասար լեռից դեպի արևելք) գտնվող 3200 մետր բարձրությամբ գագաթի մասին, որը, ոստ որոշ շրջանառվող լուրերի, ևս զբաղեցվել է ադրբեջանական բանակի կողմից: Այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց փաստահենք տեղեկություններ գտնել այդ մասին:
Այլ արձագանքներ
Նշենք, որ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ևս անհստակ է Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, թե որ պետության տարածքում է տեղի ունենում լարումը:
Փոխարենը, տեղի ունեցածի մասին հստակ արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ֆեյսբուքի էր էջում հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք: Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն»։
Հայկ Հովհաննիսյան