Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ երբեք «ոչ մի թիզ հող» գաղափարի կողմնակից չի եղել:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նա նշել էր, որ իրենք կառուցողական և շատ դինամիկ բանակցություններ էին վարում. «Ոչ ոք չի կարող մեղադրել մեզ նրանում, որ մենք ոչ մի թիզ հող գաղափարի կողմնակից էինք կամ դիտմամբ ձգձգում էինք բանակցային գործընթացը»:
Սերժ Սարգսյանը պնդել է, որ ինքը պատրաստ էր զիջել 7 շրջանները. «Դուք ոչ մի դեպքում չէիք կարող լսել ինձնից խոսքեր այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2000-ականներին ես անգամ խորհրդարանի դահլիճից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի մասին, ոչ էլ պատմության մեջ մնալու մասին: Ես մտածում էի խնդրի լուծման մասին»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե իրականում ինչ վերաբերմունք են ունեցել Սերժ Սարգսյանը և իր ղեկավարած կուսակցությունը «ոչ մի թիզ հող» գաղափարի նկատմամբ հանրային մակարդակում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական ուժերի վերահսկողության տակ էին անցել ոչ միայն ԼՂԻՄ տարածքները, այլև հարակից շրջանները՝ Աղդամի (Ակնա)՝ մասամբ, Ֆիզուլիի (Վարանդա), Ջեբրայիլի (Ջրական), Կուբաթլուի (Սանասար), Զանգելանի (Կովսական), Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ):
Այդ շրջանների ազատագրումը, իսկ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ գրավումը մշտապես մեծ ճնշման պատճառ էր Հայաստանի վրա միջազգային հանրության կողմից:
Հաջորդող տարիներին բանակցությունների գլխավոր առարկան հենց այդ 7 շրջաններն էին և Արցախի կարգավիճակը:
Սերժ Սարգսյանը՝ փոխզիջումային քաղաքականության մասին
Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլի առաջին օրերից Սերժ Սարգսյանը զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում:
1994 թվականին Սերժ Սարգսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի կնքմանը Բիշքեքում:
7 շրջանների և, առհասարակ, բանակցությունների ընթացքում փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին Սարգսյանն ամենաաղմկահարույց հայտարարությունն արել է 2001 թվականին Ազգային ժողովում: Վերջինս այդ ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը և ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել էր, որ ինքը փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսում է 90-ական թվականներից։
Սարգսյանն ընդգծել էր, որ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը. «Ընդհանրապես, ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։
Սարգսյանն ընդգծել էր, որ չի կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ հայերն Աղդամն ազատագրել են. «Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: […] Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Հատկանշական է, սակայն, որ թե՛ այս հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո 7 շրջանների անունները փոխվում էին՝ հայաֆիկացվում: Իրականացվում էր տարածքների վերաբնակեցում հատկապես Շահումյանի շրջանում (Քարվաճառ, ադր. անունը՝ Քելբաջար) և Քաշաթաղում (Լաչինի շրջան): Այդ շրջաններում ապրողները ստանում էին հարկային և վարկային արտոնություններ: Արդյունքում, 2005 թվականին Շահումյանի շրջանում ապրում էր 2553 մարդ, իսկ 2015 թվականին՝ 3004: Քաշաթաղի շրջանում 2005 թվականին ապրում էր 9397 մարդ, իսկ 2015 թվականին՝ 10613: Մամուլում և գրականությունում 7 շրջանների մասին խոսելիս սկսեց կիրառվել ոչ թե գրավված, այլ ազատագրված եզրույթը:
Արդեն նախագահ դառնալուց հետո ևս Սերժ Սարգսյանը հրապարակային մի քանի հայտարարություն արեց 7 շրջանները վերադարձնելու մասին: Այսպես, Սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հարցում Հայաստանի համար ընդունելի զիջումների մասին հարցին, նշել էր. «… երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։
2011 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկում էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ մի փաստաթուղթ, որն ընդունվել էր Հայաստանի կողմից, բայց մերժվել՝ Ադրբեջանի: Դրանով Հայաստանը փաստացի համաձայնվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնմանը հարևան երկրին, իսկ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում ստանում էր ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ:
2016 թ. ապրիլի 24-ին Բլումբերգին տված հարցազրույցում Սարգսյանը խոստովանել էր, որ Կազանի փաստաթղթի քննարկման ժամանակ ինքը կողմ է եղել հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:
Մեծ աղմուկ էր հանել 2016 թվականին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցը, որտեղ Սարգսյանն ընդունել էր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին Ադրբեջանին զիջել յոթ շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեկնաբանել էր Սարգսյանի խոսքերը՝ նշելով, որ «Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»:
Հատկանշական է, որ 2008 թվականից նախագահի պաշտոնը ստանձնած Սարգսյանը ներքին լսարանին ուղղված որևէ ելույթում չի խոսել տարածքները հանձնելու մասին:
ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչների հռետորաբանությունը հեղափոխությունից հետո
