Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 23-ին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկմանը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը հայտարարել է, որ պատվաստումը վտանգավոր է հղիների համար:
Հիշեցնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքը, որ վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութը չի ազդում, Գրիգորյանն ընդգծեց, որ նման հայտարարություն չի կարելի անել պատվաստանյութի՝ ընդամենը մեկ տարվա կիրառման դեպքում։ Նա նաև հավելեց, որ այս պատվաստանյութերի մեծ մասը ստեղծվել է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներով ու դրանք դասական պատվաստանյութերի հետ ընդհանրապես համեմատելի չեն։
«Ընդամենը մեկ-երկու օր առաջ բրիտանական պառլամենտում հայտարարվում էր, որ պատվաստումների արդյունքում եղել են մահվան դեպքեր ու այլ բարդություններ, ու բարդությունների թվում նշվում է 35 հազար դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարմամբ, այդ թվում՝ վիժումներ, սա փաստեր են»,- հայտարարել է Սամվել Գրիգորյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե արդյո՞ք Սամվել Գրիգորյանի պնդումները համապատասխանում են իրականությանը:
Պատվաստանյութերի ազդեցությունը հղիների վրա
Ինչ վերաբերում է գենային ինժեներիայի տեխնոլոգիաներով պատվաստանյութ ստեղծելուն, ապա Գրիգորյանը մանիպուլացնում է, քանի որ այդ տեխնոլոգիայով ստեղծվել են միայն «Մոդերնա» (Moderna) և «Փֆայզեր» (Pfizer/BioNTech) պատվաստանյութերը, որոնք Հայաստանում առկա չեն այս պահին:
Երկուսի դեպքում էլ մշակվել են դեղաչափեր, որոնք օգտագործվում են SARS-CoV-2 գենետիկական կոդի մի կտոր՝ կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19, իմունային պատասխան հրահրելու համար: Սակայն դրանք չեն կարող ազդել մարդու ԴՆԹ-ի վրա, քանի որ չեն մտնում բջջի միջուկի մեջ:
Ինչ վերաբերում է հղիների վրա ազդեցության և Մեծ Բրիտանիայում գրանցված դեպքերին, ապա Գրիգորյանը կրկին սխալվում է:
Դեռևս ապրիլին ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հղիներին խորհուրդ էր տվել պատվաստվել, քանի որ հետազոտությունը ցույց էր տվել, որ 90 հազար հղի կին պատվաստվել է և որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել:
Ամռանը Մեծ Բրիտանիայում քննարկվում էր ճիշտ հակառակ գործընթացը, այն է՝ հղիներին ներառելու պատվաստանյութ ստացողների առաջնային խմբերում՝ համարելով նրանց ռիսկային խումբ: Հուլիսին երկրի առողջապահության նախարարությունը կոչ էր արել հղիներին պատվաստվել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի դելտա շտամը ավելի ծանր ընթացք է ունենում և բացասական հետևանքներ կարող է ունենալ հղիների համար:
Ըստ Միացյալ Թագավորության պատվաստումների և իմունականխարգելման համատեղ հանձնաժողովի՝ հղի կանայք, որոնք սիմպտոմատիկ COVID-19 են տարել, 2-3 անգամ ավելի հակված են վաղաժամ ծննդաբերության: Մեկ այլ հետազոտության համաձայն, որը տպագրվել է Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների ամսագրում, կորոնավիրուսով վարակված կանայք 2 անգամ ավելի շատ են հակված մահացած երեխա ունենալուն:
Ներկայում Միացյալ Թագավորության խորհրդարանում միջնորդություն է քննարկվում, որը կոչ է անում կառավարությանը հղիներին և նրանց զուգընկերներին ընդգրկել պատվաստանյութեր ստացողների առաջնահերթ խմբում: Միջնորդության բացատրության մեջ նշվում է, որ հղիները ստիպված են կանոնավոր այցելություններ կատարել բարձր ռիսկային գոտիներ համարվող հիվանդանոցներ, որտեղ վարակման հավանականությունը շատ բարձր է, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հղիների համար ծննդաբերությունից առաջ:
Հայաստանում առկա պատվաստանյութերը և հղիությունը
Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և չինական «Սինոֆարմ»: Չինական մեկ այլ պատվաստանյութի՝ «Կորոնավակի» խմբաքանակն ավարտվել է:
«Սպուտնիկ Վին» հղիության ժամանակ կարելի է կիրառել, միայն եթե մոր համար ակնկալվող օգտակարությունը գերազանցում է պտղի համար ռիսկը: Կրծքով կերակրման ժամանակ պատվաստումը հակացուցված է, քանի որ դրա ազդեցության մասին հետազոտությունները բացակայում են:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց «Աստրազենեկայով» պատվաստվել միայն այն դեպքում, երբ դրա օգտակարությունը գերազանցում է պոտենցիալ վտանգը:
Ինչ վերաբերում է «Սինոֆարմին», ապա ԱՀԿ-ն շեշտում է, որ այս պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիան օգտագործվել է այլ հիվանդությունների դեմ և որևէ վնասակար հատկություն չի ունեցել հղիների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հետազոտությունների բացակայությունը, ԱՀԿ-ն կրկին խորհուրդ է տալիս հղիներին պատվաստվել միայն այն դեպքում, երբ դրա օգտակարությունը գերազանցում է պոտենցիալ վտանգը:
Հատկանշական է, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից աշխատողներին ներկայացվող պահանջները՝ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու, չեն վերաբերում հղիներին: Ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն բոլոր աշխատակիցները, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների:
Այսինքն՝ Հայաստանում հղիների նկատմամբ որևէ պարտադրանք չկա պատվաստվելու վերաբերյալ:
Այսպիսով, հղիների վրա պատվաստանյութերի ազդեցության մասին Սամվել Գրիգորյանի պնդումներն անհիմն են և մանիպուլյատիվ:
Բնական պաշտպանվածությունը և պատվաստանյութերը
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե ինչու՞ պետք է պատվաստվեն այն մարդիկ, որոնք արդեն իսկ վարակվել են կորոնավիրուսով:
«Բազմաթիվ հետազոտություններ կան, որ փաստում են […]՝ բնական իմունիտետը ավելի կայուն է, քան պատվաստման ժամանակ ձեռք բերված իմունային պաշտպանվածությունը»,- նշեց նա։
Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց հարցին ժամանակի սղության պատճառով: Դրանից հետո Գրիգորյանը նշեց, որ BBC-ն հրապարակել է երկու ամերիկյան հետազոտություններ՝ Վաշինգտոնի և Ռոքֆելերի համալսարանների, ըստ որոնց՝ հիվանդացած մարդկանց մոտ իմունիտետը լինում է տևական կայուն արդյունավետ ու կարող է անգամ լինել ցմահ։
ԱՀԿ-ն, սակայն, հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե որքան է գործում հիվանդությունից հետո ձևավորված բնական պաշտպանությունը:
«Անգամ եթե դուք վարակվել եք կորոնավիրուսով, դուք պետք է պատվաստվեք: COVID-19-ից ստացված պաշտպանությունը կրում է խիստ անհատակական բնույթ, և հայտնի չէ, թե որքան կգործի»,- նշում է կազմակերպությունը:
ԱՀԿ-ն բացատրում է, որ թեև կորոնավիրուսով հիվանդանալուց հետո մարդու օրգանիզմում հակամարմիններ են ձևավորվում, դրանց արդյունավետությունը կարող է տարբերվել դեպքից դեպք և կախված է նրանից, թե հիվանդությունը ծանր, թե թեթև ընթացք է ունեցել: Եթե հիվանդությունը թեթև կամ առանց ախտանիշների է ընթացել, հակամարմինները շատ քիչ են ձևավորվում և չեն պաշտպանում հետագա վարակումից: Այդ է պատճառը, որ անգամ հիվանդանալուց հետո անհրաժեշտ է պատվաստվել, քանի որ պատվաստումը բարձրացնում է իմունային համակարգը:
Ի հակադրություն բնական իմունիտետի, պատվաստանյութը ավելի կայուն արդյունք է ունենում, քանի որ ունի հստակ չափաբաժին, որը ներարկվում է մարդուն: Հետևաբար, պատվաստվելուց հետո հստակ է, որ այն պաշտպանելու է մարդուն վարակվելուց և հիվանդության ծանր ընթացքից: Հատկանշական է նաև, որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վարակումը և հետագայում պատվաստվելը կարող է շատ ավելի ուժեղ պաշտպանություն ստեղծել անգամ կորոնավիրուսի նոր շտամերի դեմ: Սակայն այս ուսումնասիրությունը դեռևս պետք է հաստատվի այլ հետազոտողների կողմից:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի և Ռոքֆելերի համալսարանների հետազոտություններին, ապա նման բովանդակությամբ հոդված չկարողացանք գտնել ոչ BBC-ում, ոչ էլ որևէ այլ հարթակում:
Ավելին՝ Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը պարզել է, որ «Փֆայզեր» պատվաստանյութն ունի երկարատև ազդեցություն ընդդեմ կորոնավիրուսի: Նույն համալսարանի մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո հակամարմիններն ամիսներ անց դեռ պահպանվում են: Հատկանշական է, որ հետազոտության հեղինակները շեշտել էին, որ բնական իմունիտետը երբեք չի կարող փոխարինել պատվաստանյութին՝ հատկապես, երբ կորոնավիրուսի նոր տեսակներ են տարածվում:
Ռոքֆելերի համալսարանի գիտական թիմը պարզել էր, որ պատվաստանյութը բարձրացնում է կորոնավիրուսով վարակված մարդկանց բնական իմունիտետը այնպես, որ նրանք կարող են պաշտպանված լինել անգամ այլ շտամերից:
Նշենք, որ Նոր տեսակի կորոնավիրուսը նոր հիվանդություն է և դրա ուսումնասիրությունը դեռևս լիարժեք չի կարելի համարել:
Մահվան դեպքերը պատվաստվելուց հետո
Նույն քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ պատվաստումը չի բացառում վարակման ռիսկը:
Ըստ նրա՝ որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան. «COVID-19-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Ցավոք սրտի, վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»:
Այս փաստի վերաբերյալ կան տարբեր ուսումնասիրություններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ վարակվելու հավանականությունը պատվաստվածների համար մեծ չէ, սակայն կարող է լինել այն մարդկանց մոտ, որոնք գտնվում են ռիսկի խմբում և ունեն ցածր իմունային համակարգ:
Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որից ընդամենը 640-ն է (1.2%) ամբողջովին պատվաստված եղել:
Կենտրոնը նշում է, որ այդ մահերից որոշները սպասելի էին, քանի որ պատվաստանյութերը 100 տոկոսով արդյունավետ չեն, և երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո առնվազն երկու շաբաթ է անհրաժեշտ ամբողջական պաշտպանություն ձևավորելու համար: Հատկանշական է, որ մահացածների ընդհանուր թվից 256-ը ռիսկային գոտում գտնվող մարդիկ էին, որոնք ունեին թուլացած իմունային համակարգ, և նրանց միջին տարիքը 84 էր:
Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ չպատվաստվածների դեպքում հիվանդանոց տեղափոխվելու ռիսկը շատ ավելի բարձր է, քան պատվաստվածների մոտ:
ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ուսումնասիրությունների համաձայն՝ չպատվաստված անձինք 11 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից: Հունիս-հուլիս ամիսներին պատվաստված անձինք կազմել են կորոնավիրուսից մահացածների 16 տոկոսը: Կազմակերպությունը սա կապել էր նաև դելտա շտամի ակտիվացման հետ:
Այսպիսով, տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները տարբեր ցուցանիշներ են ներկայացնում պատվաստումից հետո կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ:
Դիմակի կրումը պատվաստվելուց հետո
Քննարկման ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախարարը կրում դիմակ, եթե արդեն պատվաստվել է:
Նախարարը նշեց, որ անգամ այն երկրներում, որտեղ պատվաստման շատ բարձր մակարդակ կա, դեռ դիմակ կրում են: Բացի այդ, կորոնավիրուսի դելտա շտամը վարակման փոխանցման ավելի բարձր մակարդակ ունի:
Նշենք, որ ԱՀԿ-ի ցուցումներում նշվում է, որ անկախ պատվաստման մակարդակից, պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները:
Պատվաստումը պաշտպանում է մարդուն հիվանդանալուց և մահանալուց: Պատվաստվելուց հետո առաջին 14 օրվա ընթացքում պաշտպանությունը լիովին չի ձևավորվում:
«Թեև COVID-19-ի պատվաստանյութը պաշտպանում է մահվանից և հիվանդությունից, պատվաստվելուց հետո հիվանդացության և փոխանցման հավանականությունը դեռևս ուսումնասիրության փուլում է: Ներկայումս կիրառվող պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և հիվանդանոց տեղափոխվելուց: Այնուհանդերձ, ոչ մի պատվաստանյութ 100 տոկոս արդյունավետություն չունի, ու թեև պատվաստումից հետո վարակման դեպքերը հազվադեպ են, սակայն հնարավոր են»,- նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում:
Կազմակերպությունը հավելում է, որ դեռևս ուսումնասիրվում է կորոնավիրուսի տարբերակների դեմ առկա պատվաստանյութերի արդյունավետությունը: Այդ է պատճառը, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է՝ պահպանել 1 մետր հեռավորություն և բազմամարդ ու փակ տարածքներում կրել դիմակ:
Բազմաթիվ երկրներում դիմակի կրումը շարունակում է պարտադիր մնալ: Նիդերլանդներում դիմակը պարտադիր է հանրային տրանսպորտում և դպրոցներում: Ինչ վերաբերում է փակ տարածքներին, այնտեղ գործող կազմակերպություններն են որոշում, թե արդյո՞ք դիմակը պարտադիր է:
Չինաստանում դիմակի կրումը պարտադիր է ոչ միայն փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, այլև մարդաշատ վայրերում: Կանոնը պարտադիր է անգամ պատվաստված քաղաքացիների համար:
Լուսինե Ոսկանյան