Հայաստանի կառավարությունը որոշել է հետզհետե սահմանափակել եկամտահարկի վերադարձի մեխանիզմով Երևանում բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։ Կառավարությունն այս որոշումը հիմնավորել է բյուջեից հետզհետե ավելի մեծ ծավալով եկամտահարկ քաղաքացիներին վերադարձնելու և Երևանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում բազմաբնակարան նորակառույց շենքերի ծանրաբեռնվածության հանգամանքներով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես մեկնարկեց, ընդլայնվեց ու փակման եզրին հասավ եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման գործընթացը։
Ինչպես ներդրվեց ծրագիրը
Կառուցապատողից ձեռք բերված բնակարանի դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարն աշխատող քաղաքացու վճարած եկամտահարկի չափով հետ վերադարձնելու օրենքն ուժի մեջ մտավ 2015-ի հունվարին, իսկ կարգը վերջնականացվեց փետրվարին։
Ըստ ընթացակարգի՝ նորակառույց շենքից հիփոթեքով բնակարան ձեռք բերած քաղաքացին եռամսյակը մեկ իր կողմից վճարած վարկային տոկոսների ու ունեցած եկամտահարկի մասին տեղեկությունը դիմումի տեսքով ներկայացնում է հարկային մարմին, որից հետո եռամսյակի ընթացքում կուտակված եկամտահարկը հետ է վերադարձվում գնորդին։
Այս նախաձեռնությունը կառավարությանն էր, որի ղեկավարն այն ժամանակ Հովիկ Աբրահամյանն էր։ Այս օրենքի կիրառմամբ կառավարությունն ակնկալում էր վերակենդանացնել 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո անկման մեջ գտնվող կապիտալ շինարարությունը։
Առաջ անցնելով նշենք, որ ծրագիրը հետզհետե աճեց ու դարձավ շինարարության ոլորտի շոգեքարշը։ Բացի այդ, կառավարությունն իր առաջ նաև սոցիալական նպատակ էր դրել՝ որոշ չափով լուծել քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը, ու այդ սոցիալական բաղադրիչի համար 2018 թվականին սահմանափակումներ մտցվեցին օրենքում։ Օրինակ՝ եթե գույքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը, ապա եկամտահարկը չի վերադարձվում։ Մեկ այլ սահմանափակմամբ՝ քաղաքացին ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Ինչ փոփոխություններ են նախատեսվում
2021 թ. օգոստոսի 12-ին կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանի գնման մեխանիզմը մաս-մաս սահմանափակվում է ու 2025 թվականին առհասարակ վերանում։ Ըստ նախագծի՝ Երևանի Փոքր կենտրոնից գնված բնակարանի համար եկամտահարկի վերադարձի կարգավորումն այլևս չի աշխատի 2022 թ. հուլիսից, Կենտրոնի ու Արաբկիրի մնացած հատվածների համար՝ 2023 թ. հունվարի 1-ից, նույն տարվա հուլիսից՝ Քանաքեռ-Զեյթունի ու Էրեբունու համար, իսկ 2025 թ. հունվարի 1-ից ծրագիրը «կփակվի» ամբողջ Երևանում։ Օրենքի նախագծի հիմնավորումներում նշվում է՝ «եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա»։ Կառավարությունը ծրագիրը հետզհետե փակելու իր որոշումը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ շինարարությունն արտահանելի ճյուղ չէ, հետևաբար քաղաքացիներին վերադարձվող գումարներն ավելի ճիշտ կլինի օգտագործել ավելի հեռանկարային տնտեսական ճյուղերի վրա, նաև այդ գումարներն օգտագործել հանրային ծառայությունների մատուցման կատարելագործման վրա։ Երրորդ նպատակը՝ ծրագրի դադարեցմամբ շինարարությունը Երևանից մարզեր տեղափոխելն ու համաչափ տարածքային զարգացում ապահովելն է։
Ինչ են խոսում թվերը
«Փաստերի ստուգման հարթակը» ՊԵԿ-ից ստացել ու համադրել է պետության կողմից փոխհատուցված եկամտահարկի ու կառուցապատողների կողմից բյուջե մուտքագրված միջոցների ծավալները, որից ակնհայտ է դառնում, որ պետությունն այս օրենքի կիրառմամբ կառուցապատում իրականացնող ընկերություններից շատ ավելի մեծ մուտքեր է ստանում, քան վերադարձնում է գնորդներին։ Մինչ այդ, նշենք, որ ՊԵԿ-ի կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ 2015-2020 թվականներին ծրագրից շահառուների թիվը 560-ից հասել է ավելի քան 12,000-ի։ Ըստ տարիների՝ շահառուների թիվն այսպիսի կառուցվածք ունի.
Իսկ ըստ տարիների պետության կողմից վերադարձված եկամտահարկի գումարները հետևյալ տեսքն ունեն.