2018 թվականի հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը գրեթե դադարեց ելույթներ և հարցազրույցներ տալ: Նրա փոխարեն քաղաքական դաշտում ակտիվ էին ՀՀԿ անդամները, որոնք սկսեցին մեղադրել վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում զիջումների գնալու մեջ:
Հետաքրքրական է, որ ՀՀԿ երկու կարկառուն ներկայացուցիչները՝ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, մինչև 2018 թվականը նույնպես ակնարկում էին զիջումների գնալու անհրաժեշտության մասին:
Այսպես, 2010 թվականին, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Վաթանին», ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ միակողմանի զիջումներ չեն կարող լինել, կա երեք սկզբունք, որոնց հարցում Հայաստանը զիջում չի անելու: «…Լեռնային Ղարաբաղը` արդեն որպես բանակցությունների կողմ, իր Սահմանադրության համաձայն, իր վերահսկողության տակ գտնվող տարածքները կարող է փոխզիջել, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա անկախ կարգավիճակ. դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշելիքն է, և նախագահը շատ հստակ ասել է նաև՝ որ դեպքում մենք կարող ենք ունենալ փոխզիջում»:
«Իսկ ինչ է, ո՞վ է պատկերացնում, որ առանց փոխզիջումների կարող է լինել խնդրի լուծում»,- վերջում հավելել էր Էդուարդ Շարմազանովը:
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀԿ ներկայացուցիչները սկզբում հայտարարում էին, որ այլևս փոխզիջումների գնալ հնարավոր չէ: «… Փոխզիջում բառն առաջիկայում դուրս է գալիս շրջանառությունից»,- հայտարարում էր Աշոտյանը:
Ամիսներ անց, սակայն, նույն Աշոտյանն արդեն նշում էր, որ հայկական կողմերը պատրաստ են բանական զիջումների. «Ես իրավասու չեմ ու ճիշտ չեմ համարում հիմա անդրադառնալ, թե ինչն ինչի դիմաց կարելի է փոխզիջել, բայց ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը, որպես այդպիսին, որ մեկնարկել է, և՛ 90-ականների, և՛ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում բանական զիջումների է գնում»:
Մեկ տարի անց արդեն Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ առանց փոխզիջումների ԼՂ հակամարտությունն անհնար է լուծել: «Արցախի հարցում փոխզիջումներ պե՞տք են, իհարկե»,- նշել էր ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու, բայց առանց փոխզիջումներ խնդիրն անհնար է լուծել։
2018 թվականի հեղափոխության ընթացքում և դրանից հետո ՀՀԿ-ականների՝ ընդդեմ ընդդիմության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավոր փաստարկն այն էր, որ վերջինս Արցախյան հարցի բանակցությունների համար «կոմպետենտ» բանակցող չէ: Սոցցանցերում ակտիվորեն տարածվում էր 2001 թվականին 7 շրջանների մասին Փաշինյանի գրած հոդվածը: Հոդվածում նա նշել էր, որ չի ընդունում «այն տեսակետը, որ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին»:
ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը, 2018 թ. մայիսի 1-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում և բարձրաձայն կարդալով այդ հոդվածը, ակնարկեց, որ Փաշինյանի վարչապետ դառնալու դեպքում այդ տարածքները հանձնվելու են:
Արդեն վարչապետ դառնալուց հետո ՀՀԿ-ականները մեղադրում էին Փաշինյանի «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքի կողմնակից լինելու մեջ:
2019 թվականին Շարմազանովն ասուլիսի ժամանակի հայտարարել էր, որ 1998 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության. «Դուք կարող եք ասել՝ ինչո՞ւ ձեր ժամանակ փոխզիջումների կողմ չեք եղել; Իհարկե, կողմ ենք եղել: Բայց մենք նախևառաջ ասել ենք, որ փոխզիջումը պետք է լինի հստակ, որ մենք դեմ ենք «խաղաղություն տարածքների դիմաց» կամ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին»:
2019 թվականի նոյեմբերին Արմեն Աշոտյանը «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում հերքել էր, որ Սերժ Սարգսյանը 7 շրջանները հանձնելու մասին ուղիղ հայտարարություն է արել: «Սերժ Սարգսյանը չի ասել, որ պատրաստ է եղել, ասել է՝ «они думали, что мы готовы» [․․․] «они думали, что мы готовы», մի հատ լսեք, լրիվ ուրիշ իմաստային բան ա ասել»,- պնդել էր Աշոտյանը՝ նախատելով լրագրողին թեմային լավ չտիրապետելու համար։ Մինչդեռ Սարգսյանը, ինչպես արդեն վերևում նշեցինք, հստակ ասել էր, որ պատրաստ է եղել զիջել այդ տարածքները։
2020 թվականի մարտին Շարմազանովը նշում էր, որ իրենց իշխանությունը հասել էր նրան, որ բանակցություններում ինքնորոշման իրավունքի սկզբունքը դարձել էր գերակա, բոլոր կողմերը, այդ թվում՝ համանախագահները, ընդունում էին, որ Արցախի ժողովուրդը պետք է հանրաքվեով որոշի իր ճակատագիրը. «Մենք դրան հասել ենք և երբեք կողմ չենք արտահայտվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» թեզերին, այն, ինչն այսօր փորձում է անել Փաշինյանը»:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը մինչև նախագահ դառնալը հրապարակայնորեն խոսել է փոխզիջումների միջոցով ԼՂ հակամարտությունը լուծելու մասին, սակայն նախագահ դառնալուց հետո նա այդ մասին խոսել է բացառապես արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Այդ ելույթները երբևէ ուղղված չեն եղել ներքին լսարանին: Հատկանշական է նաև, որ չնայած Սարգսյանը հրապարակայնորեն ընդունում էր, որ բանակցվում են 7 շրջաններից հայկական ուժերի հեռանալու մասին փաստաթղթեր, Քարվաճառում և Քաշաթաղում շարունակվում էին վերաբնակեցման ծրագրերը: Ինչ վերաբերում է ՀՀԿ այլ անդամներին, ապա նրանց հռետորաբանությունը ևս փոփոխության էր ենթարկվել հեղափոխությունից հետո։
Լուսինե Ոսկանյան