FIP.am-ը Պետեկամուտների կոմիտեից ստացել է նաև տվյալներ, թե որքան են կազմել որպես կառուցապատող հարկային մարմնում գրանցված տնտեսվարողների մուտքերը բյուջե։ Ըստ դրանց՝
Այս երկու տվյալների համադրմամբ պարզ է դառնում, որ 2015-2020 թվականներին եկամտահարկի վերադարձի ծավալներն ընդհանուր վերցրած կազմել են մոտ 30 միլիարդ դրամ։ Մինչդեռ կառուցապատողների կողմից վճարված մուտքերը՝ հարկային ու մաքսային, հասնում են մոտ 82 միլիարդ դրամի։ Իսկ միայն այս տարվա առաջին կիսամյակում կառուցապատողների կողմից արդեն եղել են մոտ 11 միլիարդ դրամի մուտքեր։ Այս տվյալներում ներառված չեն հետշինարարական փուլում անհրաժեշտ վերանորոգող ընկերությունների, կահույքագործական ընկերությունների, շինանյութի վաճառքով զբաղվող ընկերությունների վճարած հարկերը։
2020 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում կառուցապատող ընկերությունները մեծ ներկայություն ունեն։ «Փաստերի ստուգման հարթակը» 1000 խոշորների ցանկից առանձնացրել է 18 խոշոր կառուցապատողի, որոնց ընդհանուր վճարած հարկերը հասնում են մոտ 9 միլիարդի։ Այս ցանկում իր վճարած հարկերով ամենախոշոր կառուցապատող ընկերությունն «Էկոշին գրուպ» ընկերությունն է՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, ապա՝ «ԿաԷռ քնսթրաքշն» ընկերությունը՝ 1 միլիարդ դրամ, ապա՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն՝ 938 միլիոն դրամ, և «Ռենշինը»՝ 922 միլիոն դրամ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը FIP.am-ի հետ զրույցում, բացատրելով եկամտահարկի վերադարձի մեխանիզմը վերացնելու նպատակահարմարություն, նշում է, որ տարածքային համաչափ զարգացման նպատակի համար որոշումը լավն է։
«Մենք կօգնենք կառուցապատողներին իրենց ակտիվության մի մասն ուղղել Երևանից դուրս, այնպես չէ, որ Երևանից դուրս շուկա չկա»,- վստահեցնում է նախարարը։
Քերոբյանի խոսքով՝ կառուցապատողներին կառավարությունը բավարար ժամանակ է տվել իրենց պլանները նախագծելու համար. «Քաղաքաշինության ոլորտում էական փոփոխություններ են լինելու, նոր գործիքներ են տրամադրվելու կառուցապատողներին, որը թույլ կտա ավելի մեծ ներդրումների ծավալ ակնկալել»։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, «Արտքոմփանի» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը, մինչդեռ, պնդում է՝ բնակարանաշինության տեմպերն այս ծրագրի շնորհիվ շեշտակի աճել են, այն իր հետ բերել է շինարարության հետ կապակցված այլ որոտների աճ։ «Ճիշտ է՝ բյուջեից մեծ ելքեր են լինում եկամտահարկի վերադարձի տեսքով, բայց քաղաքաշինության օղակի բոլոր սուբյեկտների կողմից ավելի մեծ մուտքեր են լինում»,- նշում է նա։
Պետրոսյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում եկամտահարկի վերադարձի ծրագիրը վերացնել մայրաքաղաքում, եթե Երևանի տարբեր գոտիներում հնարավոր է կառուցապատում իրականացնել ու Կենտրոնից, Արաբկիրից շինարարությունը տեղափոխել այլ վայրեր։
«Եթե իրենց նպատակը ապակենտրոնացումն է, կհանեին ծրագրից Կենտրոնը, Արաբկիրը, բայց Երևանի արվարձանները կթողնեին, և ծրագիրը կգործեր Երևանի 10-րդ, 11-րդ, 12-րդ գոտում, օրինակ՝ Գառնիի ճանապարհին կամ 3-րդ գյուղում, 4-րդ գյուղում, Մալաթիա-Սեբաստիայի հեռու տարածքներում, Նոր-Նորքի 9-րդ զանգվածում»,- նշում է նա։
Կառուցապատող ընկերության ներկայացուցչի հաշվարկներով՝ եկամտահարկի վերադարձի օրենքով բյուջեից «դուրս եկած» ամեն 1 միլիարդ դրամի փոխարեն բյուջե մուտք է լինում 1 միլիարդ 300 միլիոն դրամից ավել գումար։ Վահե Պետրոսյանը կանխատեսում է՝ եթե օրենքն ուժի մեջ մտնի, շինարարության ծավալը 80 տոկոսով կնվազի։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» կառավարությանն առաջարկել է բնակարանաշինությունը խթանող մեկ այլ ծրագիր գործի դնել՝ մինչ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունը. մասնավորապես, կառավարությանը՝ որպես համարժեք ծրագիր, առաջարկվել է քննարկել վարկային տոկոսները նվազեցնելու հարցը ու գործի դնել այնպիսի մեխանիզմներ, որ տոկոսը չգերազանցի 4-ը։ Ասոցիացիան ներկայում քննարկումների մեջ է կառավարության ու խորհրդարանի հետ։ Պետրոսյանի խոսքով՝ օրենքի վերջնական տարբերակը դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի։
Մկրտիչ Կարապետյան